Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բացվեց հուշատախտակ

21.05.2013

Այսօր Երևանում, Պուշկինի 31 հասցեում բացվեց ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, պետական մրցանակների դափնեկիր, հոսպիտալային մանկաբուժության ամբիոնի հիմնադիր-վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Արմենի Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Համբարձումյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը, ռեկտորի խորհրդական Վիլեն Հակոբյանը, ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Հայկ Դարբինյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, առողջապահության նախարարության պաշտոնյաներ, ԵՊԲՀ ամբիոնների վարիչներ, պրոֆեսորներ, դասախոսներ, Վիլեն Աստվածատրյանի ընկերները, մտերիմներն ու հարազատները:

Ողջույնի խոսք ասաց ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը. «Սրտանց ողջունում եմ այսօրվա հանդիսավոր միջոցառման բոլոր մասնակիցներին և հյուրերին: Այսօր մենք մեր ներկայությամբ հարգում ենք հոյակապ մարդու, մեծ գիտնականի, վաստակաշատ մանկավարժի և հրաշալի մանկաբույժի հիշատակը:

Վիլեն Աստվածատրյանը եղել է ԵՊԲՀ հոսպիտալային մանկաբուժության ամբիոնի հիմնադիր-վարիչը, պրոռեկտոր, ապա՝ նաև համալսարանի ռեկտոր: Իր գիտական, բժշկական և մանկավարժական ողջ գործունեության ընթացքում բոլորը նրան ճանաչել են իբրև լավ մարդու, գիտնական-մանկավարժի, հիանալի մասնագետի և իսկական կազմակերպչի: Իր արգասաբեր աշխատանքով նա մեծապես նպաստել է ԵՊԲՀ-ի զարգացման գործին, մեծ առաջընթացի հնարավորություն է ապահովել հատկապես երիտասարդ մասնագետների համար: Վիլեն Աստվածատրյանն այն եզակի մարդկանցից է, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են առողջապահությանը, մանկավարժությանը և մեր համալսարանին: Ասում են՝ մարդը կենդանի է, քանի դեռ հիշում են նրան. Վիլեն Աստվածատրյանը դեռ երկար է կենդանի մնալու, քանի որ մենք բոլորս դեռ շատ երկար ենք հիշելու նրան»:

Վիլեն Աստվածատրյանի վաստակի և կատարած մեծ աշխատանքի մասին խոսեց նաև ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Հայկ Դարբինյանը: «Վիլեն Աստվածատրյանը գիտական և մանկավարժական գործունեության մեծ ճանապարհ է անցել՝ շարքային բժշկից մինչև ԵՊԲՀ ռեկտոր, դարձել մեծ մասնագետ առողջապահության ոլորտի և օրինակ բոլորիս համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ձևով աջակցել են այս հուշատախտակի տեղադրմանը»:

Շնորհակալական խոսք ասաց Վիլեն Աստվածատրյանի որդին՝ ընդգծելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի դերը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի միջնորդությունը հուշատախտակի տեղադրման գործում:

Վիլեն Արմենի Աստվածատրյան

Ծնվել է 1933թ.-ի մայիսի 19-ին, Երևանում: 1956թ.-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1970-74թթ.-ին ղեկավարել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (ԵԿԲԻ) մանկաբուժության, իսկ 1974-ից՝ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնները: 1973-75թթ.-ին եղել է ԵՊԲՀ պրոռեկտոր, իսկ 1975-87թթ.-ին՝ ԵՊԲՀ ռեկտոր: 1998թ.-ից միաժամանակ ղեկավարել է Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնը: Վ.Ա. Աստվածատրյանն առաջինն է նկարագրել երեխաների պարբերական հիվանդությունը: Նրա աշխատանքերը վերաբերում են երեխաների ռևմատիզմին, արյան, երիկամների, լյարդի, շնչառական համակարգի հիվանդություններին, մանկական կյանքի առաջին տարում մահացության հարցերին:

Վիլեն Աստվածատրյանը շուրջ 13 տարի ղեկավարել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (1975-87թթ.), եղել է ՀՀ մանկաբույժների գիտական ընկերության նախագահ (1976թ.-ից), Մանկաբույժների համամիութենական ընկերության նախագահության անդամ (1974-91թթ.), Երեխաների և դեռահասների առողջության պահպանման ընկերակցության փոխնախագահ (1998թ.-ից):

Անվանի գիտնականը բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների հեղինակ է, ներկայացրել է 9 նորարարական առաջարկ:

Վիլեն Աստվածատրյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, այդ թվում՝ պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով և Մխիթար Հերացու անվան մեդալով:

Մահացել է 2006թ.-ին:

Հիշեցնենք, որ այս տարի լրացավ Վիլեն Աստվածատրյանի 80-ամյակը: Հարգելի գործընկերոջ, վաստակաշատ մանկավարժի և մեծ բժիշկ-գիտնականի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook