Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Կլինի արդյունավետ փոխհամագործակցություն

24.09.2012

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը վերջերս Թբիլիսիում մասնակցել է Ամերիկա-ավստրիական հիմնադրամի, Ավստրիայի բաց բժշկական ինստիտուտի և Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի հովանու ներքո «Բժշկական կրթությունը հարավկովկասյան երկրներում» խորագրով սիմպոզիումին:

Այս առթիվ խնդրեցինք ԵՊԲՀ պատվիրակության անդամ, համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. Միքայել Նարիմանյանին ներկայացնել իր տպավորություններն այդ սիմպոզիումից:

-Սիմպոզիումն ուղղված էր բժշկական կրթության տարբեր փուլերում դասավանդման առանձնահատկություններին: Շատ հետաքրքիր էր Ֆիլադելֆիայի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Ստեֆան Լյուդվիգի «Լավ դասախոս» զեկուցումը։ Նա տալիս էր «ինչպիսի՞ն պետք է լինի լավ դասախոսը», «ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի այն մարդը, ով կլինիկական մասնագիտություններ է դասավանդում» հարցերի պատասխանները: Զեկուցման մեջ խոսվեց դասավանդման ընթացքում կիրառվող հետաքրքիր մի մեթոդի` «դերային խաղերի» մասին: Այս մեթոդով դասավանդման ընթացքում, բացի սիմուլյատորներից, մուլյաժներից ու ֆանտոմներից օգտագործվում է նաև մարդկային գործոնը: Այսինքն` մարդիկ «խաղում են» հիվանդության զարգացումը, սրացումը, ողջ ընթացքը: Երբեմն հիվանդությունը ներկայացվում է առանց կարևոր ախտանիշների, և ուսանողը ինքը պետք է գտնի բացակայող ախտանիշները սիմուլյացիոն այդ գործընթացում: Շատ էր քննարկվում մենտրի` այն մարդու դերը, ով ամբողջ կյանքի ընթացքում կարող է դիտվել որպես կլինիկական դասընթացների ղեկավար:

-Սիմպոզիումի նպատակներից մեկն էլ, արդյո՞ք, անդրկովկասյան երեք հանրապետությունների բժշկական կադրեր պատրաստող բուհերի, գիտնականների համագործակցության ապահովումը չէր:

-Այդպիսի միտում, իհարկե, կա, սակայն մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով` դա կլինի փուլային գործընթաց: Կարևոր է, որ մենք բոլորս հնարավորություն ունեցանք ներկայացնելու մեր բուհերում իրականացվող կրթական գործընթացները և դրանց հիման վրա ուրվագծելու համագործակցության նոր հեռանկարներ, նոր կապեր, ինչի ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է:

Կուզեի մեր շնորհակալությունը հայտնել սիմպոզիումի նախաձեռնողներին և կազմակերպիչներին և ընդգծել, որ այն շատ արդյունավետ էր: Մեր վրացի բարեկամները կիսվեցին իրենց դասավանդման մեթոդներով, ներկայացրեցին, թե ինչպես են ներդնում ընդհանուր եվրոպական չափանիշներով ОSCE քննությունը, որը գործնական ունակությունների գնահատման լավագույն մեթոդ է համարվում: Նրանք մեզ ծանոթացրեցին նաև իրենց կլինիկաների հետ, որոնք առանձնանում են ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը համալսարանական կլինիկաներ չունի: Ամբիոնները տեղակայված են հիվանդանոցներում և կլինիկաներում, ինչպես մեզ մոտ մի քանի տարի առաջ: Նրանք նշեցին, որ համալսարանական կլինիկա ունենալը մեծ առավելություն է, և այս առումով մենք մի շատ կարևոր քայլով իրենցից առաջ ենք անցել:

Մեր պատվիրակության ղեկավարը` ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը և Թբիլիսիի բժշկական համալսարանի ռեկտոր Զորաբ Բադաչկորիան այդ օրերին մի քանի հանդիպումներ են ունեցել և քննարկել են հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորությունները:

Կարող եմ ասել, որ Հայաստանի և Վրաստանի բուհերի կրթական և գիտական ոլորտներում համագործակցության եզրերն ուրվագծված են։ Մենք կարող ենք գտնել երկուստեք հետաքրքրող այն խնդիրները, որոնց լուծման գործընթացում մեր համագործակցությունն արդյունավետ կլինի: Կարող ենք ստեղծել հետազոտական խմբեր, որոնց գործունեությունը շարունակական կլինի, ինչպես նաև կկարողանանք իրականացնել փորձի և հնարավորությունների փոխանակում: Ես կարծում եմ, որ այդ խնդիրների լուծումները պետք է հիմնվեն բազային և կլինիկական կրթությունների իրական ինտեգրման վրա:

Ի դեպ, վրացական կողմն իր երախտագիտությունը հայտնեց ամառային դպրոցի ընթացքում ապահովված բարձր մակարդակի կազմակերպվածության, ինչպես նաև մեզ մոտ հյուրընկալված վրացի ուսանողների հանդեպ թե՛ համալսարանի ղեկավարության, և թե՛ ուսանողների կողմից ջերմ վերաբերմունքի համար, ինչի կապակցությամբ ստացվել են շնորհակալական նամակներ :

-Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների առնչությունների մասին:

-Սիպոզիումն անցավ գործնական մթնոլորտում, լսվեցին երկու կողմերի զեկուցումները, կարծիքներ փոխանակվեցին:

- Ձեր կարծիքով Ամերիկա-ավստրիական հիմնադրամն ինչո՞ւ է շահագրգիռ Հարավային Կովկասում կրթական և գիտական ոլորտներում կապերի մերձեցման հարցում:

- Կարող եմ ասել, որ նրանք շահագրգռված են դասավանդման իրենց մեթոդաբանությունը ներդնելու և մեր երկրների կրթական ոլորտում սեփական փորձը տարածելու գործում: Նպատակը նաև միջազգային կապերի ամրապնդումն է, մեր հնարավորությունների ներդրումն իրենց կրթական ոլորտում, քանի որ ես կարծում եմ, որ նրանք ճիշտ են գնահատում մեր մտավոր ներուժը: Ելնելով այս ամենից` կարող ենք վստահ ասել, որ մեր համագործակցությունն ունի փոխադարձ օգտակարություն և արդյունավետություն:

-Իսկ այս սիմպոզիումն ինչո՞վ է առնչվում զալցբուրգյան սեմինարների հետ:

- Շատ անմիջական կապերով, քանի որ հենց Ամերիկա-ավստրիական հիմնադրամն է նաև այդ սեմինարների նախաձեռնողը և կազմակերպիչը: Եվ հատկանշական է, որ պրոֆեսոր Վոլֆգանգ Աուլիցկու զեկուցման հիմքում զալցբուրգյան սեմինարներին մասնակցության ակտիվությունն էր, որում մեր համալսարանն առաջատար էր: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանին 2009 թվականին Ավստրիայի Շլոսս Արենբերգ պատմական դղյակի հրդեհից հետո դղյակի վերականգնման համար կազմակերպված բարեգործական միջոցառումների ընթացքում մեծ ֆինանսական հանգանակության համար և նշեց, որ ի նշան երախտագիտության` այդ դղյակի մեկ հարկաբաժինն անվանվել է «Հայաստան»:

-Ուրիշ ի՞նչ տպավորություններով կարող եք կիսվել։

-Մեր պատվիրակության համար մեծ հետաքրքրություն առաջացրեց Վրաստանում մարզային առողջապահության նկատմամբ վերաբերմունքը: Նրանք օգտագործում են շատ հետաքրքիր մոդել` ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր միջոցներով հիվանդանոց կառուցել։ Տվյալ մարզի բնակչությունը 3 տարի ապահովագրվում է տվյալ ընկերությունում, այսինքն` հետագայում ապահովագրական ընկերությունն իր կառուցած հիվանդանոցն աշխատեցնում է որպես սեփական:

Եվս մեկ առավելություն` նրանք մեծ նշանակություն են տալիս մուլյաժների, ֆանտոմների, սիմուլյատորների վրա գործնական հմտությունների ձեռքբերմանը և բավականին լավ հագեցած սիմուլյացիոն կենտրոն ունեին: OSCE քննության ներդրումը նրանց բժշկական կրթական համակարգում խոսում է այն մասին, որ նրանք այս ասպարեզում նշանակալի հաջողությունների են հասել:

Մենք մեր առջև խնդիր ենք դրել ետ չմնալ վրացի գործընկերներից։

 

Find us on Facebook