Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ծրագիրը միտված է հոգեբանական ծառայության բարելավմանը

03.10.2012

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց Fulbright ծրագրի կրթաթոշակառու Ջոն Սարոյանին:

Ջոն Սարոյանը մասնագիտությամբ հոգեբան է, ունի դոկտորի գիտական կոչում։ Նա ընտանիքների և պատանիների հետ աշխատելու մեծ փորձ ունի, եղել է արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային հոգեբանական ծառայությունների գծով տնօրեն:

Հանդիպման ընթացքում Ջոն Սարոյանը նշեց, որ Fulbright ծրագիրը թույլ կտա խորությամբ ուսումնասիրելու և հասկանալու հոգեբանական առողջության ծառայությունների համակարգը և խնդիրները` մարդկանց այս առումով հնարավորինս օգտակար լինելու համար: Նաև տեղեկացրեց, որ Fulbright ծրագրի շրջանակներում ամենաշատ հանդիպումները կազմակերպվել են ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնում: Այս անգամ ևս Fulbright ծրագրի կրթաթոշակով Ջոն Սարոյանը ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնում է:

Fulbright կրթական գրանտերի ծրագիրը, որը հիմնադրվել է 1946թ.-ին ԱՄՆ սենատոր Ջեյմս Ուիլյամ Ֆուլբրայթի կողմից, ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջոցներով` ԱՄՆ և մյուս երկրների միջև մշակութային-ակադեմիական կապերի ամրապնդման նպատակով և ապահովում է ուսանողների, գիտնականների, դասախոսների, մասնագետների միջազգային կրթական փոխանակումները:

Սամվել Ավետիսյանը նկատեց, որ փոփոխվող հասարակության մեջ հայ ընտանիքների արժեհամակարգը նույնպես փոխվում է կարևորեց հոգեբանության մեջ այդ ուղղությամբ հետագա ուսումնասիրությունների անցկացումը: Նա նշեց, որ համալսարանը կարևորում է ինչպես կրթական և գիտական, այնպես էլ կլինիկական ուղղվածություն ունեցող բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստում են միջազգային առաջավոր փորձի ներդրմանը։

Երկուստեք հույս հայտնեցին, որ Fulbright ծրագրի հերթական փուլը ևս արդյունավետ կլինի։

 

Find us on Facebook