Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ամփոփվեցին ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողովի արդյունքները

23.11.2012

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ս/թ նոյեմբերի 15-ին մեկնարկեց տարեկան հաշվետու գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը: Մաղթելով բոլորին բեղմնավոր աշխատանք և արդյունավետ համագործակցություն` նա նշեց, որ այս գիտաժողովը համալսարանի բարի ավանդույթների շարունակությունն է:

Գիտաժողովի առաջին օրը հանձնաժողովների նախագահներ, պրոֆեսորներ Ա. Զիլֆյանը, Ս. Օրդույանը, Հ. Սիսակյանը, Գ. Բեգլարյանը, Վ. Տատինցյանը և Ա. Համբարձումյանը ներկայացրեցին ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի փորձագիտական հանձնաժողովների գործունեության հաշվետվությունները:

Ծրագրի երկրորդ մասում հաշվետու տարվա ընթացքում իրենց կողմից ղեկավարվող կառույցների ծավալած գործունեության և առաջիկայում պլանավորվող աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկան Էթիկայի կոմիտեի նախագահ պրոֆեսոր Մ. Աղաջանովը, Առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման հանձնաժողովի նախագահ պրոֆեսոր Ա. Ենգիբարյանը, Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ա. Ավետիսյանը և գիտական գործունեության համակարգման բաժնի պետ, դոցենտ Ս. Քոչարյանը:

Գիտաժողովի երկրորդ օրն անցավ առանձին նիստերով՝ ըստ ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի փորձագիտական հանձնաժողովների գործունեության ոլորտների: ԵՊԲՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վիրաբուժական հիվանդություններ», «Ներքին հիվանդություններ», «Ստոմատոլոգիա, ԼՕՌ և աչքի հիվանդություններ», «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում, համաճարակաբանություն, հիգիենա» փորձագիտական հանձնաժողովների առանձնացված նիստը` հանձնաժողովների նախագահներ Հ. Սիսակյանի, Ս. Օրդույանի, Վ. Տատինցյանի և Ա. Համբարձումյանի համանախագահությամբ, որի ընթացքում ներկայացվեց 14 զեկույց: Առանձին նիստերով համապատասխանաբար 10 և 8 զեկույց ներկայացվեց նաև «Տեսական բժշկություն» փորձագիտական հանձնաժողովի նախագահ Ա. Զիլֆյանի և «Մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն» փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գ. Բեգլարյանի նախագահած նիստերում:

Նշվեց, որ 2012թ.-ի դեկտեմբերի 5-ին կայանալիք ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի հերթական նիստի ժամանակ կտրվի գիտաժողովի աշխատանքների ամփոփ գնահատականը և կհատկացվեն մրցանակներ «Լավագույն գիտական զեկուցող» և «Լավագույն գիտական ամբիոն» խորհրդանշական անվանակարգերով:

 

Find us on Facebook