Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նախանշվում են համագործակցության նոր հեռանկարներ

19.09.2012

Ռեկտորատի նիստ

Սեպտեմբերի 18-ին կայացած ռեկտորատի հերթական նիստի ժամանակ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը շնորհավորեց նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ-ի կյանքում մեծ ներդրում և ավանդ ունեցող պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանին 70-ամյակի կապակցությամբ և թանկարժեք ժամացույց նվիրեց:

Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նվերներով պարգևատրվեցին պրոռեկտորներ Միքայել Նարիմանյանը, Երվանդ Սահակյանը, Մհեր Բիշարյանը, գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը, ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար Լարիսա Ավետիսյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Մարինե Հայրապետյանը, իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանը, հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը, դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան Արմեն Համբարձումյանը, օտարերկրացիների ուսուցման դեկան Աննա Սարգսյանը, գործերի կառավարիչ Սամվել Բարոյանը և ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը:

Ռեկտորատն այնուհետև քննարկեց և հաստատեց գնահատման կարգի վերաբերյալ շրջաբերականը։ Իրավաբանական բաժնի պետ Մ. Սողոմոնյանը ռեկտորատի մասնակիցների քննարկմանը ներկայացրեց ինտերնատուրայի և օտարերկրացիների ուսուցման դեկանատում ՌԴ քաղաքացիությամբ ուսանողների նոր պայմանագրերի նախագծերը։

Ամերիկա-ավստրիական հիմնադրամի, Ավստրիայի բաց բժշկական ինստիտուտի և Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի հովանու ներքո «Բժշկական կրթությունը հարավկովկասյան երկրներում» խորագրով Թբիլիսիում կայացած սիմպոզիումին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնակցության մասին զեկուցումով հանդես եկավ պատվիրակության անդամ, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ե. Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ սիմպոզիումում Ֆիլադելֆիայի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Ստեֆան Լյուդվիգը հանդես է եկել «Բժշկական կրթության ռազմավարությունը», «Լավ դասախոս», «Սիմուլյացիոն մեթոդները դասավանդման ստանդարտների շարքում», «Կլինիկական առարկաների ուսուցման մեջ ղեկավարի դերը», «Անհետաձգելի մանկաբուժություն» թեմաներով:

Իսկ Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող-ղեկավար Վոլֆգանգ Աուլիցկին, ներկայացնելով զալցբուրգյան սեմինարների գործընթացը, անդրադարձել է հեռանկարային ծրագրերին:

Զեկուցումներով հանդես են եկել նաև Թբիլիսիի, Երևանի և Բաքվի պետական բժշկական համալսարանների ներկայացուցիչները:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆ. Մ. Նարիմանյանը ներկայացրել է «Բժշկական կրթությունը ԵՊԲՀ-ում» թեմայով զեկուցումը` հանգամանորեն անդրադառնալով համալսարանի գործառույթներին նախադիպլոմային, հետդիպլոմային, գիտական, միջազգային համագործակցության և մյուս բնագավառներում: Բանախոսը ներկայացրել է նաև մեր համալսարանի գործունեությունը Բոլոնիայի երաշխավորությունների ներդրման, ուսումնական պլանների արդիականացման, կրթության որակի ապահովման և վերահսկման գործում, ուսանողների մասնագիտական հմտությունների ձեռքբերման և գիտելիքների ատեստավորման մեթոդները:

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը ներկայացրել է զեկուցումներ «Բժշկական կրթությունը Վրաստանում», «Ավարտական ատեստացիայի կազմակերպման առանձնահատկությունները ОSCE չափանիշներով», «Ուսուցումը գործնական հմտությունների զարգացման կենտրոնում», «Ինովացիաները բժշկական ուսուցման մեջ» թեմաներով:

Երվանդ Սահակյանը տեղեկացրեց, որ Թբիլիսիում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ 2013 թվականի ապրիլին Երևանի պետական բժշկական համալսարանում կհյուրընկալվի Ֆիլադելֆիայի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Ստեֆան Լյուդվիգը՝ ԵՊԲՀ-ի մանկաբուժական կլինիկայի և Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի միջև համագործակցության ծրագրերով:

Պրոֆեսոր Վոլֆգանգ Աուլիցկին նշել է, որ 1998 թվականից մինչև այժմ Զալցբուրգի կրթական ծրագրերին Երևանի պետական բժշկական համալսարանից և Հայաստանի այլ կլինիկաներից մասնակցել է 682 բժիշկ, դասախոս և կլինիկական օրդինատոր` կրկնակի անգամ ավելի, քան Վրաստանից և Ադրբեջանից։

Նա առաջարկել է ներկայումս գործող հուշագրի փոխարեն համագործակցության պայմանագիր ստորագրել Ավստրիայի բաց բժշկական ինստիտուտի և ԵՊԲՀ-ի միջև: Այդ նպատակով ԵՊԲՀ-ի պատվիրակությունը հրավիրվել է Ավստրիա, իսկ ինքը ցանկություն է հայտնել այցելել Երևան: Պրոֆեսոր Վոլֆգանգ Աուլիցկին պատրաստակամություն է հայտնել զալցբուրգյան ծրագրերում ներառել նաև հետազոտական աշխատանքները: Նա իր երախտագիտությունն է հայտնել Երևանի պետական բժշկական համալսարանին` 2009 թվականին Ավստրիայի Շլոսս Արենբերգ պատմական դղյակի հրդեհից հետո դղյակի վերականգնման համար կազմակերպված բարեգործական միջոցառումների ընթացքում մեծ ֆինանսական հանգանակության համար։ Նա հայտնել է, որ ի նշան երախտագիտության` այդ դղյակի մեկ հարկաբաժինն անվանվել է «Հայաստան»:

Թբիլիսիում պայմանավորվածություն է ձեռք բերվել, Եվրամիության կրթական ծրագրերին մասնակցելու պայմաններին համապատասխան, անդրկովկասյան բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կազմել «Կոնսորցիում»` TEMPUS ծրագրերին մասնակցելու հայտեր ներկայացնելու համար: Այս գործընթացը հանձնարարվել է իրականացնել երեք հանրապետությունների պետական բժշկական համալսարանների միջազգային համագործակցության պատասխանատուներին:

Երվանդ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ Թբիլիսիի բժշկական համալսարանի ռեկտորի և պատվիրակության անդամների հետ մեր պատվիրակությունը քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները: Առաջիկայում կընդլայնվի ԵՊԲՀ-ի և ԹՊԲՀ-ի միջև գործող պայմանագիրը, որում կներառվեն նաև ուսանողների, բժիշկների, դասախոսների փոխանակային, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների ծրագրեր:

Սիմպոզիումի շրջանակներում մեր պատվիրակության անդամները` ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը, պրոռեկտորներ Միքայել Նարիմանյանը և Երվանդ Սահակյանը, հանրային առողջության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ստելլա Առաքելյանը և միջազգային համագործակցության բաժնի ավագ մասնագետ Ալինա Պետրոսյանը այցելել են համալսարանական 2 կլինիկա, ինչպես նաև սիմուլյացիոն (գործնական հմտությունների) կենտրոն:

 

Find us on Facebook