Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ի երեք ուսանողներ արժանացան մրցանակների «Լավագույն ուսանող» մրցույթում

21.02.2013

Փետրվարի 20-ին Երևանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանից 3 ուսանողներ արժանացան մրցանակների՝ Էմիլ Ավետիսյան (ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս, գիտահետազոտական աշխատանք, 1-ին տեղ), Անի Ռափյան (ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա 2-րդ կուրս, ուսանողական ինքնակառավարում, 2-րդ տեղ) և Սենիկ Մատինյան (բակալավրիատ, 2-րդ կուրս, գիտահետազոտական աշխատանք, 3-րդ տեղ):

Մրցանակներն ուսանողներին հանձնեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

Մրցույթը կազմակերպվել էր երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական)՝ ընդգրկելով չորս ոլորտ՝ գիտահետազոտական աշխատանք (հումանիտար, բնագիտական, տեխնիկական), ստեղծագործական աշխատանք (մշակույթ, արվեստ), ուսանողական ինքնակառավարում և սպորտ:

ՀՀ վարչապետը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին, նշել է, որ կարևորում է նմանատիպ մրցույթների անցկացումը, քանի որ դրանք ուսանողների ինքնակազմակերպման դրսևորումներից են: «Համոզված ենք, որ այն ֆինանսական միջոցները, որոնք ձեզ հատկացվում են, այն գովասանական խոսքերը, որոնք ձեր հասցեին հնչում են և այն պարգևները, որոնք դուք ստանում եք, մի նպատակ ունեն՝ խթանել, որ դուք ապրեք ակտիվ ուսանողական կյանքով և ստանաք որակյալ կրթություն: Խիստ կարևորում եմ մրցակցությունը գիտելիք ստանալու բնագավառում, քանի որ այդ մրցակցության շնորհիվ է, որ ստեղծվում է առողջ մթնոլորտ և ձգտում՝ կատարելագործել և ավելացնել գիտելիքները»:

Շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպման գործում ՀՀ կառավարության գործընկերներին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Մրցույթը թեժ է եղել, և թեպետ առաջին տարին է այն հանրապետական նշանակության, սակայն դիմումատուների քանակը եղել է շատ մեծ: Պատահական չէ, որ մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը մեզ ստիպում է այն դարձնել ավանդական: Իհարկե, տարբեր բուհերում գոյություն ունեն նմանատիպ մրցույթներ, սակայն այս մրցույթն է իրականում համարվում համապետական նշանակության ուսանողական մրցանակաբաշխություն, և այս մրցույթի հաղթողները արժանանում են ոչ միայն դրամական պարգևի, այլ ՀՀ կառավարության կողմից համակ ուշադրության՝ իրենց ապագա մասնագիտական կարիերայի ընթացքում»:

Ավելացնենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook