Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Medicus 2013» գրան պրի մրցանակին արժանացավ ԵՊԲՀ «Medicus» թիմը

8.11.2013

Ս/թ նոյեմբերի 6-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը: Գրան պրի մրցանակին արժանացավ ԵՊԲՀ «Medicus» թիմը։

Խաղերն անցկացվեցին սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով և բաղկացած էին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ Երկօրյա ինտելեկտուալ առաջնությանը մասնակցեց շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցներից։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Բրեյն ռինգ» խաղափուլերում առաջին հորիզոնականում դարձյալ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Medicus» թիմն էր, իսկ «Էրուդիտ կվարտետ» խաղում լավագույնը ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Black star» թիմը։ Հնչեցին տարբեր բնագավառներից հարցեր, որոնց պատասխանները, մասնագիտական գիտելիքներից բացի, պահանջում էին նաև տրամաբանություն, արագ կողմնորոշում, ճկունություն և վերլուծական միտք։

Հայաստանի գիտակների ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը «Medicus 2013»-ն առանձնացրեց հատկապես մասնակիցների թվի առումով։ «Այսքան թիմ դեռևս չէի տեսել ուսանողական առաջնությունում։ Ուրախացրեց նաև որակը։ Հարցերը բարդ էին, և առաջատար թիմերը բավականին բարձր արդյունք ցույց տվեցին։ Դա հույս է ներշնչում, որ այդ թիմերը Հայաստանը կարող են ներկայացնել նաև արտասահմանում։ Պետք է առանձնացնեմ նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են ինտելեկտուալ խաղերին։ Գիտեմ՝ շատ բարդ է նման միջոցառումներին սատարելը, բայց ինտելեկտն այն բանն է, որ մենք կարող ենք վաճառել արտասահմանում և պահպանել հայության բարձր կերպարը դրսում», – նշեց Տիգրան Քոչարյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչ Խաչատուր Մարգարյանն էլ նշեց, որ այս տարի «Medicus» միջբուհական առաջնությունում նորամուծություն էր կատարվել. ներգրավվել էին նաև ավագ դպրոցների թիմերը, ինչը գիտակների շրջանում սերնդափոխություն իրականացնելու նպատակ ունի։ Ընդ որում, ըստ Խաչատուր Մարգարյանի, ավագ դպրոցների թիմերը բավականին հաջող են հանդես եկել։

Նշենք, որ «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական խաղերի առաջնությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը՝ Հայաստանի գիտակների ասոցիացիայի աջակցությամբ։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook