Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում ուսանողներին հանձնվեցին կրթաթոշակների հավաստագրեր

16.02.2013

Փետրվարի 16-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի՝ անվճար համակարգում չընդգրկված մոտ 810 ուսանողի՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակների հավաստագրերի հանձման արարողությունը: Կրթաթոշակ ստացան բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ունեցող, սոցիալապես անապահով, սահմանամերձ շրջանների ուսանողները:

Կրթաթոշակների հավաստագրերը մի շարք ուսանողների հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շնորհավորելով ուսանողներին՝ նա նշեց, որ ֆինանսական միջոցների բացակայությունը, սոցիալական իրավիճակը հայկական ընտանիքներում չպետք է դառնան պատճառ, որպեսզի տաղանդաշատ երիտասարդները չկարողանան ստանալ բարձրագույն կրթություն։ Նա նաև ավելացրեց, որ կառավարության ջանքերը նրանց աջակցության հարցում լինելու են հետևողական, և տարեցտարի ընձեռվող հնարավորությունները մեծանալու են:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն արդեն երրորդ տարին է, որ ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացնում է ծավալներով աննախադեպ այս ծրագիրը։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ բացի կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս տրամադրել է միջոցներ՝ կրթաթոշակները փոխհատուցելու նպատակով։

Նշենք նաև, որ ԵՊԲՀ-ից կրթաթոշակի հավաստագիր ստացավ 66 ուսանող: Կրթաթոշակ ստանալու մրցույթին դիմել էր հանրապետության պետական բուհերի 1-ին և 2-րդ կուրսերի մոտ 1400 ուսանող: Մարզերի բուհերում սովորող ուսանողներից ընդունվել է 232 հայտ, նրանցից 158-ն արժանացան կրթաթոշակի։ 2012թ. դեկտեմբերին ուսման վարձերի փոխհատուցում ստացան նաև Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook