Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Կաթվածի բուժումը 2013» միջազգային գիտաժողով ԵՊԲՀ-ում

23.09.2013

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բացվեց «Կաթվածի բուժումը 2013» խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին: Գիտաժողովին հրավիրված էին միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից և Կանադայից, ովքեր կարդացին հատուկ ծրագրով մշակված դասախոսություններ:

Բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Գիտաժողովը համանախագահում էին ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և ԱՄՆ Բոստոնի բժշկական կենտրոնի գլխուղեղի կաթվածների ծառայության և Բոստոնի համալսարանական բժշկական կենտրոնի անոթային նյարդաբանության վերապատրաստման ղեկավար, Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիկեն Բաբիկյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարը փաստեց, որ Հայաստանում տարեկան արձանագրվում է ուղեղի կաթվածի ավելի քան 5000 դեպք: Դրանց ուղիղ կեսն ունենում է մահվան ելք, մյուս կեսը դատապարտվում է տարբեր աստիճանի հաշմանդամության: Զարգացող երկրներում այս վտանգավոր հիվանդությունը գնալով նվազում է, վտանգի գոտում բնակչության 20 տոկոսն է: Ընդամենը 3 տարի առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հիմնադրվեց անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն` հագեցած ժամանակակից սարքավորումներով և արտերկրում վերապատրաստված մասնագետներով: Այդպիսով` ժամանակակից բժշկության ամենակարևոր ու արդիական ոլորտում Հայաստանում կատարվեց առաջին նշանակալի քայլը: Դերենիկ Դումանյանը կարևորեց այս գիտաժողովը, առաջին հերթին, նրանով, որ այն նոր թափ կհաղորդեն մեր երկրում կաթվածի բուժմանն ուղղված աշխատանքերին:

Ռուբեն Ֆանարջյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած 2012թ.-ի վիճակագրական տվյալները ուղեղի կաթվածի վերաբերյալ, որոնք արդեն իսկ փաստում են իրավիճակի լրջությունը Պրոֆեսոր Ֆանարջյանը ներկայացրեց անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոնի հաշվետվությունը և այն խնդիրներն ու հարցերը, որոնք կլուծվեն հետագա աշխատանքների շնորհիվ: Ռուբեն Ֆանարջյանը համոզվածություն հայտնեց, որ գիտաժողովի ընթացքում հնչած դրույթները կկիրառվեն ոչ միայն ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայում, այլև Հայաստանի առողջապահության համակարգում ընդհանրապես, քանի որ այս գիտաժողովին հրավիրված էին ոչ միայն նյարդաբաններ և նյարդավիրաբույժներ, այլև առաջնային օղակի բժիշկներ, քանի որ հենց այդ մասնագետներն են առաջին հարվածն ընդունում իրենց վրա:

Ամփոփելով գիտաժողովի բացման արարողությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ասաց, որ Հայաստանում բժշկագիտության բնագավառում կաթվածի բուժումն ունի ավանդույթներ և պատմություն, և համոզված է, որ այս գիտաժողովը նոր շունչ կհաղորդի այդ գործընթացին ու կլինի արդյունավետ:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook