Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քաղաքներ, երկրներ և ազգեր միավորող անուններ

15.10.2013

Երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմի ավարտի 135-ամյակին և Սպիտակի ու Լենինականի երկրաշարժի 25-ամյա տարելիցին նվիրված «Քաղաքներ, երկրներ և ազգեր միավորող անուններ» խորագրով միջոցառում: Հանդիսությունը կազմակերպվել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային և կրթական նախագծի շրջանակներում՝ ՌԴ Տվերի մարզի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության և ԵՊԲՀ-ի աջակցությամբ:

Ողջույնի խոսքում ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ բժշկի աշխատանքն անհնար է պատկերացնել առանց բուժքրոջ, ում կարևորագույն հատկանիշը, գուցե և ավելի շատ, քան բժշկի մոտ, եղել է և պետք է լինի գթասրտությունը: Եվ իզուր չէ, որ նախկինում բուժքուրերին անվանել են գթության քույրեր:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Մարկ Կալինինն իր խոսքում նշեց, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, բացի կրթական և մշակութային նախագծերից, մեծ կարևորություն է տալիս նաև ռուս-հայկական պատմական կապերի ամրապնդմանը. «Այս կապակցությամբ մենք այսօր հիշում ենք մի մարդու, ով լիիրավ իրավունք ունի հերոս կոչվելու, մարդ, ում գործերը պետք է հիշվեն և գնահատվեն սերունդների կողմից: Յուրաքանչյուր պատերազմ ունենում է իր հերոսները, բայց ամեն պատերազմ բերում է նաև զոհեր, և այսօր մեզ համար մեծ պատիվ է հիշել նրանց, ովքեր հոգ էին տանում վիրավորների մասին. այդ մարդկանց թվում էր գթության քույր Եկատերինա Բակունինան»:

«Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, բժշկական էթիկայի խորհրդի անդամ Ռոման սրբազանը ներկայացրեց Եկատերինա Բակունինայի կյանքն ու անցած ուղին, Հայաստանում անցկացրած տարիները և կատարած մեծ աշխատանքը. «1877թ.-ին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, և 67 տարեկան Եկատերինա Միխայլովնան մեկնում է կովկասյան կռիվների թատերաբեմ, և Վրաստանում ու Հայաստանում կազմավորում գթության քույրերի ջոկատներ՝ Կարմիր խաչի ընկերություններ և գլխավորում դրանք: Կովկասում զինվորական հոսպիտալների բուժօգնության կենտրոնը դառնում է Դիլիջան քաղաքը, որտեղ Բակունինան մոտ մեկուկես տարի աշխատում է որպես գլխավոր գթության քույր»:

ՌԴ Տվերի մարզի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Բաբիչևն իր խոսքում կարևորեց Եկատերինա Բակունինայի առաքելությունը և նշեց, որ նրա նման անհատականությունների մասին հիշողությունները պետք է վառ մնան մարդկանց սրտերում: Նա նաև շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ղեկավարությանը՝ միջոցառման անցկացմանն աջակցելու համար և համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանին հանձնեց շնորհակալական նամակ «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան» բարեգործական հիմնադրամի կողմից:

Միջոցառման ընթացքում «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան» բարեգործական հիմնադրամի որոշմամբ Ե.Բակունինայի անվան մեդալով պարգևատրվեցին Երևան քաղաքի և ՀՀ մարզերի վաստակաշատ բուժքույրեր:

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook