Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանում պարգևատրեցին պաշտպանության նախարարին


16.01.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Մեր երկարատև համագործակցության արդյունքում բուհի ռազմաբժշկական ֆակուլտետը դարձել է ամենաապահովվածը ուսումնական և գիտակագործնական գործընթացների տեսանկյունից, ինչի համար մեր խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հանձինս նախարար Սեյրան Օհանյանի: Նախ նշեմ, որ ռազմաբժշկությունն ունի 2 ուղղություն՝ փրկել զինվորների և սպաների կյանքը ռազմական գործողությունների ժամանակ և ապահովել նրանց և նրանց ընտանիքների առողջությունը խաղաղ պայմաններում: Եվ մեր նպատակն է՝ զբաղվել գործող բանակի զինվորների, սպաների և նրանց ընտանիքների առողջության պահպանման հարցերով, ինչպես նաև ուղղել մեր գիտական գործունեությունը նրանց առողջության պահպանմանը և մեր զինվորների ֆիզիկական և հոգեբանական այնպիսի վիճակի ապահովմանը, որը կնպաստի մեր խաղաղ կյանքի ապահովմանը բանակի կողմից»:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Սամվել Գալստյանը իր ելույթում ասաց. «2014թ.-ի մայիսի 19-ին լրանում է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20 տարին, և այս տարիների մեր գործունեությունը նվիրված է եղել մեկ նպատակի՝ պատրաստել զինվորական բժիշկ, որը պետք է լինի գաղափարապես կայուն, նվիրված հայրենիքին և անձնազոհությամբ ու մասնագիտական գիտելիքներով ոչնչով չզիջի քաղաքացիական առողջապահության ոլորտի մասնագետին: Ընդունվելով ռազմաբժշկական ֆակուլտետ՝ մեր սաները տալիս են զինվորական երդում, իսկ ավարտելուց՝ Հիպոկրատի երդումը, ինչը կրկնակի պատասխանատվություն է»:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպումն ավելի է կարևորվում, քանի որ այստեղ են սովորում ռազմական բժիշկները: Նախարարը ներկայացրեց բանակի զարգացման պատմությունը ընդհուպ մինչ օրերս և նշեց, որ հպարտորեն կարելի է փաստել, որ մեր բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն է: Նա ասաց, որ բացթողումներ ևս կան, որոնց շտկման ուղղությամբ շարունակվում են տարվել աշխատանքներ. «Կուզեի, որ մեր հրամանատարական կազմն ավելի բանիմաց լիներ, փորձառու, գիտելիքով հարուստ»: Խոսելով ռազմական բժիշկների գործի կարևորության մասին՝ նախարարն ընդգծեց հայ ռազմաբժիշկների անգնահատելի դերը ոչ միայն արցախյան պատերազմի տարիներին, այլև հայկական բանակի կայացման ողջ ժամանակահատվածում: Նախարարը փաստեց, որ միակ պետությունն ենք, որտեղ ռազմական բժշկությունն ինտեգրված է առողջապահությանը. «Ծառայությունը ստեղծվել է քաղաքացիական բժիշկներից, իսկ հիմա արդեն ռազմական բժիշկներ են պատրաստվում բժշկական համալսարանում: Այդ պատճառով ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ռազմաբժշկական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, ում ջանքերի և հետևողական կրթադաստիարակչական աշխատանքների շնորհիվ մենք այսօր ունենք բանիմաց և իրենց գործին լավատեղյակ ռազմական բժիշկներ»:

Ուսանողներին հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից ռազմաբժշկական կրթության և գիտության կայացման և զարգացման մեջ մեծ ավանդ ունենալու համար պարգևատրվեց ԵՊԲՀ առաջին աստիճանի ոսկե շքանշանով, ինչպես նաև բուհի ուսանողական խորհրդի ոսկե մեդալով:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության և գիտության զարգացման համար, ինչպես նաև Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ ԵՊԲՀ մի խումբ աշխատակիցներ ՀՀ ՊՆ կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Նելսոն Ստեփանյան», «Ծովակալ Իսակով» մեդալներով և «Հայաստանի զինված ուժերի զինանշան» հուշամեդալով: Պաշտպանության նախարարության կողմից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը պարգևատրվեց Հայրենիքի պաշտպանության զինվորի արձանի խորհրդանշանով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook