Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ֆոսֆոմ» բժշկական կրթաթոշակի 10-ամյակը Բրյուսելի բաց համալսարանում

10.06.2013

Ս/թ մայիսի 31-ից հունիսի 1-ը Բրյուսելի Բաց համալսարանում մեծ շուքով նշվեց «Ֆոսֆոմ» բժշկական կրթաթոշակի 10-ամյակը:

Բրյուսելի Բաց համալսարանը առաջարկում է շուրջ 40 ավարտական ծրագրեր տարբեր երկրների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Առողջապահության բնագավառում, ի դեմս Erasme համալսարանական հիվանդանոցի, Բելգիայի Բաց համալսարանը սերտորեն համագործակցում է ինչպես Բելգիայի, այնպես էլ այլ երկրների բուժհաստատությունների հետ:

Համալսարանի ավարտական ծրագրերի թվին է պատկանում «Ֆոսֆոմ» կրթաթոշակի ծրագիրը, որին տարեցտարի ավելի մեծ թվով մասնակիցներ են ընդգրկվում: «Ֆոսֆոմը» բժշկական կրթության աջակցման ֆոնդ է, որը բժշկական պրակտիկա անցնելու հնարավորություն է տալիս Եվրոպական Միության կազմում չընդգրկված երկրների ուսանողներին և երիտասարդ մասնագետներին: Այն իր գործունեությունը սկսել է դեռևս 1967թ.-ից և համագործակցում է հետևյալ երկրների հետ՝ Ալժիր, Հայաստան, Կամերուն, Գաբոն, Լիբանան, Մարոկկո, Մոլդովա:

Համալսարանը մասնակիցների պրակտիկան կազմակերպում է համալսարանական Erasme հիվանդանոցում, որը ստեղծվել է 1977թ.-ին և այժմ ամեն տարի իր 858 մահճակալային ֆոնդով ապահովում է 260 000 ամբուլատոր և 26 000 ստացիոնար հիվանդների բուժումը: Այն ակտիվորեն համագործակցում է Բելգիայի և այլ երկրների բուժհաստատությունների հետ և յուրաքանչյուր տարի ավելի քան 300 ուսանողներ և երիտասարդ մասնագետներ բժշկական պրակտիկա են անցնում այս բազմապրոֆիլ հիվանդանոցում:

Միջոցառմանը մասնակցող պատվիրակությունների թվում էր նաև ԵՊԲՀ պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը, ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը, մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., դոցենտ Նունե Բաղդասարյանը և մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը:

Այցելության ժամանակ վերահաստատվեց երկու համալսարանների միջև համագործակցությունը ոչ միայն շարունակելու, այլև դրա շրջանակները մեծացնելու ցանկությունը: Կարևորելով ֆրանսերենի լավ իմացությունը՝ որոշվեց ԵՊԲՀ-ում կազմակերպել ֆրանսերեն լեզվի հատուկ դասընթացներ, որն էլ ավելի մեծ թվով երիտասարդ մասնագետների ծրագրից օգտվելու հնարավորություն կընձեռնի:

Միջոցառման ժամանակ մեր պատվիրակությունը «Ֆոսֆոմ» ծրագրի կազմակերպիչներին երախտիքի խոսք հղեց ոչ միայն ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի, այլև ողջ կոլեկտիվի և 2008թ.-ից ի վեր կրթաթոշակի շնորհիվ մասնագիտացում ստացած բոլոր մասնակիցների անունից: «Հերացու» անվան ոսկե մեդալներով պարգևատրվեցին Բրյուսելի Բաց համալասարանի Բժշկության ֆակուլտետի դեկան, «Ֆոսֆոմ» ծրագրի ադմինիստրատիվ աշխատանքների ղեկավար, պրոֆեսոր Իվոն Էնգլերթը և մանկաբուժության գծով հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Ժորժ Կազիմիրը:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook