Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Միքայել Նարիմանյանը՝ ԵՊԲՀ ռեկտոր

18.12.2012

2012թ.-ի դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին ԵՊԲՀ-ում կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարեց խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նիստի օրակարգի՝ նախ անցկացվեց ԵՊԲՀ կառավարման խորհրդի քարտուղարի ընտրություն: Բաց քվեարկության արդյունքում այդ պաշտոնում ընտրվեց ԵՊԲՀ գիտական քարտուղար, պրոֆեսոր Տաթևիկ Գետևոնի Ավագյանը:

Այնուհետև կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցույթի մասնակցության պաշտոնական հայտ էր ներկայացրել միայն մեկ թեկնածու՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանը, ով ելույթի իր խոսքում հակիրճ ներկայացրեց ԵՊԲՀ զարգացման ծրագիրը:

Կառավարման խորհրդի 30 անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:

Շնորհավորելով Միքայել Նարիմանյանին ԵՊԲՀ ռեկտոր ընտրվելու կապակցությամբ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը նշեց. «Ի ուրախություն բոլորիս՝ այսօր ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել այնպիսի անձնավորություն, ով զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, և հենց նրա կերպարն է, որ պետք է վառ օրինակ հանդիսանա ապագա բժիշկների համար»:

Նիստի օրակարգի համաձայն` Միքայել Նարիմանյանը ներկայացրեց 2012թ.-ի ԵՊԲՀ ուսումնական և ֆինանսական գործընթացների հաշվետվությունը, 2012թ.-ի կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր ծրագրի դրույթների կատարման հաշվետվությունը, ինչպես նաև 2013թ.-ի ԵՊԲՀ նախահաշիվը:

Ամփոփելով խորհրդի նիստը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին և նշեց, որ կրթության և գիտության նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու և հնարավորինս աջակցելու ԵՊԲՀ ռեկտորին, կոլեկտիվին և բուհի ուսանողությանը՝ կրթական, գիտական, առողջապահական և վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook