Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեծարվեց ականավոր բժիշկն ու մեծ բարերարը

09.10.2012

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի և Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի օրերս կայացած համատեղ հադիսավոր նիստը նվիրված էր ամերիկահայ պրոֆեսոր-ուրոլոգ Կարո Դերձակյանի գիտաբժշկական, մանկավարժական գործունեության 25-ամյակին:

ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանի ողջույնի խոսքից հետո Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հրապարակեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության և գնահատանքի գիրը` ուղղված ականավոր բժշկի և մեծ բարերարի գիտաբժշկական գործունեությանը:

Կարո Դերձակյանը հայ բժիշկների հետ սկսել է համագործակցել 1987թ.-ից: Նրա ջանքերով Հայաստանում հիմնադրվել է Ուրոլոգիայի հայկական ընկերությունը, նրա շնորհիվ շատ հայ մասնագետներ կարողացել են վերապատրաստվել ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում: Կարո Դերձակյանը մեծ ներդրում ունի հայրենի երկրի հիվանդանոցներին արդիական նոր սարքավորումներով վերազինելու առաքելության մեջ:

«Ուրախ եմ, որ կրկին հայրենիքում եք: Դուք օգնել եք գրեթե բոլոր բժշկական կենտրոններին, և բոլորն այստեղ ձեզ շատ են սիրում: Ես ղեկավարում եմ այն բուժհիմնարկը, որտեղ դուք սկսել եք ձեր գործունեությունը և առաքելությունը: Մենք բարելավել ենք ուրոլոգիայի ձեր ստեղծած բաժանմունքը և շատ ուրախ կլինեինք, եթե հյուր գայիք մեզ»,-ասաց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը:

Կարո Դերձակյանին ողջունեցին նաև Փառապանծ ազատամարտիկների միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը, ՀՀ Կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանը, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախկին ղեկավար Արթուր Նավասարդյանը, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Արմեն Մուրադյանը:

Գնդապետ Գրիշա Սարգսյանը նշեց, որ Կարո Դերձակյանն իր ժողովրդի կողքին է եղել հայրենիքի համար ամենաօրհասական պահերին: Հայրենիքին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար նա միության կողմից բարերարին պարգևատրեց «Փառապանծ մարտիկներ» մեդալով:

Մխիթար Մնացականյանը, Կարմիր խաչի կողմից հուշանվեր հանձնելով Կարո Դերձակյանին, ասաց. «Դուք ապացուցել եք, որ կյանքում ամենակարևորը մարդ լինելու ունակությունն է, և ինքներդ էլ մարդասիրության վառ օրինակ եք»:

Արթուր Նավասարդյանը ականավոր բժշկին և մեծ բարերարին շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց անունից, ում կյանքը փրկել և իրենց ընտանիքներին է վերադարձրել: Նա տեղեկացրեց, որ տնտեսական ծանր ժամանակներում 14 տարի շարունակ Կարո Դերձակյանը սեփական միջոցներով ֆինանսավորել է Մուշեղ Իշխանի անունը կրող դպրոցի մանկավարժներին:

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ Կարո Դերձակյանի հասարակական գործունեությանը։ Նա նշեց, որ երկրի սահմանամերձ վտանգավոր շրջաններում մարդկանց պահելու միակ միջոցը լավ բուժծառայության և լավ դպրոցի գոյության ապահովումն է, ինչով էլ բոլոր այս տարիներին զբաղվել է մեծ բարերարը: «Ուզում եմ ընդգծել, որ Կարոն նաև հրաշալի ընկեր է, և մենք բոլորս պետք է հպարտանանք մեր կողքին նման մարդու ներկայությամբ և շնորհակալ լինենք նրան ամեն ինչի համար»,-խոսքը եզրափակեց Վահան Հովհաննիսյանը:

«Խորին շնորհակալություն եմ հայտնում Կարո և Սիլվի Դերձակյաններին, որ նրանց օգնությամբ և անմիջական մասնակցությամբ փրկվել են բազմաթիվ մարդիկ: Կարո Դերձակյանի բարեգործությունները չեն սահմափակվում միայն ուրոլոգիայի ոլորտով»-ասաց Արմեն Մուրադյանը` Հայկական ուրոլագիական ասոցիացիայի կողմից Կարո Դերձակյանին նվիրելով Հիպոկրատի երդումով մագաղաթ:

ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը հուզմունքով հիշեցրեց, որ 1987-ի գարնանը Հայաստան կատարած այցի ընթացքում Կարո Դերձակյանն իր հետ միասին, միայն առաջին 9 օրում 53 վիրահատություն է կատարել: «ԱՄՆ-ից իր հետ բերել էր վիրահատության համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու նյութերը: Միայն կես տոննա հեղուկ էր բերել։ Տեսնելով Դերձակյանի մասնագիտական աշխատանքը, զգացի, որ վիրահատության ասպարեզում շատ բան ունեմ սովորելու։ Ահա թե ինչու եմ տարիքով ինձնից երիտասարդ վիրաբույժին իմ ուսուցիչը համարել»,-ասաց նա։

ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի պատվավոր անդամ, մեծ բարերար, ականավոր բժիշկ Կարո Դերձակյանին առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, գիտաբժշկական, մանկավարժական գործունեության 25-ամյակի կապակցությամբ շնորհվեց Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Պատվո առաջին աստիճանի շքանշան»:

«Այսօր ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ ոչ թե այն բանի համար, որ տարբեր պարգևներ և նվերներ ստացա, այլ որ «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության կրթաթոշակով ուսում ստացած բժիշկս կարողացա վերադարձնել իմ «պարտքը» հայրենիքիս, ժողովրդիս` կարիքի մեջ գտնվող հատվածին որևէ կերպ օգնելով: Լինելով ցեղասպանությունից փրկված որբերի թոռ` պատանի հասակում իմ ծննդավայր Բեյրութում երազում էի տեսնել հայրենիքը։ Շատ տարիներ անց եկա հայրենիք, հանդիպեցի բարի և պարտաճանաչ մարդկանց, նրանց հետ շփումները վերածվեցին հաջող համագործակցության և բարեկամության: Ուրախ եմ, որ Հայաստանի ուրոլոգիան այսօր վայելում է իմ ժողովրդի հարգանքն ու վստահությունը, և նրա արդյունքներն ինձ հպարտություն են ներշնչում: Ես երջանիկ եմ, որ Իվան Աղաջանյանի նման ընկեր և եղբայր ունեմ, ով հաղթահարելով բազում փոփոխություններ և բարդություններ, վստահորեն առաջ տարավ ճյուղի զարգացումը Հայաստանում»,-իր հուզիչ խոսքում ասաց Կարո Դերձակյանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook