Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քնի միջազգային օրը ԵՊԲՀ-ում

18.03.2013

Օրերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Քնի միջազգային օրվան (World Sleep Day) նվիրված գիտաժողով, որի ընթացքում ԵՊԲՀ դոկտորանտ, «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. նյարդաբան Սամսոն Խաչատրյանը ներկայացրեց քնի խանգարումների հետ կապված խնդիրները և բուժման միջոցները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սամսոն Խաչատրյանի հետ ունեցած քնի խանգարումների վերաբերյալ մեր հարցազրույցը:

Ի՞նչ է սոմնոլոգիան և ի՞նչ է այն ուսումնասիրում:

Սոմնոլոգիան ուսումնասիրում է քունը, քնի խանգարումները, դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա և այդ խանգարումների բուժման միջոցները: Այս տերմինը կիրառվում է հիմնականում եվրոպական երկրներում, և մենք նույնպես փորձում ենք այն ներդնել:

Ինչպե՞ս են արտահայտվում քնի խանգարումները:

Քնի խանգարումները բաժանվում են մի քանի խմբի: Դրանցից հիմնականը անքնությունն է, այսպես կոչված՝ ինսոմնիան: Մյուս ոչ պակաս կարևոր խնդիրը քնի շնչառական խանգարումն է, բոլորին հայտնի խռմփոցը: Շնչառական խանգարումների շարքում է նաև ապնոեն՝ շնչառության դադարը քնի մեջ, որը բավականին վտանգավոր է, քանի որ կարող է բերել հանկարծամահության: Քնի խանգարումներից են նաև պարասոմնիան՝ սոմնամբուլիզմ, հիպերսոմնիան՝ նարկոլեպսիա, քնի շարժողական խանգարումները՝ անհանգիստ ոտքերի համախտանիշ, քնի ժամացույցի խանգարումները:

Ինչը՞ կարող է նպաստել քնի խանգարմանը:

Քնի խանգարմանը կարող են նպաստել տարբեր տեսակի սոմատիկ և նյարդահոգեկան հիվանդություններ, կարճ հաստ պարանոցը, ավելորդ քաշը, կոֆեինի չարաշահումը, ինչպես նաև քնի հիգիենայի կանոնների խախտումը և քնի ժամերի կրճատումը:

Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել քնի խանգարման հետևանքով:

Քունը շատ կարևոր է մարդու համար, և եթե այն խանգարվում է, կարող է լուրջ հետևանքներ թողնել առողջության վրա: Քնի խանգարման հետևանքով ավելանում են սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտի, զարկերակային ճնշման, սրտային առիթմիայի, թրոմբոզների, շաքարային դիաբետի ռիսկերը: Քնի խանգարումները կարող են բերել ցերեկային քնկոտության, աշխատանքի արդյունավետության իջեցման, ուշադրության կորստի, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում առօրյա կյանքում՝ աշխատանքի վայրում, ավտոմեքենա վարելիս և այլն:

Քնի խանգարումների հետ կապված ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում՝ համեմատած այլ երկրների հետ:

Նշեմ, որ զարգացած երկրներում, ինչպես նաև Հայաստանում քնի խանգարումներն աճում են համընթաց ճարպակալման համաճարակին: Քնի խանգարումներ կարող են առաջանալ նաև հեռուստացույցի և համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու հետևանքով: Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանում բնակչության բժիշկներին դիմելիությունը բավականին ցածր է: Մարդիկ հաճախ իրենք չեն արժևորում և ներկայացնում իրենց քնի խնդիրները, գերադասում են ինքնաբուժությամբ զբաղվել՝ դիմելով բուսական միջոցներին, տրանկվիլիզատորներին: Այս խնդիրը համաշխարհային է, սակայն զարգացած երկրներում բնակչության սոցիալական պայմանները, ապահովագրության առկայությունը նպաստում են դիմելիության աճին:

Ի՞նչ բուժման միջոցներ գոյություն ունեն աշխարհի զարգացած երկրներում և Հայաստանում՝ կապված անքնության և քնի խանգարման հետ:

Հիվանդությունը ախտորոշելու նպատակով մեզ մոտ կիրառվում է պոլիսոմնոգրաֆիան, քնի հետազոտության օբյեկտիվ մեթոդը, երբ պացիենտները քնում են լաբորատորիայում և որի ընթացքում հատուկ ընկալիչների օգնությամբ գրանցվում են քնի հիմնական ֆիզիոլոգիական ցուցանիշները: Կիրառվում է նաև շարժական դիգնոստիկան:

Բուժումը առաջնահերթ փորձում ենք իրականացնել ոչ դեղորայքային միջոցներով՝ քնի ժամերի կարգավորում, քաշի նվազեցում, հոգեբանական տեխնիկաների կիրառում և միայն ծայրահեղ դեպքում դիմում ենք ֆարմակաթերապիային:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook