Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում մեծարվեց ականավոր բժիշկ-գիտնական Վիլեն Հակոբյանը

30.05.2013

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հայտնի բժիշկ-դեղագետ, հանրապետության դեղաբանության դպրոցի հիմնադիր, մանկավարժ և հասարակական գործիչ, ԵՊԲՀ նախկին ռեկտոր, այժմ՝ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, միջազգային ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, բ.գ.դ., ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի 75-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ընթացքում ականավոր բժիշկ-գիտնականին պարգևատրեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և շնորհավորանքը Վիլեն Հակոբյանին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Սրբազանը: Իր անունից ևս շնորհավորելով մեծ բժշկին՝ նա նշեց, որ 75-ամյակը խորհրդանշական հանգրվան է, ընդամենը առիթ՝ գնահատելու նրա վաստակն ու ծառայությունները:

Իր շնորհավորական խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց. «Մեր կյանքում քիչ են մարդիկ, ում հետ հանդիպումը լինում է ճակատագրական: Ուզում եմ խոստովանել, որ ես այն բազմաթիվ մարդկանցից եմ, ում կյանքում Վիլեն Հակոբյանը խաղացել է և խաղում է նման դեր»: Սիրելի ուսուցչին պարգևատրելով ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով՝ նախարարը կեսկատակ-կեսլուրջ նկատեց. «Կարծում եմ շատերը կնախանձեն ինձ այս պահին, քանի որ քչերին է հնարավորություն տրվում պարգևատրելու իրենց ուսուցիչներին»:

Վիլեն Հակոբյանի հանդեպ ունեցած իր վերաբերմունքի և անձնական տպավորությունների մասին խոսեց և նրան հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը. «Մենք միաժամանակ ղեկավարում էինք հանրապետության առաջատար բուհերից երկուսը, և ռեկտորների խորհուրդների ընթացքում ինձ հիացնում էին նրա կազմակերպչական ունակությունները և հետաքրքիր մոտեցումները գիտությանը և կրթությանը: Եվ տարիներ հետո, երբ մենք երկուսս էլ այլևս ռեկտորներ չէինք, իսկ ես արդեն ղեկավարում էի Գիտությունների ազգային ակադեմիան, հաշվի առնելով նրա նման մարդու և գիտնականի փորձը, նրան հրավիրեցի ԳԱԱ, որտեղ նա այժմ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն է»:

Ծննդյան 75-ամյակի, հայրենի բժշկագիտության, մանկավարժության և առողջա­պահության ասպարեզներում, ինչպես նաև բժշկական համալսարանի կայացման ու միջազգայնացման գործում ունեցած բազ­մամ­յա արգասավոր ­և նշանակալի ավանդի կապակ­ցու­թյամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Պատվո առաջին աստիճանի շքանշան»-ով պարգևատրելով Վիլեն Հակոբյանին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց. «Ես հպարտ և երջանիկ եմ, որ Վիլեն Հակոբյանն այսօր մեզ հետ է և աջակցում է մեզ խնդիրների լուծման հարցերում՝ որպես ռեկտորի խորհրդական: Սիրելի՛ ուսուցիչ, հավաստիացնում եմ, որ այստեղ բոլորը սիրում և հարգում են Ձեզ և շնորհակալ են այն ամենի համար, ինչ արել ու շարունակում եք անել՝ ի նպաստ մեր բուհի և առողջապահական ողջ համակարգի»:

Հանդիսավոր միջոցառումը իր շնորհակալական խոսքով եզրափակեց հոբելյարը. «Տարիներ շարունակ այս ամբիոնից ելույթներ եմ ունեցել և միշտ հստակ իմացել եմ՝ ինչ պետք է ասել և ինչպես, բայց այսօր չգիտեմ որտեղից սկսել և ինչ ասել: Ուզում եմ իմ խորը գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր հանդիպել են իմ կյանքի ճանապարհին, բոլոր նրանց, ովքեր օգնել են իմ ճակատագրի ձևավորման և ամբողջ կյանքի ընթացքում: Բոլորիդ սրտանց հաջողություններ եմ մաղթում, Աստված Ձեզ պահապան»:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook