Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում պարգևատրվեց Էլենի Թեոխարոսը

25.04.2013

Երեկ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ԵՊԲՀ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվեց Եվրամիություն-Հայաստան բարեկամություն խմբի ղեկավար, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր Էլենի Թեոխարոսը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուաեն, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հյուրեր:

Ներկայացնելով Էլենի Թեոխարոսին՝ պրոֆեսոր Բաբլոյանը նշեց. «Էլենի Թեոխարոսին ուզում եմ ներկայացնել ոչ պաշտոնական, քանի որ նա մեր ողջ ազգի բարեկամն է: 1992թ.-ին, երբ ես դեռ առողջապահության նախարար էի, նա նամակով դիմեց ինձ՝ ցանկություն հայտնելով այցելել Լեռնային Ղարաբաղ: Մեր հրավերով նա եկավ Հայաստան և այստեղից մեկնեց Ղարաբաղ, որտեղ բուժօգնություն ցուցաբերեց երեխաներին, վիրավորներին, կահավորեց հիվանդանոցներ, օգնություն ուղարկեց մի գյուղի, որն աղքատության մեջ էր: Այդ օրվանից հետո Էլենին ամեն տարի այցելում է Հայաստան և Ղարաբաղ: Մեր հիվանդանոցում այսօր նույնիսկ կատարվում են վիրահատություններ «Էլենիի մեթոդով»»:

Շնորհակալություն հայտնելով շքանշանի համար՝ Էլենի Թեոխարոսն ասաց. «Ձեր համալսարանը հայտնի բուհ է, և այստեղ առաջին աստիճանի շքանշան ստանալը մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ Լեռնային Ղարաբաղում հանդիպած կանանց ժպիտները, ում երեխաները խուսափել էին վտանգներից, ավելի թանկ են ինձ համար»:

Միջոցառման վերջում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը շնորհակալություն հայտնեց արդեն իսկ բարեկամ դարձած հյուրերին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին մեծ ուշադրություն դարձնելու, Եվրախորհրդի նման հեղինակավոր ամբիոնից այդ խնդիրների լուծմանը նպաստելու համար:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook