Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Գիտական խորհրդի հերթական նիստը

04.12.2012

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում օրերս կայացած գիտխորհրդի հերթական նիստում ուսումնամեթոդական վարչության պետ Աննա Տեր-Մարկոսյանը ներկայացրեց 2011-2012 ուսումնական տարվա քննաշրջանների և նախադիպլոմային կրթության բարեփոխումների արդյունքները:

Նա նախ ներկայացրեց 2010-2011 և 2011-2012 ուսումնական տարիների կտրվածքով ուսանողների առաջադիմության վերլուծությունը, որից ակնհայտ է դառնում, որ 3 տարվա կտրվածքով ուսանողների առաջադիմությունը զգալի փոփոխության չի ենթարկվել: Բանախոսը նշեց, որ դիպլոմավորված մասնագետի ծրագրով սովորող ուսանողների առաջադիմությունը 2011-2012 ուսումնական տարում 10%-ով ցածր է:

«Հեռացված ուսանողների թիվը 2011-2012 ուստարում ավելի քիչ է, քան նախորդ տարիներին, և դա, հավանաբար, ուսումնական գործընթացում ակադեմիական պարտքի թույլատրելի 12 կրեդիտային համակարգի ներդրման արդյունք է»,-ասաց Աննա Տեր-Մարկոսյանը: Այնուհետև նա խոսեց ուսումնամեթոդական վարչության կողմից ուսումնական գործընթացը բարելավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին:

Ընթացիկ հարցերի շարքում գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց դոցենտ Սուսաննա Դավթյանի «Բիոէթիկայի ներածություն» վերնագրով մենագրությունը:

Համալսարանի գիտական խորհուրդը, լսելով և քննարկելով ուսումնա­մե­թո­դա­կան վարչության պետ, պրոֆեսոր Ա.Ս. Տեր-Մարկոսյանի «2011-2012 ուսումնական տարվա քննաշրջանների և նախադիպլոմային կրթության բարեփոխումների արդյունք­նե­րը» թեմայով զեկուցումը, որոշեց`

  1. 2011-2012 ուսումնական տարվա հաշվետու ժամանակաշրջանում ուսումնամեթոդական վարչության աշխատանքային գործունեությունը գնահատել բավարար:
  2. I կուրսի ինտեգրված ուսուցման և II կուրսի բակալավրատի առարկայական ծրագրերով իրականացվող բոլոր քննություններն անցկացնել համակարգչային ձևով:
  3. Հանձնարարել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ս.Ա. Ավետիսյանին, ուսումնամեթոդական վարչության պետ պրոֆեսոր Ա.Ս. Տեր-Մարկոսյանին, ֆակուլտետների դեկաններին, ցիկլային մեթոդական հանձնաժողով­ների նախա­գահներին և ամբիոնների վարիչներին`

3.1 մշակել և մինչև 2013թ.-ի ապրիլի 1-ը ավարտել բակալավրիատի II կուրսի բոլոր ֆակուլտետների քննական առարկաների ամառային քննաշրջանի թեստային բանկի ստեղծումը,

3.2 մինչև 2013թ.-ի մայիսի 1-ը, ինֆորմացիոն հաղորդակցության և տեխնոլոգիաների բաժնի հետ համատեղ, ավարտել բակալավրիատի II կուրսի քննական առարկաների ամառային քննաշրջանի թեստերի համակարգչային մուտքրագրումը,

3.3. շարունակել գործնական հմտությունների կենտրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

4. Հանձնարարել ինֆորմացիոն հաղորդակցության և տեխնոլոգիաների բաժնին`

4.1 2013թ.-ի գարնանային կիսամյակի ընթացքում ավարտել «Էլեկտրոնային համալսարանի» ստեղծման աշխատանքները,

4.2. 2013թ.-ի գարնանային կիսամյակի ընթացքում ստեղծել ուսանողների 12 կրեդիտների սահմաններում ակադեմիական պարտքի «սահող» կրեդիտների հաշվարկի, ուսա­նողների «ռիսկի» խմբի գնահատման, ինչպես նաև հեռացման ենթակա ու­սանողների թվի կանխատեսման համակարգչային hատուկ ծրագիր:

5. Սույն որոշումը քննարկել համալսարանի ստորաբաժանումներում և ընդունել ի գիտություն և ի կատարումն:

6. Որոշման կատարմանն անդրադառնալ 2013թ.-ի հունիսին:

7. Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել ռեկտորի պաշտոնակատար պրոֆեսոր Մ. Զ. Նարիմանյանին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook