Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը ԵՊԲՀ-ում

13.05.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը, որը նվիրված էր կրծքագեղձի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի, լեյկիմիայի բուժման նորագույն մեթոդների ներդրմանը բժշկության մեջ:

Բացման խոսքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց. «Ուռուցքաբանությունը բժշկության կարևորագույն ուղղություններից է, և այդ առումով ցանակնում եմ ընդգծել այս գիտաժողովի անցկացման կարևորությունը, քանի որ մեզ համար կարևոր է փորձի փոխանակումը՝ ոչ միայն մեր հյուրերից ընդունել խորհուրդներ, լսել նոր մեթոդների մասին, այլև ցույց տալ, թե որտեղ ենք հասել մենք այս բնագավառում և ինչ ձեռքբերումներ ունենք: Ուռուցքաբանության մեջ հատկապես կարևորում եմ հիվանդության վաղ ախտորոշումը, ինչը նպաստում է բուժման առավել արդյունավետ ընթացքին. գիտաժողովի ընթացքում կխոսվի նաև այս մասին: Հուսով եմ, որ մեր այս միջոցառումը կլինի արդյունավետ և կդառնա շարունակական համագործակցության գրավական»:

ՀՀ առողջապահության նախարարի և իր անունից ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց. «Անչափ կարևորում ենք նման միջոցառումների անցկացումը, քանի որ այն անմիջականորեն կապված է ծանրագույն հիվանդության բուժման հետ, և համոզված եմ, որ այս գիտաժողովի ընթացքում քննարկվող հարցերը և փորձի փոխանակումը կլինեն արդյունավետ Հայաստանում հիվանդների մահացության թվով երրորդ տեղում գտնվող այս հիվանդության՝ քաղցկեղի բուժման գործում»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը. «Ուրախ եմ ողջունելու գիտաժողովի մասնակիցներին, և ուզում եմ փաստել, որ ինտեգրացիան միակ ճանապարհն է գրագետ կիրառական բժշկություն ապահովելու համար, ինչի նպատակով էլ կազմակերպվել է այս միջոցառումը: Այն, ի դեպ, առաջինն է տարածաշրջանում, և հուսով եմ կունենա շարունակական բնույթ»:

Գիտաժողովի մասնակիցներին և արտասահմանից ժամանած հյուրերին ողջունեց նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ ուռուցքաբանության (հետդիպլոմային) ամբիոնի վարիչ Հայրապետ Գալստյանը. «Շնորհավորում եմ գիտաժողովի բացման առիթով և ողջունում նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք ուղղված են կարևորագույն խնդրի լուծմանը՝ չարորակ ուռուցքներ ունեցող հիվանդների բուժման և կյանքի որակի բարելավմանը»: Այնուհետև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը հակիրճ տվյալներ ներկայացրեց հանրապետությունում ուռուցքներով հիվանդների առկայության և նրանց բուժման վերաբերյալ:

Ողջույնի ելույթներից հետո ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Լեհաստանից, Լիբանանից, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից ժամանած հայտնի ուռուցքաբանները, ռադիոլոգները, վիրաբույժները և պալիատիվ բժշկության մասնագետները ներկայացրին իրենց զեկուցումները կրծքագեղձի, ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի, լեյկիմիայի բուժման թեմաներով:

Նշենք, որ գիտաժողովը կտևի 3 օր և կավարտվի մայիսի 15-ին:

Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook