Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բլից-հարցազրույց ԵՊԲՀ ռեկտորի հետ

11.02.2013

Փետրվարի 11-ը Հիվանդի միջազգային օրն է: Այս կապակցությամբ զրուցեցինք ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի հետ:

1. Պարոն Նարիմանյան, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկը՝ Ձեր պատկերացմամբ:

Իր մասնագիտության մեջ խորը գիտելիքներով, իր գիտելիքների օգտագործման ունակություններով և հմտություններով, համբերատարությամբ, կարեկցանքով, ինչպես նաև իր վրա անընդհատ աշխատելու ներքին պահանջով:

2. Ի՞նչն եք կարևորում բժշկի մեջ՝ պրոֆեսիոնալիզմը, թե՞ մարդկային հատկանիշները:

Չեմ ցանկանում այդ երկուսն առանձնացնել և համարում եմ, որ որոշակի ժամանակ աշխատելուց հետո կայացած բժշկի մոտ պրոֆեսիոնալիզմը դառնում է նրա մարդկային հատկանիշներից մեկը, նրա անձի անբաժանելի մասը:

3. Ի՞նչն եք կարևորում հիվանդ-բժիշկ փոխհարաբերություններում:

Հիվանդ-բժիշկ փոխհարաբերություններում ամենակարևորը պացիենտի մոտ վստահության առկայությունն է բժշկի հանդեպ և բժշկի մոտ՝ պացիենտի կողմից այդ վստահությանն արժանանալու ունակությունը:

4. Արդյո՞ք հնարավոր է բոլոր պացիենտներին վերաբերվել նույն կերպ:

Հնարավոր չէ, քանի որ հիվանդները տարբեր են, և յուրաքանչյուրի հիվանդության ընթացքն ունի իր առանձնահատկությունները: Կարևոր գործոն է նաև պացիենտի՝ իր հիվանդության նկատմամբ ունեցած ներքին պատկերացումը:

5. Իսկ Ձեր հիվանդները սիրու՞մ են Ձեզ:

Համենայն դեպս, համոզված եմ, որ հարգում են (ժպտում է):

6. Բժիշկ-հիվանդ հարաբերությունները կարո՞ղ են շարունակվել բուժումից հետո:

Ընտանեկան բժշկի մասնագիտության մեջ այդ հարաբերությունները պետք է շարունակվեն: Ելնելով մասնագիտության առանձնահատկություններց՝ ընտանեկան բժիշկը պարտավոր է մշտական կապ պահպանել պացիենտի և նրա ընտանիքի անդամների հետ:

7. Բժշկական համալսարանի կրթական ծրագրերում կա՞ այնպիսի առարկա կամ մեթոդ, որն ապագա բժիշկներին կսովորեցնի բժիշկ-հիվանդ հարաբերությունների նրբությունները:

Համոզված եմ, որ յուրաքանչյուր կլինիկական առարկա իր մեջ պարունակում է նաև այս բաղադրիչը, և մեր մասնագետները այդ ամենը սովորեցնում են երբեմն անուղղակի ձևով՝ իրենց օրինակով, իրենց տված գիտելիքներով, իսկ մեր ծրագրում ներառված «Բիոէթիկա» առարկան օգնում է ուսանողներին ավելի ամրապնդելու ստացած գիտելիքները:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook