Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԳՊԿ նախագահը ԳԿԽ նիստին ներկայացրեց գիտության և գիտատեխնիկական գործունեության բնագավառում իրականացվելիք բարեփոխումները

12.02.2013

2013թ. փետրվարի 6-ին ԵՊԲՀ-ում կայացած ԳԿԽ անդրանիկ նիստին հրավիրված էր ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը:

Իր բացման խոսքում Ս. Հարությունյանը ներկայացրեց գիտության և գիտատեխնիկական գործունեության բնագավառում մեր պետության կողմից իրականացվելիք բարեփոխումները: Նա մասնավորապես նշեց, որ մինչև 2006թ. գիտության ոլորտում գրեթե ոչ մի տեղաշարժ չի նկատվել: Համեմատություն կատարելու նպատակով նա նշեց, որ ԽՍՀՄ տարիներին մեր երկրում կային շատ հիմնարկություններ, որոնք լրջորեն զբաղվում էին գիտության խնդիրներով, նպատակաուղղված էին ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, և գիտության հատկացվող գումաների շուրջ 70%-ը ծախսվում էր հենց այդ նպատակով: Այդ տարիներին Հայաստանում գիտության վրա տարեկան ծախսվում էր շուրջ 500-600 միլիոն դոլար: Հաշվի առնելով այս բոլորը՝ 2005թ.-ին որոշում կայացվեց գիտության ոլորտում նոր ժամանակներին համապատասխան չափորոշիչներ սահմանել, որպեսզի մեր երկիրը հնարավորինս արագ ինտեգրվի համաշխարհային գիտակրթական տարածք: 2005թ.-ին ստեղծվեց երեք հանձնաժողով, որոնք պետք է մշակեին մեր գիտության զարգացման ռազմավարությունն առաջիկա տարիների համար: 2007թ.-ին ընդունվեց այդ հանձնաժողովների մշակած «Գիտության զարգացման ռազմավարության հայեցակարգային դրույթներ» փաստաթուղթը, որում առաջարկվում էր ստեղծել մի նոր կառույց, որն իր վրա կվերցներ պետության կողմից գիտության և գիտատեխնիկական գործունեության զարգացման ամբողջ քաղաքականությունը, կստեղծեր համապատասխան պայմաններ գիտություն-կրթություն-արտադրություն կապի համար, կնպաստեր միջազգային կապերի զարգացմանը և այլն: Այդ կառույցը հետագայում անվանվեց Գիտության պետական կոմիտե (ԳՊԿ), որն, առաջին հերթին, լուծեց մի շարք օրենսդրական խնդիրներ: Կատարվեցին մի շարք փոփոխություններ «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» մասին ՀՀ օրենքի դրույթներում: ԳՊԿ կողմից մշակվեց 2011-2020թթ. գիտության զարգացման ռազմավարությունը և որոշվեցին ՀՀ-ում գիտության գերակա ուղղությունները, որոնց շարքում բժշկագիտությունն իր կարևորությամբ զիջում է միայն հայագիտությանը և հումանիտար գիտություններին:

Անդրադարձ կատարվեց մեր երկրում գործող հետազոտական կազմակերպություններին, որոնց թիվը ներկայումս 68 է՝ երեք տարի առաջ գործող 87-ի փոխարեն, և դրանց թիվը կշարունակի նվազել, քանի որ ըստ ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքի՝ ուսումնասիրության խնդիրներով միմյանց մոտ կանգնած կազմակերպությունները պետք է խմբավորվեն: Վստահաբար, ԵՊԲՀ-ն ևս իր կազմում կունենա մի քանի հետազոտական ինստիտուտներ:

ԳՊԿ նախագահը նշեց, որ ՀՀ-ում մշակվել է անկախ փորձաքննության այնպիսի համակարգ, որը դրական փորձի օրինակ է ԱՊՀ շատ երկրների համար: Այսօր գիտական փորձաքննությունն իրականացվում է 1500 անկախ փորձագետների կողմից, որոնցից 500-ը մեր արտասահմանցի գործընկերներն են, որոնք պատրաստակամ են անվճար աջակցելու մեզ՝ ծրագրերի փորձաքննության աշխատանքներում:

Անդրադառնալով միջազգային ամսագրերում գիտական հրատարակությունների որակին և քանակին՝ Ս.Հարությունյանը հայտնեց, որ ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ներկայացվել են տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստանն ունեցել է թվով ավելի շատ միջազգային հրապարակումներ, քան ԱՊՀ ցանկացած այլ երկիր:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ (պայմանագրային) ծրագրերի առնչությամբ նույնպես կատարվել են արմատական փոփոխություններ: 1993թ.-ի համեմատությամբ կրճատվել է ֆինանսավորվող ծրագրերի քանակը, ինչի հաշվին զգալիորեն խոշորացել են ֆինանսական ներդրումները յուրաքանչյուր ծրագրի համար: Արդյունքում՝ բարձրացել է իրականացվող գիտական հետազոտությունների որակն ու արդյունավետությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախկինում գործող 750-800 գիտական թեմաների պայմաններում ավելի քիչ գործուղումներ և արժեքավոր գիտական հրապարակումներ են եղել, քան ներկայումս գործող 130 թեմաների պայմաններում: Միայն 1 տարվա ընթացքում եղել են 200-ից ավելի գիտական գործուղումներ արտերկիր, տպագրվել են 740 գիտական աշխատություններ, որոնցից 383-ը՝ արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում և գիտական ժողովածուներում:

Ըստ գիտաշխատողների երիտասարդացման ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների՝ գիտությամբ զբաղվողների ամենաակտիվ տարիքային տիրույթում (35-55 տարեկան) մեր երկիրը գրանցել է նվազագույն արդյունք: Այս իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո գիտության ոլորտում հաջողություն ունեցող երիտասարդները մեկնել են արտերկիր, և նման պատկեր առկա է ԱՊՀ բոլոր երկրներում: Իրավիճակը շտկելու համար մշակվել են հատուկ ծրագրեր գիտաշխատողների երիտասարդացման ուղղությամբ, որոնցից է, օրինակ, ասպիրանտների աջակցության ծրագիրը: Մինչև վերջերս գիտական ծրագրերի ղեկավարները տարիներ շարունակ հանդիսացել են միևնույն մարդիկ, որոնց միջին տարիքը անցել է 60-ի սահմանը: Այսօր ՀՀ-ում գործող գիտական ծրագրերի ղեկավարների 30%-ը մինչև 30 տարեկան երիտասարդներ են:

Գիտության զարգացման և միջազգայնացման խնդրի կապակցությամբ Ս.Հարությունյանը նշեց, որ վերջին չորս տարիների ընթացքում կնքվել են ավելի քան 30 միջազգային համաձայնագրեր և պայմանագրեր աշխարհի բազմաթիվ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Չինաստանի և այլ երկրների հետ, ինչը համաշխարհային գիտական տարածք ինտեգրվելու գրավականն է: Հայաստանը կարողացել է գիտական ծրագրեր իրականացնել նաև եվրոպական շրջանակային ծրագրերի ոլորտում և նույնիսկ չլինելով լիարժեք անդամ՝ դարձել է մի շարք ծրագրերի կոորդինատոր:

Գիտություն-մասնավոր հատված համագործակցությունը խիստ կարևոր նշանակություն ունի պետության՝ գիտության ոլորտում ունեցած հաջողությունների համար: Սա լուրջ խնդիր է բոլոր ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Այս ուղղությունը զարգացնելու նպատակով ՀՀ ԿԳՆ ԳՊԿ կողմից առաջիկայում ևս կհայտարարվեն մրցույթներ, որոնց մասնակցելու հրավերը ուղղվում է նաև ԵՊԲՀ-ին:

Գիտություն ոլորտում բարեփոխումներ իրականացնող երկրները բաժանվում են 2 դասի՝ երկրներ, որոնք բարեփոխումներ են իրականացնում օրենսդրական դաշտում և երկրներ, որոնք իրականացնում են մեգածրագրեր: Պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ մեր երկիրը որոշել է ընթանալ մեգածրագրերի ուղղությամբ, ինչը բավականին ռիսկային քայլ է՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը: Այս մեգածրագրերից առաջինը միջուկային բժշկության ծրագիրն է, որը նախատեսված է ոչ միայն մեր երկրի, այլ ամբողջ տարածաշրջանի համար, իսկ մյուսը՝ նոր երրորդ սերնդի արագացուցչային համալիրի ստեղծումն է (CANDLE), որի իրականացումից հետո մեր երկրում բուռն զարգացում կապրեն մի շարք ոլորտներ՝ կենսաբանություն, ֆիզիկա, բժշկագիտություն, քիմիա, էլեկտրոնիկա, տեխնոլոգիա, ֆարմակոլոգիա, նանոտեխնոլոգիաներ և այլն:

Անդրադարձ կատարելով մեր երկրում հետազոտական համալսարանների ստեղծման հեռանկարային ծրագրին՝ Ս.Հարությունյանը հավաստիացրեց, որ մեր համալսարանի ներկայիս կարգավիճակը թույլ է տալիս ենթադրելու, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ունի բոլոր նախադրյալները՝ ստանալու հետազոտական համալսարանի կարգավիճակ, որը հնարավոր կդառնա միայն ճիշտ և նպատակաուղղված համագործակցության արդյունքում:

Եզրափակելով իր ելույթը՝ ԳՊԿ նախագահը նշեց, որ տարիների գիտակրթական ավանդույթ և փորձ ունեցող մեր համալսարանն ունի հզոր գիտական պոտենցիալ և առաջ է ընթանում ճիշտ քայլերով: Նա նշեց, որ ԳՊԿ կողմից հայտարարվող մրցույթներում ԵՊԲՀ ակտիվ մասնակցությունը կնպաստի մեր համալսարանի առջև դրված ռազմավարական խնդիրների արդյունավետ իրականացմանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook