Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Yerevan Cardiology Forum 2014» ԵՊԲՀ-ում

17.04.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ «Yerevan Cardiology Forum 2014»՝ նվիրված սրտաբանության համալսարանական կլինիկայի հիմնադրման 10-ամյակին, որի գլխավոր նպատակն է՝ առավելագույնս ինտեգրատիվ գիտական ծրագրի միջոցով ոլորտի՝ վերջին երկու տասնամյակների նվաճումները հասու դարձնել համաժողովի մասնակիցներին, կիրառել դրանք մասնագիտության խթանման և կրթական նպատակներով:

Բացման խոսքում ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը հակիրճ ներկայացրեց սրտաբանության համալսարանական կլինիկայի ստեղծման պատմությունն ու տասը տարիների աշխատանքը: Նա նշեց, որ հատկապես կարևորում է ինվազիվ սրտաբանության համագործակցությունը առողջության պահպանման առաջնային օղակի հետ, ինչը հնարավորություն կտա այն համատեղել պլանային, կանխարգելիչ գործունեության հետ: Ռեկտորը ընդգծեց նաև արտասահմանցի գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ մաղթելով համաժողովի բոլոր մասնակիցներին արդյունավետ աշխատանք:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Կառլեն Ադամյանը: Նա կարևորեց նոր տեխնոլոգիաների և մեթոդների ներդրումը բժշկության, հատկապես՝ սրտաբանության մեջ: Կառլեն Ադամյանը հույս հայտնեց, որ այս համաժողովը և շարունակական համագործակցությունը արտասահմանյան գործընկերների հետ կհանդիսանա սրտաբանության համար նոր խթանիչ ուժ:

Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը ևս ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ նշեց, որ այս համաժողովը համարում է կրթական, քանի որ այն հնարավորություն է տալիս կիսելու և Հայաստանում ներդնելու աշխարհում արագ զարգացող սրտաբանության ոլորտի նոր մոտեցումներն ու մեթոդները:

Համայակ Սիսակյանը նաև ներկայացրեց համաժողովի մասնակից արտասահմանցի գործընկերներին՝ Արա Ուգուրլողլու (Զալցբուրգի համալսարան, Ավստրիա), Յոզեֆ Կաուտցներ (Կլինիկական և փորձարարական բժշկության ինստիտուտ, Չեխիա), Ռոբերտ Հատալա (Սրտանոթային հիվանդությունների ազգային ինստիտուտ, Սլովակիա), Մարիո Մարզիլի (Պիզայի համալսարան, Իտալիա), Թոմաս Հոլզենբեյն (Զալցբուրգի համալսարան, Ավստրիա):

Նշենք, որ մասնագիտական այս համաժողովի ընթացքում, որը կտևի 3 օր, սրտաբանության ոլորտի տեղացի և արտասահմանյան առաջատար մասնագետները ինտերակտիվ դասընթացների միջոցով կներկայացնեն կլինիկական սրտաբանության արդի հիմնախնդիրները, իսկ առաջատար դեղագործական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ապրանքանիշը և արտադրանքը համաժողովի մասնակիցներին:

Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook