Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հաջողությունը ընտրում է պատրաստվածներին

12.07.2013

Հուլիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տարեվերջյան գիտխորհուրդը, որը նվիրված էր 2013 թ.-ի ավարտական հանդիսությանը:

Շրջանավարտներին շնորհավորեց և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը փոխանցեց Տեր սրբազան Արշակը. «Ինձ համար մեծ ուրախություն է և պատիվ կրկին գտնվելու բժշկական համալսարանի ավարտահանդեսին: Փոխանցում եմ ձեզ Վեհափառ Հայրապետի ողջույնը և օրհնությունը:

Վստահ եմ, որ ձեր մասնագիտական գործունեության ընթացքում դուք բազմաթիվ կյանքեր կփրկեք և շատ ընտանիքներ կերջանկացնեք»: Օրհնելով ապագա բժիշկների մեծ առաքելությունը՝ սրբազանն աղոթեց և մաղթեց նրանց բարի երթ:

Շրջանավարտներին հանդիսավոր օրվա կապակցությամբ շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը.

«Սիրելի երիտասարդ գործընկերներ, տարիներ առաջ դուք ընտրեցիք բժշկությունը որպես ապագա մասնագիտություն, անցան ուսման դժվար և ուրախ տարիները, և այժմ մենք պատիվ ունենք շնորհելու ձեզ բժիշկի որակավորում: Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ լինել առողջ և ամուր: Խորհուրդ եմ տալիս մասնագիտական գործունեության ողջ ընթացքում միշտ աշխատեք կատարելագործվել: Հիշեք՝ հաջողությունը ընտրում է պատրաստվածներին»:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի շնորհավորական ուղերձը փոխանցեց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը. «Սիրելի շրջանավարտներ, դուք ավարտում եք մի բուհ, որ իր երկարամյա պատմության սկզբից մինչև այսօր անուրանալի ներդրում է ունենում մեր երկրի առողջապահական համակարգը բժշկական բարձրորակ կադրերով ապահովելու գործում: Նշանավոր այս օրը ձեր շուրթերից հնչած երդումով կյանքի անչափ պատասխանատու մի փուլ է սկսվում: Միշտ հավատարիմ մնացեք ձեր երդմանը՝ բարձր պահելով մայր կրթօջախի անունն ու վարկը: Երբեք չմոռանաք, որ բժիշկը գործ ունի ոչ միայն մարդու առողջության, այլև նրա կյանքի հետ: Հետևաբար, որպես ամենամարդկային, ամենագթառատ մասնագիտության տեր՝ միշտ եղեք մարդկային վեհ և առաքինի արժեքների կրողը: Բարի երթ դեպի ձեր երազանքների իրականացում»:

Այնուհետև բուհի 441 շրջանավարտներ երդվեցին լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդներ: Երդման արարողությունից հետո այն շրջանավարտներին, որոնք ուսման տարիներին ցուցաբերել են փայլուն առաջադիմություն, համալսարանի ռեկտորը հանձնեց առաջին կարգի (կարմիր) դիպլոմներ:

Միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով, որն ապահովեց հյուրերի և մասնակիցների բարձր տրամադրությունը ողջ երեկոյի ընթացքում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook