• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի պետական բժշկական համալսարանը մեծապես կարևորում է կրթական ցանցի ընդլայնման հեռանկարը՝ ձևավորելով միջմշակութային հաղորդակցության շրջանակներ: Հիմնադրումից ի վեր համալսարանը Հայաստանի միակ պետական բժշկական բուհն է:

Բուհի միջազգային կապերի համառոտ նկարագիրն այսպիսին է.

  • Ներկայումս համալսարանում ուսանում են արտերկրից ժամանած ավելի քան 1000 ուսանող, օրդինատոր և ասպիրանտ:
  • Համալսարանը համագործակցում է արտերկրյա գործընկերների և բուհի աշխարհասփյուռ շրջանավարտների հետ՝ իրականացնելով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ` առավել արդիական և բովանդակալից դարձնելով ուսումնական նյութերը, իրազեկելով միջազգային կարևորություն ունեցող բժշկական և առողջապահական խնդիրների մասին վեհաժողովների, սեմինարների և վարպետաց դասերի միջոցով:
  • Բուհական և հետդիպլոմային ուսումնական ծրագրերի շնորհիվ մենք կրթում և պատրաստում ենք որակյալ բժիշկներ, առողջապահության մասնագետներ ԱՊՀ, միջինասիական, եվրոպական և բազում այլ երկրների համար:
  • Այսօր մեր շրջանավարտները հաջողությամբ մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի լավագույն կլինիկաներում և հիվանդանոցներում՝ միաժամանակ հանդես գալով որպես առաջատար տեսաբաններ տարբեր կրթօջախներում և համալսարաններում:

ԵՊԲՀ-ն աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԵՊԲՀ-ն ճանաչում է որպես ՀՀ միակ պետական բժշկական բուհը, որը ներառված է «Բժշկական բուհերի համաշխարհային հաշվեցուցակում» (World Directory of Medical Schools): ԵՊԲՀ-ն ճանաչված է տարբեր երկրների բժշկական խորդուրդների կողմից:

ԵՊԲՀ-ն համագործակցության սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների բժշկա­կան համալսարանների, առողջապահական և միջազգային կազմակերպու­թյուն­ների հետ՝ բարձրագույն բժշկական կրթության և առողջապահության բնագավառներում: Սկսած 2000թ.-ից ԵՊԲՀ-ն անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների։

Դրանցից են`

  • ՍԳրուպ եվրոպական համալսարանների ցանց,
  • Համալսարանների միջազգային ասոցիացիան,
  • Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիան` որպես Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի անդամ,
  • Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցացիան,
  • Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան,
  • Դեղագետ ուսանողների միջազգային ֆեդերացիան,
  • Եվրոպայի բժիշկ ուսանողների ասոցիացիան,
  • Համաշխարհային համալսարանների հեռահար ուսուցման ասոցիացիան,
  • Ատամնաբույժ ուսանողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան։

ԵՊԲՀ-ն ընդգրկված է նաև միջազգային գիտակրթական տարբեր, այդ թվում՝ Tacis Tempus և Համաշխարհային Բանկի ծրագրերում:


Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցության արդյունքում ուսանողների և աշխատակիցների համար հաստատվել են փոխանակային բազմաթիվ ծրագրեր: Մեծաթիվ ուսա­նողներ կարճաժամկետ պրակտիկա են անցնում արտասահմանյան հիվանդանոցներում, ինչը, ներկայիս համընդհանրացման դարաշրջանում, անկասկած, նպաստում է առաջատար մասնագետներ կրթելուն:

ԵՊԲՀ ղեկավարությունը, խիստ կարևորելով միջազգային համագոր­ծակ­ցու­թյան անհրաժեշտությունը և ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը, կնքել և վերակնքել է համագործակցության տարբեր համաձայնագրեր ԱՊՀ-ի, Եվրոպայի, Միջին Ասիայի և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանների հետ:

Դրանք են`

  • Պոտսդամի Էռնստ ֆոն Բերգման կլինիկա, Գերմանիա
  • Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
  • Հռոմի Սուրբ Սիրտ բժշկական համալսարան
  • Թեսալոնիկեի Արիստոտելի համալսարան, Հունաստան
  • Մյունսթերի համալսարան, Գերմանիա
  • Յոնշոփինգի համայնական խորհուրդ, Շվեդիա
  • Դեյվիդ Գեֆենի անվան բժշկության դպրոց Կոլումբիայի համալսարանում, Լոս Անջելես, ԱՄՆ,
  • Դյուսելդորֆի համալսարանական կլինիկա, Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարան,
  • Ռենե Դեկարտի անվան համալսարան, Փարիզ 5, Ֆրանսիա,
  • Բրյուսելի բաց համալսարան, Բելգիա,
  • Բեռլինի Շարիտե բժշկական համալսարան, Գերմանիա,
  • Բոսթոնի բժշկության դպրոց, ԱՄՆ,
  • Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան,
  • Կոլումբիայի համալսարան, Բժիշկների և վիրաբույժների դպրոց, ԱՄՆ,
  • Ջորջիայի նյարդավիրաբուժական քոլեջ, Մերսեր համալսարանի բժշկության դպրոց, ԱՄՆ,
  • Բաց բժշկական ինստիտուտ (ամերիկյան-ավստրիական ծրագիր),
  • Համատեղ ծրագրերի իրականացում Լյուբեկի համալսարանի /Բորստելի գիտահետազոտական կենտրոնի (Գերմանիա), Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հետ,
  • Ստավրոպոլի պետական բժշկական ակադեմիա, Ռուսաստան։

Մեր համալսարանը նպատակ ունի ոչ միայն շարունակել և ամրապնդել առկա համագործակ­ցու­թյուն­ները, այլև ընդլայնել գործընկերության շրջանակները:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժին կամ կարդալ համալսարանի պաշտոնական վեբ-կայքի «Փոխանակային ծրագրեր» բաժինը:



Նախապատրաստական ուսուցում

Յուրաքանչյուր տարի նախապատրաստական ուսուցման ծրագրում ներգրավված ուսանողները հնարավորություն ունեն ստանալու անհրաժեշտ մասնագիտական և լեզվական գիտելիքներ: Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի հիման վրա: Ծրագիրը ներառում է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ինչպես նաև ուսուցման լեզվի (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) դասավանդում: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝

http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=89&Itemid=154&lang=am :


Բուհական կրթություն

Երևանի պետական բժշկական համալսարանի օտարերկրացի դիմորդները պետք է ունենան միջնակարգ կրթության վկայական: Փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն կամ հյուպատոսություն: Դիմորդն ընդունվում է առաջին կուրս` ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաներից քննական շեմը հաղթահարելուց հետո: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝

http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=88&Itemid=153&lang=am


ԲՈւՀ-ից ԲՈւՀ տեղափոխման կարգ

Այլ ԲՈՒՀ-ից ԵՊԲՀ տեղափոխվելու համար այլ երկրի քաղաքացի ուսանողը ուսումնական տարվա մեկնարկից երկու շաբաթ առաջ ներկայացնում է ստուգարքային գրքույկի պատճենը կամ ակադեմիական տեղեկանք: Ուսումնական ծրագրերում տարբերությունների առկայության դեպքում ուսանողն այդ առարկաներից լրացուցիչ քննություն է հանձնում: Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ էլեկտրոնային հետևյալ հասցեից՝

http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=125&Itemid=159&lang=am

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...