Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ԵՊԲՀ-ում իրականացրեց հերթական դոնորագրումը

25.04.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի կողմից հերթական անգամ իրականացվեց դոնորագրում, որին մասնակցեց բուհի թե ղեկավարությունը, թե պրոֆեսորադասախոսական կազմը և թե ուսանողությունը:

Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը գործում է արդեն 15 տարի և կոչված է հավաքագրելու ոչ ազգակից դոնորների, ովքեր պատրաստ են օգնել հիմնականում արյան քաղցկեղով և մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդներին, ում բուժման համար ցողունային բջիջների փոխպատվաստում է անհրաժեշտ: Նա նշեց, որ ցողունային բջիջերի փոխպատվաստման հավանական առաջին դոնորները հիվանդի ազգակիցներն են՝ քույրերն ու եղբայրները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 4 երեխա ունեցող ընտանիքում հավանականությունը, որ որևէ մեկի ցողունային բջիջները կհամընկնեն մյուսին և կփրկեն, կազմում է 25%: Բայց քանի որ մեր իրականության մեջ ինչ-ինչ պատճառներով 4 երեխա ունեցող ընտանիքները քիչ են, բնականաբար, փոքրանում է նաև ցողունային բջիջների համընկնման հավանականությունը: Այդ պատճառով, ինչպես փաստեց հիմնադրամի գործադիր տնօրենը, ողջ աշխարհում ստեղծվել է ոչ ազգակից դոնորների ռեեստրեր, որոնց թիվը հասնում է 67-ի, և դրանցում դոնորագրված է 22 մլն մարդ: Այդ ռեեստրերից հայկականը ամբողջ հետխորհրդային երկրների տարածքում միակն է, և դրանում դոնորագրված է 26 հազար մարդ: Նրանցից յուրաքանչյուրի տված 3 մլ արյան վերաբերյալ ինֆորմացիան, համապատասխան լաբորատոր քննություն անցնելուց հետո, պահպանվում է համակարգչում: «Կա մի կարևոր հանգամանք. մենք՝ հայերս իրոք ունենք հատուկ գենետիկ կառուցվածք, և հավանականությունը, որ հայը հային կարող է փրկել շատ ավելի մեծ է, քան այն դեպքում, եթե մենք ստանանք այդ նույն գենը այլ էթնիկ խմբերից: Եվ այս առումով օգնություն տրամադրվում է ոչ միայն Հայաստանի հայերին. ծրագրի շահառուները աշխարհով մեկ սփռված 10 մլն հայերն են»,-նշեց Սևակ Ավագյանը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամն այսօր նաև մի կարևոր նորույթով էր հանդես գալիս, որն այս տարվանից Հայաստանում առաջին անգամ է սկսել կիրառվել: «Բիոստենտ» կազմակերպության հետ միասին ստեղծվել է պորտալարային արյան բանկ, այսինքն՝ երեխայի ծնվելուց և պորտալարից անջատելուց հետո, վերցվում է պորտալարի արյունը, որն ամենամաքուրն է և ամենաուժեղը, և ցողունային բջիջներն են դրանում ավելի ուժեղ, մաքրվում, և այդ արյունը հնարավոր է պահպանել մինչև մարդու կյանքի վերջ:

Հիմնադրամի տնօրենն ուրախությամբ նշեց, որ ուսանողության շրջանում մեծ ակտիվություն է նկատվում, և աչքի են ընկնում հատկապես աղջիները: Նա նաև շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ դոնորագրման անցկացմանն աջակցելու համար:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Վարակիչ հիվանդություններ ունենալու դեպքում անձը չի կարող դառնալ դոնոր: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook