Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ստոմատոլոգների հայ-վրացական բինացիոնալ առաջին վեհաժողով ԵՊԲՀ-ում

23.05.2013

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Ստոմատոլոգների հայ-վրացական բինացիոնալ առաջին վեհաժողովը՝ նվիրված հայ-վրացական բարեկամությանը, որը կազմակերպվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի, Թբիլիսիի պետական համալսարանի, Վրաստանի իմպլանտոլոգների և Վրաստանի ստոմատոլոգների ասոցիացիաների կողմից:

ԵՊԲՀ ռեկտորի՝ պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի անունից վեհաժողովի մասնակիցներին ողջունեց համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը. «Մենք բարձր ենք գնահատում ստոմատոլոգիայի՝ որպես բժշկական ինքնուրույն գիտության նշանակությունը և համոզված ենք, որ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իտալիայի և Իսրայելի մասնագետների մասնակցությամբ Վրաստանի և Հայաստանի ստոմատոլոգների գիտաժողովը լուրջ ներդրում կունենա ստոմատոլոգիայի այն ուղղությունների զարգացման գործում, որոնք Դուք գլխավորում եք Ձեր երկրներում:

Համոզված եմ, որ քննարկումների և բանավեճերի արդյունքները, որոնցով հարուստ կլինի Վեհաժողովը, մեծ հետաքրքրություն կառաջացնեն և հիմք կհանդիսանան գիտական և կրթական համատեղ նախագծերի համար: Հուսով եմ, որ Վեհաժողովը շարունակական կլինի, և մենք կկարողանանք հանդիպել և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները և ուղիները»:

Այնուհետև Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Քվիտաշվիլիի ողջույնի խոսքը վեհաժողովի մասնակիցներին փոխանցեց Թբիլիսիի պետական համալսարանի ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Վրաստանի իմպլանտոլոգների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Վլադիմեր Մարգվելաշվիլին: «Սա պատմական օր է հայ և վրացի ժողովրդի համար: Այս վեհաժողովով շարունակվում է հայ և վրացի ստոմատոլոգների համագործակցությունը, որը հիմնված է հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»:

Վեհաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունեց նաև «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» նախագահ, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը. «Վստահ եմ, որ մեր այս միջոցառումը հավասարապես ոգեշնչել է երկու կողմերի` ստոմատոլոգիայի ոլորտին առնչվող բարձրակարգ մասնագետներին, նոր գաղափարների ու նախաձեռնությունների առիթ հանդիսացել և, անտարակույս, կհանգեցնի հետաքրքիր ու նշանակալի արդյունքների: Այս համագործակցությունը հաստատված է երկու հնագույն, բարեկամական ժողովուրդների միջև, որոնց միավորում են յուրօրինակ ու հարուստ ազգային մշակույթները, ընտանեկան, բարոյահոգեբանական արժեքները: Խիստ նման են նաև մեր առողջապահական խնդիրներն ու մոտեցումները: Մենք պատրաստակամ ենք միմյանց փոխանցելու մեր փորձը, մասնագիտական հմտությունները, նորարարական ձեռքբերումները: Ոլորտին առնչվող զեկույցներն ու դասախոսությունները այդ ամենի վառ ապացույցը կլինեն: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը տևական կլինի, կտա իր արժանի պտուղները և կընդգրկի առավել լայն շրջանակներ»:

Հիշեցնենք, որ վեհաժողովը կշարունակվի Վրաստանում՝ Թբիլիսիի պետական համալսարանում, մայիսի 25-26-ը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook