Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ճառագայթային ախտորոշման արդի խնդիրներին նվիրված գիտաժողով «Սիրով՝ Հայաստանին»

06.06.2013

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Գիտությունից դեպի պրակտիկա III ռուս-հայկական գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված ճառագայթային ախտորոշման արդի խնդիրներին: Այն կազմակերպվել էր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ԵՊԲՀ կլինիկական ախտորոշման ամբիոնի, Մոսկվայի բժիշկ-ճառագայթաբանների միության, ՌԴ ԱՆ Եվդակիմովի անվան Մոսկվայի պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի կլինիկական ախտորոշման ամբիոնի և Ճառագայթային ախտորոշման զարգացման հիմնադրամի կողմից:

Գիտաժողովի բացման խոսք ասաց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը. «Համալսարանի ղեկավարության, բոլոր նրանց անունից, ովքեր պատասխանատու են ճառագայթային ախտորոշման բնագավառում գիտական և կլինիկական ձեռքբերումների համար, ողջունում եմ Ձեզ և շնորհավորում բոլորիս այս կարևոր և արդիական գիտաժողովի բացման կապակցությամբ: Գիտաժողովի վերնագիրը՝ «Սիրով՝ Հայաստանին», և՛ ուրախացնող է, և՛ պարտավորեցնող: Մենք մեծ հարգանք ենք տածում դեպի ռուսական բժշկական գիտական դպրոցը, որն անցել են ներկա մասնագետներից շատերը: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կլինի փոխշահավետ և շարունակական»: Նա նաև ընդգծեց, որ ճառագայթային ախտորոշումը բժշկական առավել տեխնիկականացված մասնագիտություն է և պետք է տեխնիկապես շատ լավ զինված լինի:

Ողջույնի խոսք ասաց նաև Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Վասիլևը. «Մենք շատ ուրախ ենք այստեղ գտնվելու համար, և իզուր չէ, որ գիտաժողովը վերնագրվել է «Սիրով՝ Հայաստանին». մենք այստեղ շատ ընկերներ ունենք, եղել ենք Հայաստանի տարբեր քաղաքաներում, և ամենուր մեզ շատ ջերմ են ընդունել: Ուրախ ենք հատկապես մեր համագործակցության համար և նույնպես հուսով ենք, որ այն կլինի արդյունավետ և շարունակական»: Նա նաև շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանին, ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարություններին՝ գիտաժողովի անցկացմանը նպաստելու և աջակցելու համար:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին ճառագայթային ախտորոշման բնագավառի հայ և ռուս հայտնի մասնագետների և բժիշկ-ճառագայթաբանների քննարկումները ոլորտի արդիական խնդիրների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ III ռուս-հայկական գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված ճառագայթային ախտորոշման արդի խնդիրներին կտևի 2 օր և կավարտվի հունիսի 7-ին:
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook