Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում

31.10.2013

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հյուրընկալվեց Միավորված ազգերի կազմակերպության առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ով նախ հակիրճ ներկայացրեց ՄԱԿ-ի ստեղծման պատմությունը, գործունեությունը և այդ համակարգի բաղկացուցիչ կազմակերպությունները:

Թաթուլ Հակոբյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ԱՀԿ-ի գործունեությանը, որը սկսել է գործել1948թ.-ից: Նա նշեց, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է դարձել 1992թ.-ից, իսկ ԱՀԿ հայաստանյան գրասենյակը բացվել է 1994թ.-ին:

ԱՀԿ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը և առողջապահության նախարարությանը, առողջական խնդիրների և կարիքների ուսումնասիրության, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման և իրականացման, ծրագրերի պլանավորման, իրականացման ու գնահատման հարցում և համակարգում է ԱՀԿ-ի եվրոպական ու կենտրոնական գրասենյակների համապատասխան բաժինների հետ համատեղ աշխատանքը: Նա նշեց, որ Հայաստանում ԱՀԿ հիմնական գործընկերը ՀՀ առողջապահության նախարարությունն է, և 2008-2013թթ.-ի այդ համագործակցության հիմնական ուղղությունները ընտրվել են՝ հաշվի առնելով հանրային առողջապահության ոլորտի ներկայիս հիմնահարցերը և առողջապահության համակարգի գործունեության բարելավմանն ուղղված ընթացիկ ազգային միջոցառումները:

Շեշտը դնելով այս կառույցի Սահմանադրության դրույթներից մեկի վրա, այն է՝ «Առավելագույնս հասանելի մակարդակի առողջության բերկրանքը հանդիսանում է ամեն մարդու հիմնարար իրավունքներից մեկը», Թաթուլ Հակոբյանը նշեց, որ ԱՀԿ-ի հիմնական նպատակը մարդու համար առողջության բերկրանքի ստեղծումն է, որը յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքներից մեկն է և պետք է առավելագույնս հասանելի լինի:

Թ.Հակոբյանը, խոսելով ԱՀԿ գործառույթների մասին, ներկայացրեց դրանց հիմնական ուղղությունները՝ աջակցել ԱԱՊ համակարգի՝ որպես բնակչության առավել մատչելի բժշկական սպասարկման օղակի զարգացմանը, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու, ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և հսկելու, ինչպես նաև շրջակա միջավայրի առողջապահական ռիսկի գործոնների ազդեցությունը կրճատելուն ուղղված միասնական հսկողական համակարգի և ընդհանուր հանրային առողջապահության համակարգի ստեղծմանը, առողջապահության բնագավառի ֆինանսավորման կենսունակ և արդյունավետ համակարգի ձևավորմանը և ֆինանսավորման աղբյուրների բազմազանությանը, և նպաստել ոչ պաշտոնական վճարների և այլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, Հայաստանի բնակչության իրական կարիքներին արձագանքող արդյունավետ առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը, ՀՀ առողջապահության նախարարության կարողությունների զարգացմանը և առողջության խնդիրների լուծման մեջ առաջնորդող/կարգավորիչ դերի ամրապնդմանը և միջգերատեսչական համագործակցության խթանմանը:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը փաստեց, որ ներկայիս ռազմավարությունները խրախուսում են նաև ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, ՀՀ օրենսդիր մարմնի և բնակչության առողջության ապահովման և պահպանման հարցերում պատասխանատու պետական և այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև կրթական և գիտահետազոտական հաստատությունների հետ: ԱՀԿ-ն աջակցում է գիտաժողովների, կոնգրեսների, սեմինարների կազմակերպմանը և անցկացմանը: Այս կառույցի շնորհիվ տարեկան հարյուրավոր մարդիկ հնարավորություն են ունենում մասնակցել միջազգային գիտական միջոցառումների, ներկայացնել զեկույցներ և իրականացնել փորձի փոխանակում:

Բանախոսը, խոսելով ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի տարբեր վեհաժողովների ժամանակ ընդունված փաստաթղթերի մասին, ընդգծեց, որ դրանք հիմնականում ունեն խորհրդատվական բնույթ, սակայն դրանցից երկուսը՝ ծխախոտի և ալկոհոլի դեմ ուղղված ծրագրերը պարտադիր են:

Նշենք, որ սա ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի առաջին հանդիպումն էր ԵՊԲՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և բուհի ղեկավարության հետ, սակայն Թաթուլ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց նման հանդիպումները դարձնելու շարունակական:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook