Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պարգևատրվեցին ռազմաբժշկական ոլորտի ներկայացուցիչները

19.11.2012

Ս/թ նոյեմբերի 17-ին լրացավ ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման 20-րդ տարեդարձը: Հոբելյանական տոնի առթիվ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով պարգևատրվեցին մի շարք բուժծառայողներ և քաղաքացիական բժիշկներ:

Հանդիսության շրջանակում տեղի ունեցավ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիների երդման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան Սամվել Գալստյանը, ռազմական բժիշկներ, բարձրաստիճան զինվորականներ և այլք:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով ներկաներին և դիմելով հայրենիքի պաշտպանի պատվաբեր ու պատասխանատու գործն ընտրած երիտասարդներին, ևս մեկ անգամ արժևորել է բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում` ընդգծելով, որ մեր բժիշկները սխրալից ճանապարհ են անցել Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ այսօր էլ ունենք կատարյալ ռազմաբժշկական ծառայություն, որը պատշաճ է իրականացնում իր առջև դրված խնդիրները:

Ներկաների համար ցուցադրվեց ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունում պատրաստված «Կյանքի և մահվան սահմանում» խորագրով տեսաֆիլմը, որն անդրադարձ է ՀՀ զինված ուժերի բուժծառայության կազմավորման ու զարգացման փուլերին, Արցախյան ազատամարտում հայ բժիշկների գործած հերոսական սխրանքներին, բուժծառայողի աշխատանքին և կերպարին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook