• Հայ
  • Рус
  • Eng

Համալսարանի ուսանողները ունեն բացառիկ հնարավորություն ստանալու տարբեր անվանական կրթաթոշակներ: Անվանական կրթաթոշակի հավակնորդների մրցույթի համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները.

  • բացարձակ գերազանց առաջադիմություն
  • տպագրված գիտական աշխատանքներ
  • օտար լեզվի իմացություն
  • մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին
  • մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին


Համալսարանում կան հետևյալ անվանական կրթաթոշակները.


Մխիթար Հերացու անվան
XII դարի հայ մեծանուն գիտնական և բժիշկ, հայկական դասական բժշկության հիմնադիր: Աշխատանքները նվիրված են եղել որոշ ինֆեկցիոն և ջերմությամբ ընթացող հիվանդությունների ներկայացմանը, նրանց առաջացման, հիվանդության կլինիկական ընթացքի, կանխարգելման և բուժման հարցերին: Զբաղվել է նաև միզասեռական ուղիների և այլ հիվանդությունների ուսումնասիրությամբ: 1989թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում` համալսարան) անվանվել է նրա անունով:

Հակոբ Հովհաննիսյանի անվան (1875-1937)
Կենսաքիմիկոս, պրոֆեսոր, համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի հիմնադիր, Երևանի բժշկական ինստիտուտի առաջին ռեկտոր:

Գրիգոր Արեշյանի անվան (1881-1957)
Մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի հիմնադիր: Նրա ղեկավարմամբ 1932թ. Երևանում հիմնադրվել է մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը:

Վահան Արծրունու անվան (1881-1957)
Անատոմիստ, հիգիենիստ, օտոլարինգոլոգ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, ԵՊԲՀ-ի հիմնադիրներից:

Լևոն Հովհաննիսյանի անվան (1885-1970)
Թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ ԳԱԱ և ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիաների ակադեմիկոս:

Ռուբեն Յոլյանի անվան (1894-1950)
Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտ. վաստակավոր գործիչ, ՍՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, համալսարանի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ: Հայաստանում արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրը:

Բարդուղեմիոս Ֆանարջյանի անվան 
Բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ-ի գիտ. վաստակավոր գործիչ, ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, Հայաստանում ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի հիմնադիրը:

Լևոն Օրբելու անվան 

Հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է։ ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։
Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։

Հիմնադրամի կրթաթոշակներ.
 
 
  • Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
  • Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի
  • Ագեան ընտանեկան հիմնադրամի
  • «Հայ համայնքը հայ ուսանողությանը» հիմնադրամի։

 


Բացի վերոհիշյալ կրթաթոշակներից, ուսանողներին տրվում են նաև խրախուսական այլ կրթաթոշակներ:
Ուսանողները մրցույթի կարող են մասնակցել միայն իրենց կուրսի երաշխավորության դեպքում:

«Մասնագիտություն». Առողջապահության ոլորտի կաևոր, բայց ոչ «բժշկական» մասնագետները 22.08.2023

23.08.2023
Առողջապահական համակարգի այս մասնագետները բժիշկ չեն, հիվանդին չեն բուժում, բայց առանց իրենց չի կարող արդյունավետ գործել ...