Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեկնարկը` հանդիպումներով

01.09.2012

Սեպտեմբերի 1-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջին կուրսեցիներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը։

Ուսումնական տարվա առաջին օրվա ավանդական հանդիսությանը մասնակցող ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունվածների, նրանց ծնողների ու քաջալերողների թիվն այնքան մեծ էր, որ շատերն իրադարձություններին հետևում էին կանգնած կամ էլ ճեմասրահի հեռուստաէկրաններից։

«Ուրախ եմ շնորհավորել Գիտելիքի օրվա և մեր համալսարանն ընդունվելու կապակցությամբ: Դուք ընտրել եք դժվար մի մասնագիտություն, որն անմնացորդ նվիրում է պահանջելու ձեզանից: Հետևաբար առաջին կուրսեցիներին պատգամում եմ` առաջին իսկ դասից սովորեք` լարելով ձեր բոլոր ուժերը: Այլապես լավ մասնագետներ դառնալ չեք կարողանա: Եվ հիշեք, որ եթե լավ սովորեք, մեր համալսարանում անցկացրած ուսանողական տարիները հրաշքի կնմանվեն»,-դիմելով ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին, ասաց Սամվել Ավետիսյանը:

Այնուհետև ռեկտորի պաշտոնակատարը տարբեր լսարաններում հանդիպեց ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների առաջին կուրսեցիներին։

«Ուրախ ենք դիմավորել ձեզ բժշկական համալսարանում։ Առաջին փուլը հաղթահարելու համար ես ձեզ ասում եմ` կեցցեք: Բայց ձեզ երկար, դժվար և տևական ճանապարհ է սպասվում: Իմացեք, որ արժե անցնել այդ ճանապարհը, որ տանում է դեպի ձեր և ձեր ծնողների երազած շատ լավ ապագան։ Մենք ամեն ինչ կանենք ձեզ մասնագիտական բարձր գիտելիքներ տալու համար: Դուք էլ ձեր հերթին պարտավոր եք լավ սովորել և լինել կարգապահ, բարձր պահել մեր կրթօջախի անունը։ Դուք փառապանծ համալսարան եք ընդունվել, և ես համոզված եմ, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ավելացնելու են մեր համալսարանի փառքը»,-նշեց Սամվել Ավետիսյանը:

Առանձնահատուկ էր հանդիպումը ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ։

«Այս ֆակուլտետում սովորելը կրկնակի պատվաբեր է, քանի որ դուք դառնալու եք բժիշկ և սպա. երկու պարտավորեցնող կոչում: Դուք պետք է հետևեք ոչ միայն ձեր ֆիզիկական վիճակին ու արտաքին տեսքին և տիրապետեք այն ամենին, ինչը բնորոշ է հայ սպայի կերպարին, այլև` դառնաք լավ բժիշկ:

Համոզված եմ, որ սիրով և ներքին մղումով եք այս ճիշտ ուղին ընտրել: Վստահ եմ, որ դուք շատ շուտ կընտելանաք զինվորական կարգապահությանը և անմնացորդ կնվիրվեք ուսմանը։ Ռազմաբժշկականը մեր լավագույն ֆակուլտետներից է, և վստահ եմ, որ հիմա խոսում եմ ապագա գեներալների և հայտնի բժիշկների հետ: Թեև այդպիսիք ձեր մեջ լինելու են շատ սակավ, սակայն իմ խոսքը թող առողջ մրցակցության մթնոլորտ առաջացնի»,-ապագա ռազմական բժիշկներին ասաց բուհի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը:

Նա բոլոր առաջին կուրսեցիներին ծանոթացրեց բժշկական համալսարանի ղեկավար անձնակազմին:

Առաջին կուրսեցիների հետ ըստ ֆակուլտետների առանձին հանդիպումներ ունեցան նաև դեկանները, դեկանատների աշխատակիցները, ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչները, նրանց ծանոթացրեցին համալսարանի ներքին կանոնակարգին, ուսանողի իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև բժշկական համալսարանում արմատավորված ավանդույթներին։

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook