Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում մեծարվեց աշխարհահռչակ գիտնական, բջջաբան Գեորգիոս Պապանիկոլաուն

26.02.2013

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ գիտաժողով՝ նվիրված աշխարհահռչակ գիտնական, բջջաբան, արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի հիմնադիր Գեորգիոս Պապանիկոլաուն:

Գիտաժողովին ներկա էին ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՀՀ Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Արա Մկրտչյանը:

Բացման խոսքում ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը նշեց. «Գիտության մեջ մեծ գնահատականի են արժանանում հատկապես այն մարդիկ, ովքեր ստեղծում են նոր ուղղություններ: Այսօր մենք մեծարում ենք մի գիտնականի, ով հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և գնալով մեծ ռիսկերի, ստեղծել և բժշկության մեջ ներդրել է մի մեթոդ, որը նպաստում է արգանդի քաղցկեղի վաղ ախտորոշմանը և այդ հիվանդության ժամանակին բուժմանը»:

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հունաստանի Ազգային հանձնաժողովի առաջարկով 2012թ.-ը հայտարարել է Գեորգիոս Պապանիկոլաուի տարի: Նա ներկայացրեց գիտնականի կյանքի անցած ուղին և նկատեց, որ­ հսկայական է Պապանիկոլաուի ներդրումը հիվանդությունների կանխարգելման ոլորտում, որը հանգեցրել է կանանց մահացության թվի նվազմանը:

Արա Մկրտչյանն իր ողջույնի խոսքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ՀՀ Ազգային հանձնաժողովի անունից շնորհակալություն հայտնեց Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության և մեծ գիտնական, բժիշկ, բջջաբան Գեորգիոս Պապանիկոլաուի մահվան 50-ամյակին նվիրված գիտաժողովի կազմակերպման համար: «Հույն ժողովրդի անվանի զավակ Գեորգիոս Պապանիկոլաուի ժառանգության համամարդկային նորույթն ու բացահայտ արժեքը հիմք հանդիսացան, որպեսզի նրա մահվան տարելիցն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների հեղինակավոր ցուցակում և նշվի աշխարհի տարբեր երկրներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովը կարևորում է այս միջոցառումը ինչպես անվանի գիտնականի մասին հանրային իրազեկման բարձրացման, այնպես էլ երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման առումով», - հավելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Տեղեկացնենք, որ Գեորգիս Պապանիկոլաուն հայտնաբերել է քսուքի միջոցով արգանդի վզիկի քաղցկեղը շուտ ախտորոշելու մեթոդը, որը կոչվում է «Թեստ-Պապ» կամ «Պապանիկոլաուի մեթոդ»: «Պապ-թեստը» ախտաբանության մեջ օգտագործվող հետազոտման թեստ է, որը օգտագործվում է արգանդի պարանոցի կամ վզիկի նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) ընթացքները հայտնաբերելու համար: Թեստի նպատակն է՝ հայտնաբերել պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխությունները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook