Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նվիրատվություն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին

12.09.2013

Երեկ Մուրացան համալսարանական հիվանդանոցում տեղի ունեցած միջոցառումը նախապես կատարված բավականին արդյունավետ կազմակերպչական աշխատանքի արդյունք էր:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի, ՀՀ առողջապահության նախարարության, ԵՊԲՀ ղեկավարության համատեղ ջանքերի արդյունքում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր բերվել Kelfer-500 դեղամիջոցի բավականին մեծ խմբաքանակ:

Հումանիտար հիմունքներով կլինիկային նվիրած դեղամիջոցի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, դեսպանատան մամուլի, տեղեկատվության և մշակույթի գծով կցորդ Տ. Ռամեշը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, պրոռեկտորներ Արմեն Մինասյանը, Երվանդ Սահակյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի աշխատակիցներ:

Բացելով միջոցառումը ԵՊԲՀ ռեկտոր Մ. Նարիմանյանը նշեց.

«Այսօր մենք հավաքվել ենք շատ հուսադրող առիթով: Ինչու հենց հուսադրող, որովհետև խոսքը գնում է թալասեմիայի մասին, այսինքն՝ արյան հիվանդության, որը չի հուսադրում բժշկին և հույս չի տալիս հիվանդին ունենալու դրական արդյունք: Հիմնական խնդիրը այս հիվանության դեպքում կայանում է նրանում, որ օրգանիզմում կուտակվում է երկաթ և առաջանում է երկրորդ հիվանդությունը՝ հեմոսիդերոս, որը ըստ էության կրում է յաթրոգենիայի պիտակ, քանի որ դա այն հիվանդությունն է, որը առաջանում է օգնություն ցուցաբերելու ընթացքում: Այդպիսի երևույթներ մեր պրակտիկայում կան, բազմաթիվ են և այսօր մենք վստահ ենք, որ կունենանք այսպիսի հիվանդներին փրկելու հնարավորություն՝ երկարացնելու նրանց կյանքը:

Դեղամիջոցը, որը այսօր մենք ստանում ենք Հնդկաստանի դեսպանի օգնությամբ, թույլ կտա վերացնել օրգանիզմում երկաթի ավելցուկը, որը առաջանում է հենց բուժման արդյունքում, առանց որի երեխայի կյանքը ապահովել հնարավոր չէ: Նորին գերազանցություն դեսպանի օգնությամբ ստացված դեղամիջոցը, որը այսօր տրվում է քիմիաթերապիայի կլինիկային, կարող է բավարարել ներկայումս առկա 25 հիվանդների բուժումը: Դեղամիջոցը օգտագործելու արդյունքում հնարավոր կլինի մանկահասակ պացիենտին հասցնել միչև այն տարիքը, երբ հնարավոր կլինի կատարել ոսկրածուծի փոխպատվաստում: Իսկ ինչպես գիտենք՝ փոխպատվաստման արդյունքում կյանքը արդեն դառնում է ապահով: Նշված երևույթների փոխկապակցվածությունը և այն, որ տվյալ դեպքում կարելի կլինի ներդնել նաև հետազոտության տարբեր մեթոդները կնպաստեն հիվանդի կյանքի ոչ միայն քանակական, այլև որակական գնահատականների բարձրացմանը:

Գիտակցելով այդ ողջ շղթայում կլինիկային հատկացված դեղամիջոցի կարևորությունը, բոլորիս՝ այդ թվում համալսարանական կլինիկայի անունից, այն թիմի անունից, որը անմիջականորեն զբաղվում է այդ հարցով, շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատանը, անձամբ նորին գերազանցություն դեսպանին, ի դեմս նրա՝ նրա հայրենիքին՝ այս կարգի աջակցության ցուցաբերման առիթով: Համալսարանը չի սահմանափակվում միայն բուժական հարցերով և յուրաքանչյուր նորամուծություն, յուրաքանչյուր նորություն՝ լինի դա դեղորայքային թե հետազոտական մեթոդի կիրառման՝ արտացոլվում է ուսումնական գործընթացի մեջ, և այս գործընթացի կիրառումը, այս դեղամիջոցի կիրառումը, ես հուսով եմ և համոզված եմ՝ կստանա իր ուրույն տեղը մեր ուսումնական ծրագրերում: Այս առնչությամբ դիմում եմ ամբիոնի վարիչներին և կլինիկայի ղեկավարներին, որ անմիջապես ծրագրերում տեղ տրվի այս ուղղությամբ գիտելիքների ապահովմանը, երևույթ, որը կարելի է որակել որպես ներքին ինտեգրացիա՝ համապարփակ մոտեցում խնդրի լուծման հարցում:

Շնորհակալություն հայտնելով, ուզում եմ նշել, որ սա փոքր մարդասիրական օգնություն չէ, սա բարդ տեխնոլոգիայով պատրաստված դեղորայքով ապահովում է այն կլինիկային, որը իրականացնում է այս բարդագույն գործունեությունը և այդպիսի մոտեցումը հարցին կենտրոնացնում է մեր ուշադրությունը այն նախաձեռնողների վրա»:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն իր խոսքում նշեց. «Ես այստեղ եմ հատուկ առաքելությամբ և այս առիթով չընդարձակվելով ցանկանում եմ մի քանի խոսք ասել այս փոքրիկ, համեստ ներդրման մասին: Մի քանի ամիս առաջ պրոֆեսոր Դանիելյանը մոտեցավ ինձ կոնկրետ առաջարկով և տեղեկատվությամբ, թե ինչպիսի հիվանդություն է այստեղ տարածված երեխաների շրջանում: Խոսեց այն իրադրության մասին, որը քիչ առաջ ներկայացրեց հարգարժան պարոն ռեկտորը: Դուք բոլորդ բժիշկներ եք, փորձագետներ, առողջապահության մասնագետներ եք, և ինքներդ շատ լավ գիտեք, այն ինչ ինձ ներկայացրին համալսարանի աշխատակիցները: Նշված հիվանդության առումով իրավիճակը պատկերացնելը, որում ինձ օգնեցին համալսարանական համապատասխան մասնագետները, ինձ հնարավորություն տվեց գտնելու համապատասխան դեղամիջոցը ձեռք բերելու ամենաճիշտ և ամենակարճ ուղին, ինչպես նաև դրանց ներմուծման արագ կազմակերպումը:

Ես հասկանում եմ, թե ինչպիսի հիվանդության մասին է խոսքը և հուսով եմ այս փոքրիկ օգնությունը, եթե նույնիսկ չօգնի առհասարակ վերացնել այս հիվանդությունը, ապա գոնե փոքր ներդրում կլինի այդ երեխաների բուժման գործընթացում: Ինչպես իր խոսքում նշեց հարգարժան ռեկտորը՝ այն կօգնի հիվանդ երեխաների կյանքի տևողության երկարացմանը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մենք ճիշտ ընտրություն կատարեցինք ընկերության ընտրության հարցում. «Cipla» ընկերությունը, որն ունի մասնաճյուղեր ավելի քան հարյուր երկրներում, արագ արձագանքեց և կազմակերպեց դեղորայքի տեղափոխումը: Կցանկանայի ընդգծել նաև բժշկական համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորատի հետ մեր արդյունավետ համագործակցության արդյունավետությունը: Ես այստեղ եմ ավարտելու իմ առաքելությունը, այս շատ համեստ ներդրումը անելու հայ երեխաների համար: Վերջում թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել մեծարգո ռեկտորին, փոխնախարարին և ներկայացնել մեր նշանաբանը՝ մենք այստեղ ենք, մենք շարունակելու ենք մեր առաքելությունը այստեղ, մենք բաց ենք, պատրաստ ենք օգնելու երեխաներին, որտեղ էլ որ լինեն, ինչ կարգավիճակով էլ որ հանդես գան»:

Սամվել Դանիելյանը կլինիկայի աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնեց և նվիրատվության համար նշեց. «Այսօր մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև մենք մի քայլ կարծես թե ավելի առաջ ենք գնում՝ շնորհիվ մեր բարեկամների: Կուզեմ շնորհակալություն հայտնել բոլորին, որովհետև ամեն մարդ փորձեց աշխատել շատ օպերատիվ և շատ արդյունավետ՝ մինչև այս դեղերը հասան այս սենյակ: Ես ունեմ փորձ աշխատելու միջազգային կառույցների հետ, բայց այսպիսի օպերատիվության համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել և նշել համալսարանի ռեկտորի, պրոռեկտորներ Երվանդ Սահակյանի, Արմեն Մինասյանի շատ օպերատիվ աշխատանքը, ովքեր արդյունավետորեն կազմակերպեցին դեղորայքի տեղ հասնելու հետ կապված բոլոր հարցերը: Առիթի բերմամբ նշեմ, որ Հայաստանում մենք դեռ չունենք հիվանդ, որը թևակոխել է իր հասունություն տարիքը՝ այս հիվանդությունը ունենալով:

Այսինքն մենք միշտ ունեցել ենք այս հիվանդների հետ կապված «անբուժելի» բառը, որը ուղեկցել է նրանց: Այս դահլիճում ներկա է հիվանդ իր ծնողի հետ, ով գիտե, որ այս դեղամիջոցը ունենալով մենք հնարավորություն կունենանք բացարձակ անվճար նրան հասցնելու մինչև հասունություն: Ինձ համար սա շատ կարևոր օր է, ուզում եմ շնորհակալություն հայտնել մանավանդ նորին գերազանցություն պարոն դեսպանին, ով իր գործողություններով ցույց տվեց, թե ինչքան կարեկից է մեր խնդիրներին: Ամեն օր հեռախոսային խոսակցություններ էին տեղի ունենում, որպեսզի որևէ էտապում հանկարծ սխալներ չլինեն: Բոլորից անչափ շնորհակալ եմ»:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Ավելի թանկ բան ծնողի համար, քան երեխայի առողջությունն ու կյանքն է՝ չկա: Եվ ապրել այն գիտակցությամբ, որ իր երեխան անբուժելի հիվանդ է՝ չափազանց ծանր է: Այսօր սկիզբ է դրվում մի ծրագրի, որը իսկապես կյանքի համար նոր լույս է բացում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նորին գերազանցությանը այն առաքելության համար, որն իրականացվեց: Ուզում եմ նաև ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են այս ծրագրի իրականացմանը, և վստահություն ունենալ, որ նման ծրագրերը շարունակական կլինեն: Ցավոք մենք չունենք այն լայն հնարավորությունը, որպեսզի կարողանանք այսիպիսի ծրագրերը ինքներս իրականացնել, բայց կարծում եմ, որ նման ծրագրերի սիզբը դրվելուց հետո պետք է շարունակման պատասխանատվությունը վերցնենք նաև մեզ վրա:

Մենք չափազանց կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր համագործակցությունը: Սա առաջին նախաձեռնությունը չէ. բազմաթիվ ծրագրերի սկիզբ է դրվել, և մենք ունենք շատ փայլուն համագործակցության բազմաթիվ օրինակներ: Նաև վստահ ենք, որ համագործակցությունը ընդլայնելու ենք: Կարծում եմ այստեղ բազմաթիվ նոր ծրագրեր են քննակվելու և ևս մեկ անգամ շնորհակալություն ձերդ գերազանցություն»:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook