Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայաստանի Հանրապետության Նախագահը մասնակցեց ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստին

28.03.2013

2013թ. մարտի 27-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած գիտական խորհրդի հատուկ նիստն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի առաջին մասը նվիրված էր ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, ՀՀ ԲԳԱակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ծննդյան 75-ամյակին և աշխատանքային գործունեության 50-ամյակին:

Գիտական խորհրդի հատուկ նիստին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և այլ պաշտոնատար անձիք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով բժշկության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Շնորհավորելով անվանի վիրաբույժին և գիտնականին՝ ՀՀ Նախագահն ասաց. «Ձեր անուն-ազգանունը երախտագիտությամբ են հիշում Ձեր սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել ստացած գիտելիքները, դառնալ պիտանի մասնագետներ: Դուք 75-ամյա բարձունքից կարող եք նայել Ձեր անցած ճանապարհին և փառք տալ Աստծուն, որ Ձեզ այդպիսի հնարավորություն է ընձեռել: Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և ցանկանում, որ տևական ժամանակ օգտակար լինեք մեր ժողովրդին»:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook