Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Տարեկան հաշվետու գիտաժողով ԵՊԲՀ-ում

27.11.2013

Ս/թ նոյեմբերի 25-26-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ բուհի տարեկան հաշվետու գիտաժողովը, որի նպա­տակն էր համախմբել ԵՊԲՀ փորձառու և երիտասարդ գիտնականներին, ներկայացնել և քննար­կել բժշկա­գի­տու­թյան վերջին տարիների ձեռք­բե­րում­­ները, գիտական հետազոտությունների զարգաց­ման հեռա­նկար­ները, ինչ­պես նաև ամփո­փել ԵՊԲՀ գիտական ծրագրում ընդ­գրկված խմբերի կողմից կատարվող հետա­զո­տու­թյունների արդյունքները, պլանա­վորել 2014-2016թթ.-ի գիտական նախագծերը:

Գիտաժողովի առաջին օրը փորձագիտական հանձնաժողովների մասնագիտական ուղղություններին համա­պա­տաս­­­խան բա­­ժին­նե­րով կազմակերպված նիստերում բանավոր զեկուցումներով հանդես եկան համալսարանում գի­տա­­կան ակտիվ գործունեություն ծավալող պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և երիտասարդ հետազոտողները: Զեկույցով հանդես եկավ նաև Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա. Թոթոլյանը:

Նոյեմբերի 26-ին կայացավ գիտաժողովի ընդլայն­ված նիստը, որն ամբողջությամբ նվիրված էր համալ­սա­րա­նում գիտու­թյան երիտասարդացմանը, ուսանողների՝ հե­տա­զոտական գործունեության մեջ ներգրավվածության ընդլայնմանը և արդիական այլ խնդիրների քննարկմանը:

Նիստին ներկա էր ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հարությունյանը: Նա նշեց, որ ԵՊԲՀ-ն այն համալսարաններից է, որտեղ կատարվում են գիտահետազոտական լուրջ աշխատանքներ. «Հայաստանում գործող 17 պետական բուհերի շարքում ԵՊԲՀ-ն շահած դրամաշնորհների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը, և վերջին տարիներին մեր կողմից հայտարարված գիտական ծրագրերի մրցույթների գրեթե բոլոր անվանակարգերում ունի բավականին լավ ցուցանիշներ: Նշեմ, որ մեր մրցույթներում կարևորագույն պայման է երիտասարդների ներգրավվածությունը այդ գիտական ծրագրերին, քանի որ ունենք գիտության երիտասարդացման խնդիր, և ԵՊԲՀ-ի ներկայացրած ծրագրերում ներգրավված է առնվազն մեկ երիտասարդ: Տեղեկացնեմ, որ «Բժշկական գիտություններ» անվանակարգում շահած դրամաշնորհային 10 ծրագրերից 9-ը շահել է ԵՊԲՀ-ն: Ուրախալի է նաև, որ երիտասարդ գիտնականների 2 տարվա թիմային մրցույթի մասնակիցներից 2-ը նույնպես բժշկական համալսարանից են, ինչպես նաև «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթում շահած 97 գիտնականներից 3-ը»:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ներկայացրեց «Թերապիայի դպրոցը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով զեկույց: Նա նախ հակիրճ ներկայացրեց թերապիայի ոլորտի ականավոր մասնագետների գործունեությունը՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում իր գործունեությամբ ստեղծում էր իր ամբիոնի ուղղությունը: Եվ սա պետք է կիրառվի նաև այսօր, այսինքն՝ յուրաքանչյուր ամբիոն պետք է ունենա իր ուղղությունը, և այդ ուղղությունը պետք է ներկայացվի տվյալ ամբիոնի վարիչի, ամբիոնի առաջատար մասնագետների գիտական գործունեությամբ: Ռեկտորը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես այն հարցի վրա, թե ինչ դպրոց է անցնում ուսանողը՝ թերապևտ դառնալու համար: Միքայել Նարիմանյանը առաջարկեց վերադառնալ խնդրի վրա հիմնված ուսուցմանը և որպես թերապիայի դասական դպրոցի բաղադրիչ՝ ուսումնական ծրագրերում ներառել «Ֆակուլտետային թերապիա» և «Հոսպիտալային թերապիա» առարկաները:

Գիտության և ՏՏ վարչության պետ, դոցենտ Սեյրան Քոչարյանը ներկայացրեց հաշվետու տարվա գիտական գործու­նեության վերլուծությունը, որում խոսեց հաշվետու ժամանակահատվածում համալսարանում իրականացված գիտահետազոտա­կան և գիտակազմակերպչական, գիտական կադրերի պլանավորման և պատրաստման աշխատանքների մասին:

Նա տեղեկացրեց, որ 2013 թ.-ի ընթացքում գումարվել է ԳԿԽ 8 նիստ, որոնց ընթացքում հաստատվել է 37 թեմա` պլան-անոտացիա, և նախնական փորձաքննություն է անցել 36 աշխատանք:

Ս. Քոչարյանը նշեց, որ հաշվետու տարում համալսարանի ասպիրանտները թվով 41-ն են, իսկ դոկտորանտները` 6-ը, հայցորդները 157-ն են, որոնցից 31-ը՝ դոկտորական, իսկ 126-ը՝ թեկնածուական, այլ հաստատություններից կա 20 հայցորդ՝ 2 դոկտորական, 18 թեկնածուական: Ընդհանուր առմամբ՝ ունենք 177 հայցորդ, որոնցից 33-ը դոկտորականի և 144-ը թեկնածուականի:

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն՝ գիտական հիմնարկների գիտահետազոտական գործունեության ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման և զարգացման բազային ֆինանսավորման ձևով: Այս ծրագրով մեր համալսարանը 2013թ.-ին ֆինանսավորվել է 105.4 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Գիտության և ՏՏ վարչության պետը փաստեց, որ հաստատված 107 հաստիքների շրջանակներում գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված է ԳՀԿ և շուրջ 4 տասնյակ ամբիոնների 138 աշխատակից, որից 28-ը երիտասարդ գիտնականներ են` 20.3%-ը, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ (պայմանագրային) ֆինանսավորման ծրագրերի մրցույթին ներկայացվել է 12 հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 9-ը, ինչպես նաև ԵՊԲՀ-ն մասնակցել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր 2013» մրցույթին, որի արդյունքում ֆինանսավորվել են 2 երիտասարդ գիտնականների նախագծերը:

Նա նշեց նաև, որ այս տարի ևս 2 գիտաժողովի, այդ թվում` այս գիտաժողովի անցկացման աջակցության ծրագիրը շահել է ԵՊԲՀ-ն:

Ս. Քոչարյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում Գիտության և ՏՏ վարչության կողմից աջակցություն է ցույց տրվել թվով 14 գիտաժողովների կազմակերպման ու կայացման աշխատանքներին, որոնց թվում էին` աշխարհահռչակ գիտնական, բջջաբան, Գեորգիոս Պապանիկոլաուին նվիրված գիտաժողովը, Ստոմատոլոգների հայ-վրացական բինացիոնալ առաջին վեհաժողովը, Թայվանահայկական առաջին բժշկական գիտաժողովը թայվանահայկական առաջին բիզնես ֆորումի հետ համատեղ, «Կաթվածի բուժումը 2013» միջազգային գիտաժողովը, «Մեծահասակների վիրաբուժություն» միջազգային կոնգրեսը, «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» գիտաժողովը:

Ընդլայնված նիստին ելույթ ունեցան նաև Լ.Ա. Սահակյանը՝ «Ուսուցման գործընթացին հետազոտական մոտեցման էությունը» և Գ.Գ. Եգանյանը՝ «ԵՊԲՀ ուսանողության հետազոտական գործունեության հիմնախնդիրների մասին» զեկույցներով:

Նշենք, որ գիտաժողովի ավարտից հետո լույս կտեսնի «ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողովի նյութերի ժողովածու»-ն, որում տեղ է գտել ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի համապատասխան փորձագիտական հանձնաժողովների կողմից հրատարակման երաշխավորված թվով 140 հոդված:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook