Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ապագա բժիշկը» 55 տարեկան է

22.05.2013

Այսօր լրանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի 55-ամյակը:

Շուրջ 5 տասնամյակ է, ինչ ԵՊԲՀ «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթը ակտիվորեն լուսաբանում և ներկայացնում է համալսարանական կյանքը:

1958թ.-ին պաշտոնաթերթի ծնունդը ողջունել են այն ժամանակ ինստիտուտի երախտավորները, առողջապահության նախարարը, Բաքվի և Թբիլիսիի բժշկական ինստիտուտների դիրեկտորները:

Այդ տարիներին բժշկական ինստիտուտում լույս էր տեսնում երեք պատի թերթ, որոնցից մեկը համաինստիտուտային էր, երկուսը՝ ֆակուլտետային: Ամեն տարի կազմակերպվող բուհական պատի թերթերի մրցույթներից մեկի ժամանակ, որը կազմակերպվել էր պոլիտեխնիկական ինստիտուտում, «Ապագա բժիշկ» պատի թերթը շահում է առաջին մրցանակ: Հետագայում նույն թերթի անունն է տրվել նաև ինստիտուտի թերթին:

1967-84թթ.-ին, երբ «Ապագա բժիշկը» խմբագրել է Միքայել Դարբինյանը, պաշտոնաթերթը ճանաչվել է լավագույն բուհական թերթերից մեկը:

Խորհրդային տարիներին հրապարակումների մեծ մասը նվիրված է եղել սոցիալիստական մրցությանը, ուսանողների և աշխատողների սոցպարտականություններին, նրանց քաղաքական ուսուցմանը: Մեծ տեղ են հատկացվել քաղդաստիարակներին, ուսանողական, շինարարական ջոկատներին, շեֆական աշխատանքերին:

Հետխորհրդային շրջանում թերթն ազատվեց կուսակցական ճնշումներից: Օգտվելով այս հանգամանքից՝ «Ապագա բժիշկը» այդ օրերի համար չափազանց համարձակ քայլ կատարեց՝ թերթի 20 էջանոց ռուսերեն հատուկ թողարկումներում սկսեցին տպագրվել Արցախին վերաբերող մեր մտավորականության հոդվածները: «Ապագա բժշկի» վերոնշյալ թողարկումներն ուղարկվում էին Խորհրդային Միության բոլոր բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ հույս ունենալով այդ կերպ տեղեկացնել մեզ համար կարևոր ու կենսական հարցին:

1984թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ պաշտոնաթերթի՝ «Ապագա բժշկի» գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնում է Սեդա Թորոսյանը, ով իր մասնագիտական հմտություններով և աշխատանքային փորձով հնարավորինս նպաստել է այն հանգամանքին, որ բժշկական համալսարանի թերթը դառնա մեր բուհի տարեգիրն ու այցեքարտը:

Սրտանց շնորհավորում ենք սիրելի «Ապագա բժշկի» 55-ամյա հոբելյանը և մաղթում երկարատև արգասաբեր ստեղծագործական ուղի, իսկ թերթի խմբագրակազմին՝ ուժ, եռանդ և տոկունություն՝ իրենց հետաքրքիր և պատասխանատու գործում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook