Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը ԵՊԲՀ-ում

04.10.2013

Ս/թ հոկտեմբերի 2-3-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված ընտանեկան բժշկության արդի խնդիրներին: Այն կազմակերպել էր ԵՊԲՀ-ը՝ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի առաջատար մասնագետներ և հրավիրված դասախոսներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ԱԱՊ բժիշկներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից՝ ավելի քան 450 հոգի:

Ողջույնի խոսքում ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ առաջնային բուժօգնություն չի նշանակում օգնություն միայն հիվանդության սկզբնական փուլում, այն ավելի ծավալուն է և կարող է ընդգրկել հիվանդության զարգացման բոլոր փուլերը՝ մինչհիվանդանոցային շրջանից մինչև վերականգնողական փուլ, անգամ՝ հաշմանդամության դեպքում: Նա կարևորեց ընդհանուր բժշկական պրակտիկայի և ընտանեկան բժշկության ընդունած դրույթը, որում նշվում է, որ ընտանեկան բժիշկը իրականացնում է որակյալ առաջնային բուժօգնություն՝ անկախ պացիենտի սեռից, տարիքից և իր մոտ առկա առողջական խնդրից: Ռեկտորը կարևորեց ընդհանուր բժշկական պրակտիկայի ներդրումը նախադիպլոմային կրթության վաղ փուլում, քանի որ միայն հետբուհական և շարունակական կրթության փուլում դա հնարավոր չէ իրականացնել: Նա նշեց, որ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպությունը նպատակ ունի ընդհանուր բժշկական պրակտիկան ներկայացնել ուսանողներին որպես առարկա և ընտանեկան բժշկությունը զարգացնել որպես ակադեմիական կրթության վրա հիմնված մասնագիտություն:

ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը, ներկայացնելով ԱԱՊ օղակի բժիշկների անցած ուղին, նշեց, որ նախնական փուլում՝ հանդիպում էին մեծ դժվարությունների, քանի որ նեղ մասնագետների մոտ մտահոգություն կար, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը կարող է վնասել իրենց գործունեությանը: Նախարարի հրամանով ԱԱՊ օղակի բժիշկների գործունեության հիմքը դրվեց գյուղական վայրերում, ինչը ճիշտ որոշում էր, քանի որ այդ վայրերի փոքր պոլիկլինիկաներում նեղ մասնագետներ պահելը խիստ ծախսատար էր: Իսկ այսօր պարզ երևում է, որ գյուղական վայրերում ընտանեկան բժշկության ինստիտուտը կայացել է:

Նշենք, որ սա ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովն էր, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ընտանեկան բժիշկների շրջանում, և կլինի շարունակական:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook