Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերանորոգված բաժանմունքներ

18.03.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա շրջեց վնասվածքաբանության, ինվազիվ սրտաբանության և նյարդավիրաբուժության նոր վերանորոգված բաժանմունքներում, վերջերս վերաբացված լսարանում շփվեց ուսանողների հետ:

Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ նախարարը նշեց, որ բժշկական համալսարանը հատուկ շեշտադրումներ է իրականացնում ուսումնական և բժշկական գործընթացների համադրության վրա, քանի որ հնարավոր չէ պատկերացնել որակյալ բժիշկ՝ առանց բժշկական պրակտիկայի և հիվանդի հետ շփվելու: «Մեր այցելած վերանորոգված բաժանմունքները, բացի բուժական նշանակությունից, ունեն նաև ուսումնական նշանակություն: Ուզում եմ շեշտել, որ բժշկական համալսարանը զարգացման ճիշտ ուղու վրա է և իր կլինիկական մասնագիտությունների ուսուցման համար լրացուցիչ միջոցներ է ծախսում: Սա բուհի համար նաև արդյունավետ ներդրում է, քանի որ ԵՊԲՀ-ն ոչ միայն հանրապետության լավագույն բուհերից մեկն է, այլև երկրի առաջատար բժշկական հիմնարկներից մեկը, որն ունի համալսարանական հիվանդանոցներ, որտեղ աշխատում են Հայաստանի լավագույն մասնագետները: Նաև սա է բժշկականի գրավչությունը արտասահմանցի ուսանողների առումով», - ընդգծեց Արմեն Աշոտյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը կարևորեց կլինիկական առարկաների դասավանդումը բարձր կուրսերում, ինչն իրականացվում է կլինիկաներում, բժշկական համալիրներում, և ուսանողները գործնականում ներգրավված են լինում բուժական գործընթացում: «Ուսումնական գործընթացի արդյունավետությանը նպաստում է նաև սիմուլյացիոն կենտրոնը, որտեղ ուսանողները կարող են տեսնել և պատկերացնել, թե ինչպես է ընթանում այս կամ այն կլինիկական դեպքը, ինչը ոչ միշտ է հնարավոր տեսնել դասախոսության կամ ցիկլի ընթացքում», - նշեց ռեկտորը:

Այցելության ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղում ծանոթացավ սիմուլյացիոն կենտրոնում կատարվող վերանորոգման աշխատանքներին:

Նկարներ

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook