Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում բացվեց թայվանահայկական առաջին բժշկական գիտաժողովը թայվանահայկական առաջին բիզնես ֆորումի հետ համատեղ

24.05.2013

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ թայվանահայկական առաջին բժշկական գիտաժողովը թայվանահայկական առաջին բիզնես ֆորումի հետ համատեղ:

Գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Չինաստանի բժշկական համալսարանի, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի, «Թայվան-հայկական ալլիանս» մշակութային և տնտեսական հասարակական կազմակերպության կողմից:

Գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի անունից ողջունեց հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումյանը. «Ողջունում եմ Ձեզ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի անունից, ով հարգելի պատճառներով բացակայում է երկրից և ուրախ կլինի Ձեզ հանդիպել 2 օր հետո»: Պրոռեկտոր Ա. Համբարձումյանը հույս հայտնեց, որ առաջին անգամ անցկացվող թայվանահայկական այս գիտաժողովը բիզնես ֆորումի հետ համատեղ կլինի շարունակական և կարևոր նշանակություն կունենա երկու երկրների բժշկական, մշակութային և տնտեսական համագործակցության զարգացման համար:

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, դոցենտ Սամվել Դանիելյանը ևս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և պատվավոր հյուրերին և համոզմունք հայտնեց, որ այս համագործակցությունը գիտական և կիրառական բժշկության ասպարեզում ցանկալի արդյունքների կհանգեցնի:

ՀՀ առողջապահության առաջին նախարար (1990-1991թթ.), Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկության գծով տնօրեն, պրոֆեսոր Միհրան Նազարեթյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել պատվավոր հյուրերից մեկի՝ Չինաստանի բժշկական համալսարանի հիվանդանոցի երեխաների հիվանդանոցի ղեկավար, «Թայվան-հայկական ալլիանս» մշակութային և տնտեսական հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Պենգ Չինգ-Տիենի անցած մասնագիտական ուղին:

Իր խոսքում պրոֆեսոր Պենգ Չինգ-Տիենը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել թայվանահայկական առաջին բժշկական գիտաժողովին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին: «Առաջին անգամ եմ Հայաստանում և հիացած եմ: Ուրախ կլինեմ Ձեզ հյուրընկալել իմ հայրենիքում՝ Թայվանում»,-ասաց պրոֆեսոր Պենգը:

Հիշեցնենք, որ թայվանահայկական առաջին բժշկական գիտաժողովը թայվանահայկական առաջին բիզնես ֆորումի հետ համատեղ կշարունակվի ևս 2 օր և կավարտվի մայիսի 26-ին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook