Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կառավարման խորհրդի նիստ


15.01.2014

2014 թվականի հունվարի 15-ին կայացած ԵՊԲՀ կառավարման խորհրդի նիստում, որը վարեց խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քննարկման էին դրված բժշկական համալսարանի ռեկտորի հաշվետվությունը՝ 2013 թվականին կատարված աշխատանքների մասին և 2014 թվականի համար նախատեսված ֆինանսական նախահաշվի հաստատումը:

Օրակարգի առաջին հարցի առնչությամբ համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը ամփոփ զեկուցմամբ ըստ բնագավառների ներկայացրեց ուսումնական գործընթացով, բուհական գիտության կազմակերպմամբ զբաղվող օղակների, հետբուհական կրթության, տնտեսական և այլ կառույցների գործունեության արդյունքում արձանագրված ձեռքբերումները, ընդգծեց դեռևս շարունակվող գործընթացների ավարտին սպասվելիք հաջողությունները և նախանշեց առաջիկայում իրականացվելիք այն ծրագրերը, որոնց իրագործումը առավել ամբողջական կդարձնի միջազգային հավատարմագրման փուլում գտնվող Երևանի պետական բժշկական համալսարանի ամբողջական նկարագիրը:

Հաշվետվության մեջ մեծ ընդգրկմամբ ներկայացվեցին նաև ԲՈՒՀ-ի հավատարմագրման գործընթացին, միջազգային կրթական ծրագրերին ԵՊԲՀ-ի մասնակցությանը, ֆինանսական հոսքերի և կադրային քաղաքականության օպտիմալացմանը առնչվող հարցեր, որոնց ուղղությամբ իրականացված և իրականացվող աշխատանքների համապարփակ պատկերն ամբողջացված է այն աղյուսակներում, որոնց ուղեկցությամբ ընթանում էր զեկույցը:

Ի թիվս այլ կարևորագույն հարցերի՝ մեծ նշանակություն տալով բուհական գործունեության հիմնական բաղադրիչին՝ ընդունելության արդյունքներին, անդրադառնալով այն հանգամանքին, որ այս տարի նվազել է ուսանողների թիվը, ռեկտորը վերջինս կապեց այն հանգամանքի հետ, որ նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ բավականին պակասել է արտասահմանցի ուսանողների ընդունելությունը, հանգամանք, որը կապված է հանրակացարանային սահմանափակ հնարավորությունների հետ: Նշելով, որ որպես խնդրի լուծում վերանորոգվել է լրացուցիչ հանրակացարանային մասնաշենք, ռեկտորը լավատեսական եզրակացություն կատարեց՝ վստահություն հայտնելով, որ նշված բացը կվերանա:

Չափազանց կարևորելով համալսարանի համար բավականին խնդրահարույց մի հարց, որն առնչվում է Բոլոնյան հռչակագրին, Մ.Զ. Նարիմանյանը, անդրադարձ կատարելով ծառացած խնդրի հաղթահարմանը, նշեց. «Ինչպես գիտենք 2006-ին բոլոր ուսանողները, որոնք պետք է ավարտեին այս ուստարում, ընդունվել են բակալավրիատ, ավարտել են մագիստրատուրան և պետք է ստանային բուժակի որակավորում, միգուցե բժշկագիտության մագիստր, բժիշկ-մագիստրոս: Պետք է ասեմ, որ 2006-ին ընդունվեց օրենք՝ բարձրագույն կրթության մասին Բոլոնյան հռչակագրի տեսքով: Բոլորն ընդունվեցին այս երկու փուլում ուսանելու համար: Բայց ելքերը պարզված չէին, և այս հարցը չափազանց շատ հուզում էր ուսանողությանը: Այստեղ ես ցանկանում եմ հատուկ նշել ուսանողական խորհրդարանի ինքնավարության պոտենցիալը, երբ նրանք դիմեցին համալսարանի ղեկավարությանը, և մենք ձեռնարկեցինք համապատասխան քայլեր, որ մեր բուհը ավարտող ուսանողը, մեր շրջանավարտը ստանա «բուժող բժիշկ» և «բժիշկ-ստոմատոլոգ» որակավորումները: Կրթության և գիտության նախարարությունում այս հարցը ստացավ շատ արագ և դրական լուծում, և ես իմ շնորհակալությունն եմ հայտնում նախարարին՝ բուհի շրջանավարտների և դասախոսական անձնակազմի անունից: Ավելին, մենք արեցինք մի քանի առաջարկություններ, որոնք նախարարության կողմից ուղղվեցին Ազգային Ժողով, որպեսզի օրենքով կատարվեն համապատասխան փոփոխություններ՝ հաշվի առնելով այն երկրների փորձը, որոնք չեն ընդունել Բոլոնիայի հռչակագրի այդ կետը՝ երկաստիճան ուսուցումը և չեն արտադրում բակալավրեր և մագիստրոսներ իրենց աշխատաշուկայի համար: Նույնը կատարվեց նաև մեր աշխատաշուկայում, որը մերժեց բժշկագիտության բակալավրի կամ բժիշկ-բակալավրի կարգավիճակը: Այսպիսով հարցը ստացավ դրական լուծում, և մեր շրջանավարտները կստանան իրենց կրթությանը համապատասխան որակավորում, երբ որոշումը հաստատվի Ազգային Ժողովում: Դրանք են «բուժական գործ» և «բժիշկ-ստոմատոլոգ» մասնագիտությունները:

Համարելով, որ բավականին խնդրահարույց հարցերից մեկը՝ այս ուսումնական տարում բժշկական համալսարանից մեծաթիվ հեռացվածների թեման դարձել է քննարկման առարկա ավելի լայն շրջանակներում, անհրաժեշտ համարելով անդրադարձ կատարել՝ ռեկտորը նշեց. «Նախ ամենակարևորը՝ համալսարանից հիմնականում հեռացվում են ոչ թե բացթողումների կամ վարքագծային անկարգապահության, այլ՝ խիստ ցածր առաջադիմության պատճառով: Այս խնդիրը կարելի է լուծել ուսումնական գործընթացի բարելավմամբ և գնահատման ձևերի հարստացման, քննությունների բազմազանության միջոցով:

2006 թվականից անցել ենք զուտ թեստային համակարգով գիտելիքների ստուգման ձևին, որը իր հետ բերել է բավականին լուրջ խնդիրներ: Ես կարող եմ ցիտել մի քանի շատ հեղինակավոր գիտնականների և հոգեբանների, որոնք փաստում են, որ թեստային համակարգը արդյունավետ է, օբյեկտիվ է, բայց երևույթն ունի սահմանափակ հնարավորություններ՝ որոշելու ինչպես գիտելիքների առկայությունը, այնպես էլ դրանց բացակայության խորությունը և օգտագործվում է միայն մեկ կոգնիտիվ ֆունկցիայի գնահատում՝ հիշողությունը: Բժշկական համալսարանի համար դա քիչ է: Մենք 2013-ին վերականգնեցինք բանավոր քննությունը: Այս որոշմամբ մենք ոչ թե ժխտում կամ մերժում ենք թեստային եղանակով ուսանողների գիտելիքների ստուգումը, այլ ավելացնում ենք նաև բանավոր քննությունը, հատկապես բարձր կուրսերում, ինչը բացի հիշողությունից օգտագործում է ևս մեկ ֆունկցիա՝ կլինիկական մտածելակերպ»:

Անդրադառնալով կրթական համակարգում տեխնիկական միջոցների ընդգրկման կարևորությանը՝ հատկապես բժշկական կրթության պարագայում այս ուղղությամբ կարևորելով սիմուլիացիոն կենտրոնի չափազանց մեծ դերը՝ զեկուցողը նշեց, որ կենտրոնի ստեղծումը, որի նախաձեռնությունը ԿԳ նախարարությանն է, ֆինանսավորումը՝ համաշխարհային բանկինը, ընթացքի մեջ է:

Էլեկտրոնային համալսարանի կայացման առնչությամբ, Մ. Նարիմանյանն ընդգծեց, որ առաջին երեք կուրսերի էլեկտրոնային եղանակով քննությունները հանձնելը զգալիորեն բարձրացրել է նրանց առաջադիմության ցուցանիշը՝ մեծապես նպաստելով կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, վստահություն հայտնելով, որ վերջինիս կնպաստի նաև ուսումնական պրոցեսի բարելավումը, գիտելիքների մատուցման ձևերի ավելացումը և քննական ձևերի բազմազանության կիրառումը:

Կառավարման խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի թվում արծարծվեցին նաև աշխատակիցների թվի և փաստացի առկա աշխատատեղերի անհամամասնության լուծմանն ուղղված ծրագրերը և դրա առնչությամբ՝ աշխատավարձի ֆոնդի կարգավորումը: Ըստ ներկայացված տվյալների՝ ԵՊԲՀ-ում հաշվետու տարում՝ 2013 թվականին, կարևորվել է համալսարանի զբաղեցրած փաստացի աշխատատեղերի և աշխատողների թվի անհամամասնությունը, կրթօջախի գործունեության հիմնական բաղադրիչի վերլուծությունը: Ավելի հասկանալի լինելու համար այս երկու դեպքերի առնչությամբ նշվեց հետևյալը՝ ԵՊԲՀ-ում զբաղեցված աշխատատեղերը 3459-ն են, ախատողների քանակը՝ 3070-ը: Սա նշանակում է, որ բավականին մեծ է ներքին համատեղությունը:

Այս երկու թվերի համամասնության կարգավորումը ենթադրում է հաստիքների օպտիմալացում, որն էլ իր հերթին իր մեջ պարունակում է սոցիալական անորոշություն, ահա ինչու այս գործընթացի կազմակերպումը ռեկտորը համարեց չափազանց նուրբ և իրավաբանորեն ապահովվածություն պահանջող, որի հիմնավորված կարգավորման գործում կարևորեց հաստիքների անձնագրացումը:

Զեկուցման շրջանակներում զեկուցողի կողմից բավականին ընդարձակ հղումներ արվեցին համալսարանի փաստացի ֆինանսական հոսքերին, մանրամասն վերլուծվեցին ծախսերը, մուտքերը, տնտեսումները:

Խորհրդին ներկայացվեց նաև համալսարանի մեծ վարկային պարտքերի մարման հաշվետվությունը, ըստ որի 2013-ի ընթացքում մարվել է 1 մլրդ. 982 միլիոն դրամի վարկ և վարկային տոկոս:

Ամփոփելով ռեկտորի հաշվետվության քննարկումը՝ կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ելույթում նշեց. «Կատարված աշխատանքը մեծ է, տեղաշարժը տեսանելի, բայց ես ցանկանում եմ նշել որոշ պրոբլեմներ, որոնցից կարևորագույններից մեկը՝ ըստ իս, ուսումնական գործընթացի կազմակերպումն է: Այս ուղղությամբ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների և աշխատակիցների աշխատանքի որակի բարձրացման վրա: Նախարարության ակնկալիքները բուհից շատ մեծ են, և կան որոշակի տեսանելի խնդիրներ, որոնց լուծումը ես համարում եմ առաջնային: Դրանցից կարևոր եմ համարում արդյունավետ կրթական գործընթացի կազմակերպումն ամբիոններում: Շատ ամբիոններում գործող կարգերը բավարար արդյունավետ չեն, ինչի անուղղակի արտահայտումը կարելի է համարել նաև այն, որ հերթական քննաշրջանի ժամանակ բժշկականի ուսանողները հայտնվում են ամենաշատ լուծարք ունեցողների շարքում: Սա հարուցում է ուսանողների դժգոհությունը, որը հանրային արձագանք է ստացել նաև մամուլում: Իմ պահանջը հետևյալն է՝ չիջեցնելով կարգապահության նշաձողը՝ ներքին կարգերը դարձնել ավելի ուսանողակենտրոն:

Հաջորդ կարևոր խնդիրը, որն ընդհանուր է բոլոր բուհերի, այդ թվում նաև բժշկական համալսարանի համար՝ գիտական բաղադրիչի ծավալային մեծացումն է: Բուհերը չեն ուզում սեփական միջոցներից գումարներ ծախսել գիտության զարգացման վրա՝ այդ հոգսը թողնելով առավելապես պետության վրա: Այս ուղղությամբ կցանկանայի նշել, որ նախապատրաստվում է օրինագիծ, որով ամրագրվում է, որ բուհական բյուջեների որոշակի տոկոսը պարտադիր պետք է հատկացվի գիտությանը:

Բժշկական համալսարանը մնում է մեր բուհերի առաջատարը արտասահմանցի ուսանողների թվի առումով: Սակայն մենք այսօր այստեղ մի պրոբլեմ ունենք՝ հանրակացարանային համալիրի պրոբլեմը, որի համար պետք է շտապ օպերատիվ լուծումներ գտնենք, որպեսզի, ինչպես ընդունված է աշխարհի առաջատար համալսարաններում, արտասահմանցի ուսանողների թիվը կազմի ընդհանուր ուսանողության շուրջ 25%-ը

Ես կարծում եմ, որ բժշկական համալսարանը կարող է իր առջև դնել նման ամբիցիոզ խնդիր: Սա այն թիվն է, որն աշխարհի առաջատար բուհերում ընտրված է որպես «թիրախ» թիվ: Բայց բազմաթիվ եվրոպական առաջատար բուհեր անգամ այդ թիվը չունեն: Սակայն ես համոզված եմ, որ Երևանի պետական բժշկական համալսարանը կարող է իրականացնել այս խնդիրը:

Ինչ խոսք, իրականում անցած տարում ձեռք բերված հաջողությունները շատ են: Սակայն նշեմ, որ պահանջները նույնպես շատ են: Խոստովանեմ, որ մի տեսակ մտավախություն և անհանգստություն ունեինք Հնդկաստանից ժամանող հանձնաժողովի այցելությունից առաջ, քանի որ կային որոշ բացթողումներ, որոնք շտապ շտկման անհրաժեշտություն ունեին: Ի ուրախություն մեզ՝ ռեկտորի տեղեկացմամբ հանձնաժողովի անդամների դրական բանավոր գնահատականից բացի ակնկալում ենք գրավոր պատասխանը՝ դրանից բխող ցանկալի հետևանքներով և առաջարկություններով:

Նշեմ նաև՝ օրենքի նախագիծը՝ բժշկական կրթության հետ կապված, ադեն հաստատվել է Ազգային Ժողովում: Հատկապես ցանկանում եմ շեշտել ռազմաբժշկական կրթության կաևորությունը, որով վերադարձվում է ինտերնատուրան որպես կրթության ձև»:

Կառավարման խորհրդի նախագահը իր խոսքում շեշտեց նաև, որ ԵՊԲՀ-ն գտնվում է միջազգային հավատարմագրման փուլում, և միջազգային կազմակերպության կողմից անցկացված դիտարկման արդյունքում առաջադրված 10 չափանիշերից 7-ը դրական է գնահատվել:

Այնուհետև կառավարման խորհուրդը քվեարկությամբ հավանություն տվեց ԵՊԲՀ-ում 2013-ին կատարված աշխատանքների մասին ԵՊԲՀ ռեկտոր Մ. Զ. Նարիմանյանի հաշվետվությանը և հաստատեց 2014 թվականի բյուջեի նախագիծը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook