Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Գիտական խորհրդի հերթական նիստը

02.11.2012

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրերս կայացած գիտական խորհրդի հերթական նիստում հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր Մհեր Բիշարյանը ներկայացրեց համալսարանի հետբուհական և շարունակական կրթության առկա խնդիրները և զարգացման ուղղությունները:

Նա նշեց, որ կլինիկական օրդինատուրայի գործընթացը բարելավելու նպատակով 2012թ.-ի սեպտեմբերի 1-ից առաջարկվել են կազմակերպչական նոր մոտեցումներ: Բանախոսը տեղեկացրեց, որ կլինիկական օրդինատորների բանավոր ավարտական ատեստավորումները հետբուհական և շարունակական ֆակուլտետի դեկանատի կողմից ենթարկվել են անկախ մշտադիտարկման: «Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով նախատեսում ենք իրականացնել մի շարք կազմակերպչական բարեփոխումներ ուսման և գիտելիքների ստուգման մեթոդները շարունակաբար բարելավելու ուղղությամբ: Նախատեսվում են նաև առանձին քննարկումներ բոլոր ամբիոնների հետ` յուրաքանչյուր մասնագիտական քննության ժամանակ ի հայտ եկած թերությունները շտկելու, ինչպես նաև դրական բացահայումները նշելու և խրախուսելու համար: Նման մշտադիտարկումներ անցկացվում են նաև միջանկյալ բանավոր ատեստացիաների ընթացքում»,-ասաց նա:

Մհեր Բիշարյանը տեղեկացրեց, որ բարեփոխումներ են նախատեսված նաև շարունակական բժշկական կրթության որակի ապահովման գործում: Կատարելագործման դասընթացների մասնակիցների համար հնարավորություններ են ստեղծվում օգտվելու համալսարանի գրադարանից և միջազգային բժշկական կայքերից: Ամբիոնների վարիչների կողմից հստակեցված և վավերացված են կատարելագործվողների գիտելիքների ու հմտությունների գնահատման ձևերն ու մեթոդները, որոնք, հիմնականում, նախօրոք քննարկվել են ամբիոնի նիստում և ներկայացվել ֆակուլտետի ղեկավարությանը: Կատարելագործվողների և մասնագիտացողների ստացած գիտելիքները և ձեռք բերած հմտությունները գնահատելու նպատակով անցկացվում է ավարտական ատեստավորում: Ուսուցման մակարդակը բարելավելու համար ամբիոնների վարիչները հանձնարարություն են ստացել կատարելագործման դասընթացների ավարտին հաշվետվություն ներկայացնել դասախոսների ծանրաբեռնվածության վերաբերյալ:

Նա հավելեց, որ գիտակցելով հետդիպլոմային բժշկական կրթության որակի կարևորությունը` բուհում սկսված լուրջ բարեփոխումները միտված են խորացնելու բժիշկների, դեղագետների, միջին բուժանձնակազմի և դեղագործների մասնագիտական գիտելիքները, նրանց ծանոթացնելու բժշկագիտության նոր նվաճումներին, նպաստելու հանրապետության բնակչության բժշկական սպասարկման բարելավմանն ու անվտանգության ապահովմանը, բժշկական սխալների քանակի նվազեցմանը, ինչպես նաև բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում անհիմն ծախսերի կրճատմանը:

Ուսումնամեթոդական վարչության պետի տեղակալ Արամ Բայկովը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների բակալավրիատ-մագիստրատուրա ինտեգրված ծրագրերի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսումնական պլանները: Նա նշեց, որ այդ պլանների կազմման համար հիմք են ծառայել ցիկլային մեթոդական հանձնաժողովների և այլ շահագրգիռ օղակների առաջարկ-որոշումները: Արամ Բայկովը տեղեկացրեց, որ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսումնական պլաններում ընդամենը կատարվել է կրեդիտների վերադասավորում, հիմնական փոփխությունները կատարվել են դեղագիտական ֆակուլտետի ուսումնական պլանում, որոնք կնպաստեն այս ոլորտում լավ մասնագետների պատրաստմանը և աշխատաշուկայում նրանց ներգրավմանը:

Ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց բանավոր քննությունների անցկացման կանոնակարգը: Նա նշեց, որ խոսքը մագիստրատուրայի մասնագիտական առարկաների քննությունների մասին է. ամբողջ տարվա ընթացքում ուսանողը առարկայից ծրագրով նախատեսված բոլոր հարցումները հանձնում է գրավոր, որոնք կանցկացվեն համակարգչային տարբերակով, և դրանցից կձևավորվի տարեկան գնահատականը: Առարկայից վերջնական գնահատականը կձևավորվի տարեկան գնահատականի և բանավոր քննության գնահատականի թվաբանական միջինն ամբողջացնելով:

Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացվեցին նաև գիտխորհրդի կանոնակարգի փոփոխությունները և լրացումները: Կատարված փոփոխությունների արդյունքում «Հերացի» ավագ դպրոցի տնօրենը դարձավ գիտխորհրդի անդամ:

Գիտխորհրդի նիստի օրակարգում նաև ընտրություններ էին: Փակ գաղտնի քվեարկությամբ արյունաբանության ամբիոնի վարիչ Սմբատ Սարգսի Դաղբաշյանին, հոգեբուժության ամբիոնի վարիչ Արմեն Էդուարդի Մելիք-Փաշայանին, թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զավեն Վալերիի Եսայանին շնորհվեց պրոֆեսորի գիտական կոչում:

Համալսարանի գիտական խորհուրդը, լսելով և քննարկելով հետ­բու­հա­կան և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Մ.Ս. Բիշարյանի «Հա­մալսարանի հետբուհական և շա­րունակական կրթության առկա խնդիր­ները և զարգացման ուղղությունները», ուսումնամեթոդական վար­չու­թյան պետի տե­ղակալ Ա.Վ. Բայկովի «Ընդհանուր բժշկության, ստոմա­տո­լոգիա­կան, դեղագիտական ֆա­կուլ­տետների բակա­լավ­րիատ-մա­գիստրա­­տուրա ինտե­գրված ծրագրերի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսումնական պլանները» և ռեկտորի պաշտոնակատար Ս.Ա. Ավե­տիս­յանի «Բանավոր քննություններ անցկացնելու կանո­նա­կարգը» թեմա­ներով զեկու­ցումները, որոշեց`

  1. Համալսարանի հետբուհական և շարունակական կրթու­թյան աշխա­տանք­­­ները գնահատել բավարար:
  2. Հանձնարարել հետ­բու­հա­կան և շարունակական կրթության գծով պրո­ռեկտոր Մ.Ս. Բիշարյանին աջակցել ՀՀ ԿԳ նախարա­րությանը շարու­նակական բժշկական կրթու­թյան կրե­դիտների կու­տա­կային համակարգի մշակման գործընթացում:
  3. Ինտեգրված ուսուցման` 4+2 և 4+1 մոդելը կիրառելուց հետո կլի­նի­կա­կան օրդինա­տուրայի 1-ին կուրսում իրակա­նաց­նել 1 տարի տևողությամբ ընդ­հա­նուր ու­սու­ցում, որից հետո անցնել նեղ մասնագիտական ու­սուց­ման: Որոշ­ման կատարմանն անդրա­դառնալ 2013թ.-ի մայիսին` ամբիոն­նե­րի կողմից գրավոր կարծիքներ ստանալուց հետո:
  4. Մշակել և ռոտացիոն սկզբուն­քով կազմակերպել նույն մաս­նա­գի­տու­թյամբ տարբեր ամ­բիոնների կողմից կլինիկական օրդի­նա­տորների հա­մար իրականացվող դասըն­թացների, գործնական ունակությունների և դասախոսությունների կարգը:
  5. Հաս­­տատել ինտեգրված ուսուցման համակարգի երկ­րորդ և երրորդ կուր­­­սերի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆա­կուլ­տետ­նե­րի ուսումնական պլան­ները:
  6. 2012-2013 ուսումնական տարվանից մագիստրատուրայի առաջին կուր­սի ամառային քննաշրջանում հիմնական մասնագիտական առար­կա­նե­րի քննությունն անցկացնել բանավոր (3 հարց և 1 իրադրային խնդիր):

6.1. Հանձնարարել ուսումնական աշխատանքների գծով պրո­ռեկ­տո­րին, ցիկ­լային մեթոդական հանձնաժողովների նախագահներին, դեկան­նե­րին, ամ­բիոնների վարիչներին մինչև 2013թ.-ի ապրիլի 1-ը կազմել և ֆակուլ­տե­տային խորհուրդների հաստատմանը ներկայացնել հիմնական մասնա­գի­տական առարկաների բանավոր քննությունների տոմսերը:

6.2. Մինչև 2013թ. մայիսի 1-ը ուսումնական աշխատանքների գծով պրոռեկ­տո­րի հաս­տատմանը ներկայացնել հիմնական մասնա­գիտական առար­կա­ների բա­նա­վոր քննությունների տոմսերը:

7. Ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների ամփո­փիչ ատեստավորման քննությունների բանավոր բաղա­դրիչի հարցա­թերթում 4 հարցի փոխարեն ընդգրկել 2 հարց և 1 իրադրային խնդիր, իսկ դեղագիտական ֆակուլտետում` 3 հարց:

7.1. Հանձնարարել ուսումնական աշխատանքների գծով պրո­ռեկ­տո­րին, ցիկ­լային մեթոդական հանձնաժողովների նախագահներին, դեկան­նե­րին, ամբիոնների վարիչներին մինչև 2013թ. մայիսի 1-ը կազմել և ֆա­կու­լ­տետային խորհուրդների հաստատմանը ներկա­յացնել ամփոփիչ ատես­տա­վորման քննության բա­նա­վոր բաղա­դրիչի քննական տոմսերը:

7.2. Մինչև 2013թ. մայիսի 20-ը ուսումնական աշխատանքների գծով պրոռեկ­տորի հաստատմանը ներկայացնել ամփոփիչ ատեստավորման քննու­թյունների բանա­վոր բաղա­դրիչի տոմսերը:

8. Հաստատել բանավոր քննություններ անցկացնելու կանոնակարգը:

9. Հաստատել գիտական խորհրդի կանոնակարգի փոփոխությունները և լրացումները:

10. Սմբատ Դաղբաշյանին, Արմեն Մելիք-Փա­­շայանին և Զավեն Եսայանին շնորհել պրոֆեսորի գիտական կոչում և ներկայացնել ՀՀ ԲՈՀ-ի հաստատմանը:

11. Սույն որոշման կատարմանն անդրադառնալ 2013թ.-ի մայիսին:

12. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել ռեկ­տորի պաշտոնակա­տար բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Ա. Ավետիսյանին:
 

Find us on Facebook