Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Միջազգային կոնգրեսը՝ մեծահասակների վիրաբուժության զարգացման խթան

07.10.2013

Ս/թ հոկտեմբերի 3-5-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ վիրաբուժական միջազգային կոնգրես՝ «Մեծահասակների վիրաբուժություն» խորագրով: Կոնգրեսը կազմակերպել էր «Հայկական վիրաբուժություն XXI» պրոֆեսիոնալների միությունը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանի բժշկական կենտրոնների, Հայկական միություններ (վիրաբույժների, անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների, վնասվածքաբանների և օրթոպեդների, ուռուցքաբանների, անոթային վիրաբույժների, նյարդավիրաբույժների) հետ համատեղ:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը բացման խոսքում նշեց, որ մեծահասակների վիրաբուժությունը ունի ոչ միայն բժշկական, այլև ցայտուն արտահայտված սոցիալական ուղղվածություն: Բացի այդ՝ մեծահասակների առողջության պահպանումը նաև միջառարկայական խնդիր է, որի լուծման մեջ մեծ դեր ունեն թերապևտները, վիրաբույժները, հոգեբանները և այլ մասնագետներ. «Մենք նպատակ ունենք ընդհանուր բժշկական պրակտիկան ուսանողներին ներկայացնել որպես առարկա, ընտանեկան բժշկությունը զարգացնել որպես ակադեմիական կրթության վրա հիմնված մասնագիտություն»:

Այնուհետև Միքայել Նարիմանյանը հայ-ռուսական համագործակցության և առողջապահության ոլորտում կատարած ներդրումների համար ԵՊԲՀ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրեց ՌԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, Ա.Վ. Վիշնևսկու անվան գիտակա կենտրոնի տնօրեն, ՌԴ ԱՆ գլխավոր վիրաբույժ Վ.Ա. Կուբիշկինին, Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի կոլոպրոկտոլոգիայի և էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պ.Վ. Ցարկովին, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հ.Վ.Սարուխանյանին:

Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին և հյուրերին՝ ակադեմիկոս Հովհաննես Սարուխանյանը նշեց, որ այս կոնգրեսը կօգնի խմբավորել մեծահասակների վիրաբուժության բնագավառում կուտակած փորձը, կբարելավի տարեց մարդկանց հիվանդությունների վաղ հայտնաբերման, առավել օպտիմալ վիրահատական մեթոդներով բուժման, վերականգնման և կյանքի որակի բարելավման հնարավորությունները:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ողջույնի ուղերձը կոնգրեսի մասնակիցներին փոխանցեց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը. «Ձեզանից յուրաքանչյուրն առանձին ոլորտում իր դպրոցն է ստեղծել: Եվ այսօր ի մի բերելով մեծահասակների վիրաբուժության ասպարեզում բոլորիդ կուտակած փորձը՝ կկարողանաք գտնել առկա խնդիրների լուծման օպտիմալ ուղիները, որոնք, անշուշտ, նոր խթան կհանդիսանան մեծահասակների վիրաբուժության հետագա զարգացման համար»։

«Մենք հպարտանում ենք, որ Հայաստանը դարձել է նման կոնգրեսի անցկացման վայր: Հպարտ ենք հատկապես նրանով, որ հայկական վիրաբուժական դպրոցի հեղինակավոր մասնագետներն ունեն իրենց ծանրակշիռ ներդրումը համամարդկային գործում»,-ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ վստահություն հայտնելով, որ «Մեծահասակների վիրաբուժություն» խորագրով միջազգային այս կոնգրեսը իր ներդրումը կունենա Հայաստանի առողջապահական և վիրաբուժական գործի հետագա զարգացման մեջ:

Նշենք, որ Մեծահասակների վիրաբուժություն» խորագրով միջազգային կոնգրեսին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան Գերմանիայի, Ռուսաստանի և Հայաստանի հրավիրված ականավոր մասնագետներ:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook