Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Սկսվեց 2013-2014 ուսումնական տարին

02.09.2013

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սկսվեց նոր ուսումնական տարին: Ինչպես միշտ, այս անգամ ևս համալսարանն ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել իր պատվաբեր առաքելության իրագործմանը: Ուսումնական գործընթացը կսկսվի վերազինված լսարաններում, կլինիկական բաժանմունքներում, գիտական լաբորատորիաներում, գրադարանում: Դասախոսների պատրաստակամ անձնակազմը՝ շարունակելով տարիների ավանդույթը, իր գիտելիքներն ու փորձը կհաղորդի ուսանողներին:

Ստեղծվածին պետք է ավելացնել նաև ուսանողների արդյունավետ աշխատանքն ու ուսումնական կարգապահությունը, որպեսզի նրանք իրենց ձեռք բերած գիտելիքներով ու մասնագիտական ունակություններով մոտ ապագայում համալրեն մեր երկրին ու ժողովրդին այնքան անհրաժեշտ լավագույն բժիշկների և դեղագետների շարքերը:

Համալսարանը շարունակելու է բժիշկ-մասնագետներ պատրաստել նաև արտասահմանյան մի շարք երկրների համար:

Ուսումնական տարին առաջին կուրսեցիների համար ԵՊԲՀ-ում սկսվեց Գիտելիքի, գրի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին: Նրանց համալսարանի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի և իր անունից ողջունեց միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սահակյանը. «Սիրելի առաջին կուրսեցիներ, ուրախ եմ շնորհավորելու ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Դուք ընտրել եք ամենամարդասիրական մասնագիտությունը, որն անմնացորդ նվիրում է պահանջելու ձեզանից: Դուք ընդունվել եք բարձրագույն ուսումնական մի հաստատություն, որը կրում է մեծ բժշկապետ Մխիթար Հերացու անունը, ունի հիանալի պատմություն, լավագույն ավանդույթներ, գիտական նվաճումներ և մեծ համբավ: Համալսարանում անցկացրած տարիները ձեզ համար կլինեն դժվարին, բայց միևնույն ժամանակ՝ ամենաերջանիկ տարիները: Սիրելի առաջին կուրսեցիներ, լավ մասնագետ դառնալու ուղին լավ ուսանելն է, մասնակցությունը ուսանողական գիտական աշխատանքներին և ուսանողական արտալսարանային կյանքին: Միայն աշխատասիրությամբ, կարգապահությամբ և լավ սովորելով կարող եք հասնել ձեր առջև դրված նպատակին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»:

Օրը հանդիսավոր էր նաև Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում: Նախ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանն ընթերցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը, այնուհետև աշակերտներին, ծնողներին, ուսուցչական անձնակազմին և հյուրերին ԵՊԲՀ ռեկտորի անունից ողջունեց համալսարանի ուսումնամեթոդական վարչության պետ Աննա Տեր-Մարկոսյանը և հաստատեց համալսարանի մշտական ու բազմակողմանի աջակցությունը դպրոցին:



 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook