Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին

12.07.2012

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն հուլիսի 11-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր:

Նա նշեց, որ նվիրատվությունը հնարավոր է դարձել Վիեննայում, կայսերական դղյակում կազմակերպված ԵԱՀԿ բարեգործական պարահանդեսի շնորհիվ: Գլխավոր քարտուղարի կողմից ամեն տարի կազմակերպվող այս միջոցառմանն աջակցում են քարտուղարող երկիրը, ինչպես նաև ԵԱՀԿ բոլոր պատվիրակությունները, այդ թվում` Հայաստանյան։

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած օժանդակության համար` ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն ասաց.

«Ակնհայտ է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը չափազանց կարևորում է մարդկային արժեքները, մասնավորապես` մարդու կյանքն ու առողջությունը։ Դրա վկայություններից մեկն էլ արդեն ավանդույթ դարձող օժանդակությունն է այս կլինիկային, որտեղ մասնագիտացված բժշկական օգնություն են ստանում հեմատոլոգիական խնդիրներ ունեցող երեխաները: Առիթն օգտագործելով ուզում եմ տեղեկացնել, որ մեկ տարի առաջ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից այս նույն կլինիկային նվիրաբերած 5000 եվրո արժողությամբ ժամանակակից սարքավորումները` պուլոքսիմետրը, հեմոգլոբինը չափելու սարքը, ինֆուզիոն երկու պոմպը, ջրային բաղնիքի սարքը, հնարավորություն են տալիս սոլիդ ուռուցքներով ու հեմատոլոգիական պաթոլոգիայով մանուկ և մեծահասակ հիվանդների ախտորոշումն ու բուժումն ավելի արդյունավետ կազմակերպել: Նաև ուզում եմ վստահեցնել, որ այս անգամ նվիրաբերվող գումարը ևս կծառայեցվի նույն նպատակին»։

Սամվել Ավետիսյանը նաև նշեց, որ բարեգործական այս ակցիան բուժանձնակազմին պարտավորեցնում է առավել սրտացավ և ուշադիր գտնվել առողջական լուրջ խնդիրներ ունեցող իրենց հիվանդների նկատմամբ։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին շնորհակալություն հայտնելով ՀՀ առողջապահության նախարարի և նախարարության կողմից, առաջին փոխնախարար Հայկ Դարբինյանը հույս հայտնեց, որ ամենախոցելի խմբերին ուղղված աջակցությունը կշարունակվի: Նա վստահություն հայտնեց, որ այս նվիրատվությունը ևս կծառայի իր նպատակին։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն այցելեց հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա, փոքրիկ հիվանդներին առողջություն մաղթեց։ Դեսպանը նաև շեշտեց, որ նվիրատվությունը ուռուցքաբանական և հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների բուժմամբ զբաղվող հայկական կազմակերպությանն է հանձնվել այն պատճառով, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ-ն հետևել է հայկական նման կառույցների արդյունավետ գործունեությանն ու պատասխանատվությանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook