Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց ուսանողներին

11.03.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի ամփոփման արարողությունը: Հանդիսավոր արարողության մեկնարկը տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով լավագույն ուսանողներից մի քանիսին անձամբ հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը:

Կրթաթոշակ ստանալու կապակցությամբ շնորհավորելով ուսանողներին՝ վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ ուսանողներն իրենց երջանիկ զգան հայրենի երկրում և իրենց ապագան կապեն հայրենիքի հետ. «Ամեն անգամ ձեզ հանդիպելիս մի փոքր հուզվում եմ, քանի որ հիշում եմ իմ ուսանողական տարիները», - անկեղծացավ վարչապետը: Նա նաև հավաստիացրեց, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, քանի որ այն նաև ուսանողության ինքնակազմակերպման լավ ձև է այն պատճառով, որ ուսանողներն իրենք են սահմանում կրթաթոշակ ստանալու չափորոշիչները, ընտրում ստացողներին, վերահսկում գործընթացի թափանցիկությունը:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեր բուհի լավագույն ուսանողներից չորսին՝ Սյունե Բախշյանին, Վարդան Քոչարյանին, Մարիամ Երվանդյանին և Արփինե Աբգարյանին անձամբ հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը: Շնորհավորելով բոլոր ուսանողներին, նրանց ծնողներին և պրոֆեսորադասախոսական կազմին՝ Միքայել Նարիմանյանը ևս նշեց, որ պետությունը միշտ պատրաստ է աջակցելու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: «Հատկապես ուրախալի է այն փաստը, որ այսքան լավ ուսանողների հյուրընկալում է հենց մեր բուհը», - հավելեց ԵՊԲՀ ռեկտորը:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհերի ուսանողական խորհուրդների նախագահներին հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը՝ դրանք հասցեատերերին փոխանցելու համար: «Պետությունը հետամուտ է լինելու, որպեսզի գերազանց առաջադիմությամբ այն ուսանողները, ովքեր ի վիճակի չեն ուսման վարձ վճարել, դուրս չմնան համակարգից, և այս կրթաթոշակը դրա լավագույն հնարավորությունն է», - շնորհավորելով ուսանողներին՝ շեշտեց նախարարը:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը այս տարիների ընթացքում կրթաթոշակ ստացած ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ ծրագրին աջակցելու և այն շարունակական դարձնելու համար:

Հիշեցնենք, որ կրթաթոշակի մրցույթը հայտարարվել էր պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների համար: Դիմել է շուրջ 1500 ուսանող Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից: Մրցույթի անցկացման համար ՀՀ կառավարությունը Երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ: Ուսանողներին ընտրելիս հաշվի են առնվել սահմանված հստակ չափորոշիչները, մասնավորապես՝ ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը, հասարակական ակտիվությունը և այլն:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook