Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մուկովիսցիդոզը դատավճիռ չէ

25.09.2013

Ս/թ սեպտեմբերի 24-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացավ «Մուկովիսցիդոզ. իրավիճակը Հայաստանում, նվաճումներ, խնդիրներ և լուծումներ» վերնագրով սեմինար:

ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, մանկաբույժ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Մուկովիսցիդոզի հայկական կենտրոնի տնօրեն Վաչագան Բաղդասարյանը և նույն կենտրոնի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանը ներկայացրին Հայաստանում մուկովիսցիդոզի միակ կենտրոնի գործունեությունը, նպատակը և առկա խնդիրները:

Կենտրոնը ստեղծվել է 2005թ.-ին՝ հանրապետության ողջ մանկական ազգաբնակչության սպասարկման գործառույթով: ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվեց պետության կողմից անվճար դիսպանսեր հսկողություն մուկովիսցիդոզի կենտրոնում, կենսական կարևոր դեղորայքի անվճար սպասարկում ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում:

Ներկայումս կենտրոնում դիսպանսեր հսկվում են 0-18 տարեկան 42 երեխաներ ինչպես ՀՀ տարբեր մարզերից, այնպես էլ ԼՂՀ-ից և Վրաստանի Հանրապետությունից: Դիսպանսեր հսկողության ծավալն ընդգրկում է այցեր կենտրոն, որոնց ընթացքում կատարվում են տարբեր հետազոտություններ, խորհրդատվություններ և քննություններ՝ ըստ կլինիկական ցուցումների: Բուժումը կատարվում է մուկովիսցիդոզի բուժման եվրոպական և ամերիկյան չափորոշիչներով: Սրացումների ժամանակ կատարվում է հոսպիտալիզացում համալսարանական մանկաբուժական կլինիկաներում:

Կենտրոնը հանդիսանում է ՌԴ մուկովիսցիդոզի կենտրոնի ռեֆերենտ և կատարվում է մուկովիսցիդոզի կասկածով հիվանդների անվճար խորհրդատվություն ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաքից, ԼՂՀ և Վրաստանից: Բարդ կլինիկական իրավիճակներում կազմակերպվում է խորհրդատվություն մասնագետների կամ Լոնդոնի Ռոյալ Բրոմպտոն հիվանդանոցի ռեսպիրատոր կլինիկայի ղեկավար Ա. Բուշի հետ:

Մուկովիսցիդոզի կենտրոնը համագործակցում է Մուկովիսցիդոզի համաշխարհային կազմակերպության, Լոնդոնի Ռոյալ Բրոմպտոն հիվանդանոցի ռեսպիրատոր կլինիկայի, Վրաստանի մուկովիսցիդոզի կենտրոնի, Ռուսաստանի մուկովիսցիդոզի կենտրոնի, Եվրոպայի հազվադեպ հիվանդությունների կազմակերպության, ՀՀ բժշկական գենետիկայի կենտրոնի, «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների հետ:

Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են սեմինարներ, մասնակցում տեղական և միջազգային սեմինարների և գիտաժողովների, անցնում վերապատրաստում ՌԴ մուկովիսցիդոզի կենտրոնում՝ հիվանդության բուժման միջազգային փորձը մեր երկրում ներդնելու նպատակով, ինչպես նաև հրատարակում ուսումնամեթոդական ձեռնարկներ և գիտական աշխատանքներ:

Մուկովիսցիդոզի հայկական կենտրոնի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանը առանձնացրեց մի շարք խնդիրներ՝ կենտրոնը չունի ֆիզիաթերապիայի կաբինետ, որը կնպաստեր երեխաների թոքերի ֆունկցիայի բարելավմանը, հանրապետությունում բացակայում են անհրաժեշտ որոշ դեղամիջոցներ: Նա կարևորեց նաև այն խնդիրը, որ մուկովիսցիդոզով հիվանդ 18 տարեկանից բարձր անձանց այլ բժշկական հաստատություններում չեն ընդունում:

Մուկովիոցիդոզը կամ ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզը սպիտակ ռասսայում ամենահաճախ հանդիպող գենետիկական հիվանդություններից է, որը բնորոշվում է բազմաօրգանային ախտահարումներով, կյանքի տևողության և որակի խիստ կրճատումով, սակայն Մուկովիոցիդոզի հայկական կենտրոնի մասնագետները պնդում են, որ այն դատավճիռ չէ և համապատասխան բուժման և խնամքի դեպքում հնարավոր է կյանքի որակի բարելավում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook