Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը ԵՊԲՀ-ում

14.06.2013

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ») ծրագրի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին աջակցում էին նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունները, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Զարգացման հայկական գործակալությունը:

Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը. «Պատիվ ունեմ մեր համալսարանի անունից ողջունելու Ձեզ: Ուրախ եմ տեսնել մեր ընտանեկան բժիշկներին, որոնց ներկայությունը այստեղ երաշխիք է այն բանի, որ մեր երկրում առաջնային բուժօգնության ներկայացուցիչները ներգրավված են դեղորայքի անվտանգ, արդյունավետ և մատչելի գործընթացում, ինչին նպաստելու է և այս համաժողովը: Շնորհավորում եմ բոլորիս վեհաժողովի բացման կապակցությամբ և մաղթում բեղմնավոր և արդյունավետ համագործակցություն»:

Ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը. «Ջերմորեն ողջունում եմ Դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին: Ներկայացուցչական այս համաժողովը լուրջ նպատակներ է հետապնդում: Ինչպես գիտենք, մեր երկրում շրջանառվող դեղերի մինչև տասը տոկոսն է տեղական արտադրության: Մենք Ձեզ հետ միասին շատ անելիքներ ունենք ինչպես դեղարտադրության ընդլայնման, այնպես էլ պատշաճ արտադրական գործունեության պահանջների ապահովման գործում: Կարևորում եմ բոլոր այն համաժողովները, որոնք միտված են տվյալ ոլորտի միջազգային զարգացումներին համահունչ առաջընթացի ապահովմանը: Շնորհավորում եմ բոլորիդ համաժողովի բացման կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք»:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը: Նա նշեց, որ Հայաստանում շրջանառվող տեղական արտադրության դեղերի այդքան ցածր տոկոսը մտահոգիչ է, և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հնարավորինս կնպաստի այդ ցուցանիշի բարձրացմանը. «Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը ոլորտի հետ՝ առկա գիտահետազոտական, շուկայավարման, կառավարման կարողությունները հզորացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի կառավարության հետ՝ անհրաժեշտ սերտիֆիկացման մեխանիզմները մշակելու համար: Վստահ եմ, որ այս վեհաժողովը նոր կապերի, ձեռքբերումների հարթակ է լինելու»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և անձամբ իր անունից վեհաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը. «2011թ.-ի վերջին ՀՀ կառավարության կողմից ընդունված արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների արտադրական ծրագրի առավել հեռանկարային ուղղվածություններից մեկը դեղագործությունն է, այդ պատճառով մեծ ուշադրություն է դարձվում այս ոլորտին ինչպես էկոնոմիկայի, այնպես էլ առողջապահության նախարարությունների կողմից: Ես նույնպես հուսով եմ, որ այս վեհաժողովը կլինի արգասաբեր և նոր խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար»:

Նշենք նաև, որ համաժողովին զուգահեռ անցակցվեց դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը, որը տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների համար բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և վերջին ձեռբերումները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook