Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ օտարերկրացի շրջանավարտները երդվեցին կատարել Հիպոկրատի պատգամը

02.07.2013

Հունիսի 29-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ օտարերկրացի ուսանողների ավարտական հանդիսությունը: ԵՊԲՀ-ի ավարտական դիպլոմ էին ստանում Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հնդկաստանի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Շրի Լանկայից, Վրաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Իսրայելից, Լիբանանի Հանրապետությունից, Իրաքի Դաշնակցային Հանրապետությունից 101 շրջանավարտ:

Միջոցառմանը հրավիրված էին Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մոհամադ Տավաֆին:

Շրջանավարտներին հանդիսավոր օրվա կապակցությամբ շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը. «Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ: Այսօր ավարտվեց Ձեր կյանքի բարդ շրջաններից մեկը, շրջան, որ Ձեզ շատ բան տվեց: Բայց այսքանով չի սահմանափակվում Ձեր կրթությունը, քանի որ բժիշկը մշտապես պետք է ինքնակրթվի: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ ողջ կյանքի ընթացքում»:

Շրջանավարտներին շնորհավորեց նաև ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան դոցենտ Աննա Սարգսյանը. «Սիրելի շրջանավարտներ, դուք անցաք երկար ճանապարհ և հասաք Ձեր նպատակին: ԵՊԲՀ-ում Դուք ստացաք Ձեր երազած մասնագիտությունը, և այժմ, երբ վերադառնաք Ձեր երկրները, այնտեղ պետք է ապացուցեք, որ այստեղ ձեռք եք բերել անհրաժեշտ և որակյալ գիտելիքներ: Ուզում եմ իմանաք, որ այս վեց տարիների ընթացքում Դուք դարձաք մեզանից մեկը և համալրեցիք ԵՊԲՀ շրջանավարտների բանակը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում նորանոր հաջողություններ»: Այնուհետև նա ներկայացրեց այն ուսանողներին, ովքեր պետական ավարտական ատեստավորման բանավոր քննության ընթացքում լավ արդյունքներ են ցուցաբերել՝ Սպուրվա Նիգամ (Հնդկաստանի Հանրապետություն), Ռենու Ռանա (Հնդկաստանի Հանրապետություն), Սուդիպ Սինգ Բադանա (Հնդկաստանի Հանրապետություն), Արման Տահմասբի (Իրանի Իսլամական Հանրապետություն), Վահե Պետրոսյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Ֆարզին Շահրոխ Զադե (Իրանի Իսլամական Հանրապետություն), Արամե Մուսախանյան (Իրանի Իսլամական Հանրապետություն), Պողոսյան Անի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Նաստարան Մոշաենեզադ (Իրանի Իսլամական Հանրապետություն):

Շնորհավորելով ավարտական օրվա կապակցությամբ՝ ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր դոցենտ Երվանդ Սահակյանը ասաց. «Հասել է ամենակարևոր պահը, այն պահը, որն ուղեցույց է լինելու Ձեզ ողջ կյանքի համար: Այժմ Դուք կարտասանեք Հիպոկրատի երդումը, և հուսով եմ, որ կկատարեք նրա պատգամը Ձեր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում»: Այնուհետև մեծ բժշկապետի երդումը հայերեն լեզվով կարդալու համար նա բեմ հրավիրեց մեր համալսարանի հնդիկ շրջանավարտ Ռենու Ռանային:

Երդման արարողությունից հետո շրջանավարտներ Արման Տահմասբին (Իրանի Իսլամական Հանրապետություն), Դուրգարյան Ամայակը (Վրաստանի Հանրապետություն), Պարիսա Հաբիբին (Իրանի Իսլամական Հանրապետություն), Նիտին Կումար Չաուհանը (Հնդկաստանի Հանրապետություն) ելույթ ունեցան և շնորհակալություն հայտնեցին ԵՊԲՀ ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին՝ այս տարիների ընթացքում իրենց հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և ստացած գիտելիքների համար:

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և ավարտվեց շրջանավարտների ուժերով պատրաստված տոնական հանդիսությամբ:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook