Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Գիտական խորհրդի հերթական նիստը

02.10.2012

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեպտեմբերի 26-ին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Նարիմանյանը ներկայացրեց համալսարանի 2010-2012թթ. գիտական գործունեության վերլուծությունը։

Նա նշեց, որ շարունակականություն պահանջող գիտական գործունեության հիմնական գործառույթները համակարգվում են Գիտակոորդինացիոն խորհրդի փորձագիտական հանձնաժողովների կողմից: Մեկ տարի առաջ Գիտակոորդինացիոն խորհրդի կազմում գործող 6 փորձագիտական հանձնաժողովներին է վերապահվել`

  • բազային ֆինանսավորմամբ իրականացվող ԵՊԲՀ գիտական ծրագրում ամբիոնների և գիտահետազոտական կենտրոնի կողմից կատարվող գիտական նախագծերի փորձաքննությունը, ծրագրում ընդգրկման ենթակա թեմաների առաջնայնության որոշումը, տարեկան նախահաշվի, օրացուցային պլանների և հաշվետվությունների հաստատումը, աշխատանքային խմբերի ձևավորումը,
  • ատենախոսությունների և հետազոտական այլ ծրագրերի կատարման ընթացիկ հաշվետվությունների փորձաքննությունը,
  • հրատարակման պատրաստված գիտական հոդվածների փորձաքննությունը,
  • ասպիրանտների և հայցորդների ընթացիկ և ավարտական ատեստավորումը,
  • գիտաշխատողների կրեդիտավորումը և 2013 թվականից տարեկան ատեստավորումը,
  • ամբիոնական գիտական թեմաների և պլանների փորձաքննությունը,
  • գիտակազմակերպչական գործունեության ծրագրային դրույթների, գիտական բաժնի տարեկան աշխատանքային պլանի և հաշվետվության փորձաքննությունը:

Այս նոր ձևաչափը Գիտակոորդինացիոն խորհրդին որակապես նոր հարթություն է տեղափոխել թե՛ փորձաքննության ծավալների և որակի, թե՛ գիտական աշխատանքի նկատմամբ պատասախանատվության հարցում:

Պրոռեկտորը նշեց, որ արտասահմանյան գրանտային ծրագրերի իրականացման արդյունքնում ի հայտ է գալիս մասնագետների մի նոր` հետազոտողների խումբ: Նա տեսակետ հայտնեց, որ ԵՊԲՀ-ն գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ ունենալու դեպքում մասնագետներն իրենց գիտական աշխատանքներով արդյունավետորեն կնպաստեն գործնական առողջապահության զարգացմանը:

Միքայել Նարիմանյանը նաև զեկուցեց, որ մշակվել է հրատարակման ենթակա գիտական հոդվածների և ատենախոսությունների փորձաքննության իրականացման ձևաչափը, որով փորձ է արվել հեղինակի կողմից ծավալած գիտական գործունեությունը վերածել հաշվարկելի միավորների՝ կրեդիտավորման: Ներկայացնելով նորամուծությունը` «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգը», նա մանրամասնեց համալսարանում գիտական կադրերի (ասպիրանտներ, հայցորդներ) պատրաստման և որակավորման նոր` հետազոտողի համակարգի ներդրման կրթական և հետազոտական բաղադրամասերը, կրեդիտների չափաբաժինները և կառուցվածքը: Բանախոսը տեղեկացրեց, որ հետազոտողի եռամյա ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որից 20-30%-ը կազմում է կրթական, իսկ 70-80%-ը` հետազոտական բաղկացուցիչը: Դրանով պայմանավորված` գիտական մասը կազմվել է աշնանային և գարնանային քննաշրջաններին համապատասխան դասատախտակ, որը ներառում է մասնագիտական կրթական և ընդհանուր կրթական բաղկացուցիչներ:

Ի դեպ, դեռ ապրիլին այս հարցը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքում բարձրագույն կրթության զարգացման հեռանկարներին և քաղաքականությանը նվիրված միջազգային գիտաժողովում:

«Մեր զեկույցը մեծ ուշադրության է արժանացել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և մասնակից այլ երկրներից ներկա մեր գործընկերների կողմից: Նաև համագործակցության պայմանագիր է կնքվել մեր համալսարանի և Կուրսկի պետական բժշկական համալսարանի միջև:

Ծրագրի հետազոտական կառուցամասը կազմում է 130 կրեդիտ և ներառում է հետևյալ բաղադրիչները՝ մասնակցություն գիտական սեմինարներին և աշխատաժողովներին, ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք և թեկնածուական ատենախոսության պատրաստում»,-տեղեկացրեց պրոֆեսորը` ներկայացնելով ասպիրանտին (հայցորդին) հետազոտողի որակավորման աստիճան (դիպլոմ) շնորհելու և ատենախոսությունը պաշտպանության երաշխավորելու, ինչպես նաև հետազոտողի որակավորման աստիճան (դիպլոմ) շնորհվելու նախատեսվող կարգը:

Այս փուլերն անցնելուց հետո միայն հայցորդը կարող է ատենախոսությունը ներկայացնել պաշտպանության։

Գիտական բաժինը համապատասխան ամբիոնի հետ մեկտեղ քննարկում է հետազոտողի ավարտական ատեստավորման փաստաթղթերը, ատենախոսական աշխատանքի կատարման փաստացի տվյալներն ու վիճակը, որակավորման հանձնաժողովին ներկայացնում տեղեկատվություն և եզրակացություն հետազոտողի պատրաստման ծրագրի կատարողականի վերաբերյալ: Որակավորման հանձնաժողովը համապատասխան պահանջների բավարարման և հետազոտողի ելույթի գնահատման հիման վրա ԵՊԲՀ ռեկտորի հրամանով կայացնում է որոշում։

«Նոր հայկական բժշկական հանդես» ամսագրի գլխավոր խմբագիր Արտո Զիլֆյանը նշեց, որ համալսարանի գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը մշտապես գտնվում է գիտակոորդինացիոն խորհրդի ուշադրության կենտրոնում: Նա նաև հանդես եկավ «Նոր հայկական բժշկական հանդես» ամսագրի 2007-2012թթ.-ի գործունեության համառոտ հաշվետվությամբ:

Այնուհետև ուսումնամեթոդական վարչության պետ Մարինե Հայրապետյանը գիտխորհրդի մասնակիցների քննարկմանը և հաստատմանը ներկայացրեց ուսումնամեթոդական վարչության կանոնակարգը` ներկայացնելով ընդհանուր դրույթները, վարչության գործառույթները և կառուցվածքը: Համաձայն ներկայացվող նախագծի` կրթական ծրագրերի, պրակտիկայի, ուսումնակազմակերպման, դասախոսների որակավորման բարձրացման, ինչպես նաև` օտարերկրացիների նախապատրաստական բաժինները ուսումնամեթոդական վարչության կառուցվածքային և կազմակերպական ենթակայություն կունենան:

Անդրադառնալով դասախոսների որակավորման բարձրացման բաժնի գործառույթներին, ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանն ասաց.

«Այս բաժինը ուսումնամեթոդական վարչության կազմում պետք է զբաղվի դասախոսների պատրաստման և վերապատրաստման գործով: Մեծ աշխատանք է տարվելու հատկապես երիտասարդ մասնագետների հետ: Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կողմից վերապատրաստման ուղարկված մասնագետների առջև խիստ պայման է դրվելու, որպեսզի վերապատրաստումից վերադառնալուց հետո պարտադիր մի քանի տարի համալսարանում աշխատեն:

Ֆակուլտետները կգտնվեն ուսումնամեթոդական վարչության կազմակերպական ենթակայության տակ, որը, սակայն, ոչ մի կերպ չի նսեմացնի դեկանների գործառույթներն ու իրավունքները»։

Այնուհետև ռեկտորի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ առաջին հերթին կբարձրացվեն այն ամբիոնների լաբորանտների և պրեպարատորների աշխատավարձերը, որոնցում ընտրությունն արդեն կայացել է: Հետագայում կվերանայվեն նաև դեկանների, պրոռեկտորների և ռեկտորի աշխատավարձերը:

Համալսարանի գիտական խորհուրդը, լսելով և քննարկելով գիտական աշխատանք­նե­րի գծով պրոռեկտոր բ.գ.դ., պրոֆ. Մ.Զ. Նարիմանյանի «Համալսարանի 2010-2012թթ. գի­տական գոր­ծու­նեության վերլուծություն» և ուսումնամեթոդական վարչու­թյան պետ Մ.Գ. Հայ­րա­պետ­յանի «Ու­սում­­նամեթոդական վարչության կանոնակարգ» թեմաներով զե­կու­ցումները, որոշեց.

  1. Համալսարանի գիտական աշխատանքները գնահատել բավարար:
  2. Հանձնարարել ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մ.Նա­րի­մանյանին ներկայացնել՝

2.1. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հետազոտական համալսարանի կարգավիճակ ստա­նա­լու անհրա­­ժեշտ նախապայմանները և գործողությունների ժամանա­կա­ցույցը,

1.2. առաջնային գիտական ուղղություններով հետազոտական խմբեր ձևավորելու վերաբեր­յալ նա­խագիծ,

2.3. ԵՊԲՀ կլինիկաներում համալսարանի պրոֆեսորների կողմից խորհրդատվական գոր­­­ծու­նեու­թյուն կազմակերպելու նախագիծ,

2.4. գործնական առողջապահության մեջ ատենախոսությունների գիտական արդյունքների ար­ժե­քը գնահատելու ձևաչափ,

2.5. այլ հիմնարկներից դիմող հայցորդների համար`

ա) որակավորման քննության վճարի չափը ընդհանուր կրթական առարկաներից (օտար լեզու, փի­լի­սոփայություն, ինֆորմատիկա) յուրաքանչյուրի համար սահմա­նել 20.000, իսկ մասնա­գի­տա­կան առարկաների համար՝ 30.000 դրամ,

բ) հայցորդության համակարգում վարձավճարների չափը սահմանել հեռակա ասպիրան­տու­րա­յում սովորողների համար ԵՊԲՀ սահմանած չափաբաժնին հավա­սար`ատենա­խո­սու­թյուն­նե­րի պլան-անոտացիայի քննարկման և հաստատ­ման, ո­րա­կավորման, հետազոտողի համա­կար­գում ամրագրման, հայցոր­դության հրա­մա­նագրման, ըն­թա­ցիկ և ավարտական փորձա­քննության և հետա­զոտողի վերջնական ատես­տա­վոր­ման համար տարեկան՝ ՀՀ քաղաքացիների դեպքում՝ 550 հազար, իսկ օտարերկրացիների դեպքում՝ 2 մլն 400 հազար դրամ վճար:

3. Հաստատել ուսումնամեթոդական վարչության կանոնակարգը:

4. Գիտական խորհրդի 9.07.2012թ. թիվ 8 որոշման 1-ին և 3-րդ կետերի համաձայն՝ համալ­սա­­­րանի ամբիոններին և ցիկլային մեթոդական հանձնաժողովներին տրված հանձ­­նա­­րա­րա­կան­­ների վերաբերյալ կարծիքների և առաջարկությունների ներկայացման ժամկետը չպահ­պանելու կամ ընդհանրապես չներկայացնելու պատճառով հիշ­յալ որոշման կա­տար­­մանն անդրադառնալ ս/թ հոկտեմբերի 31-ի գիտական խորհրդի հերթական նիս­տում:
5. Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել ռեկտորի պաշտոնակատար Ս.Ավետիսյանին և երկրորդ հարցին անդրադառնալ մեկ տարի հետո:
 

Find us on Facebook