Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում քննարկում են սեռական խանգարումների վերաբերյալ արդի խնդիրները

28.10.2013

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Սեքսոլոգների հայկական ասոցիացիան և ԵՊԲՀ-ն:

Ողջույնի խոսքում ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ընդգծեց սեռական խանգարումների վաղ ախտորոշման և բուժման կարևորությունը, որն ուղղված է առողջության առաջնային պահպանմանը: Դրանով են զբաղվում և բուհի ընտանեկան բժշկության ամբիոնում, և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, և այս ամենը իր արտացոլումն է գտնում կրթական ծրագրերում: Ռեկտորը հույս հայտնեց, որ այս գիտաժողովի ընթացքում հնչած զեկույցները, տեսակետներն ու մոտեցումները ևս տեղ կգտնեն կրթական ծրագրերում:

ԵՊԲՀ սեքսապատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սևադա Հակոբյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց. «Ներկայումս սեքսոլոգների առջև ծառացած են մի շարք խնդիրներ՝ պայմանավորված հասարակության նևրոտիզացիայի մակարդակով, հիպոդինամիայով, էկոլոգիական, ավելորդ քաշի, սթրեսային գործոնների գերակշռմամբ, էնդոկրին, սիրտանոթային պատոլոգիաներով: Այս դեպքերում սեքսուալ ֆունկցիան դառնում է ավելի խոցելի, ամուսնական սեքսուալ փոխհարաբերություններում դիտվում է աններդաշնակություն: Մեծ խնդիր են նաև վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները և հատկապես՝ արական անպտղության ցուցանիշների աճը»: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում կուսումնասիրվի և կքննարկվի այս և այլ հարցերի շուրջ սեքսոլոգների միջազգային փորձը:

Նշենք, որ «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով գիտաժողովին հրավիրված էին ճանաչված մասնագետներ Կանադայից, Ուկրաինայից և Հայաստանից, և այն կտևի երկու օր:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook